Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:00 14-07-2026

Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 2 ամսվա ընթացքում երբեմն կես կատակ, կես լուրջ ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն դուրս գաս աշխատանքից, ես էլ ասում էի՝ այդպես չեմ հեռանա, ինչ ուզում եք, արեք:

Փաշինյանի հետ Արաբկիրում վեճի բռնված կինը՝ գինեկոլոգ Արփինե Սողոյանը Oragir.News-ին պատմել է՝ ինչպես է որոշել հանդիպել Փաշինյանի հետ, ինչպես են 3-րդ փորձից նրան թույլ տվել մոտենալ վարչապետին ու ինչ հիմքով են աշխատանքից ազատման ծանուցում ուղարկել, որը, իր խոսքով, հենց իր դեմ է ուղղված:

Արփինե Սողոյանը նախ վերհիշում է քարոզարշավի այդ օրը, երբ իմացավ, որ Փաշինյանը իրենց բակում է:

«Պատահական իմացա, որ վարչապետը այցելում է մեր թաղամաս, հանդիպումը կայանալու էր մեր շենքի մոտ ու ես չէի կարող զսպել իմ ցանկությունն ու չասել իմ սրտի խոսքը:
Խորապես գիտակցել եմ՝ ուր եմ գնում ու ինչ եմ ասելու: Այլ տարբերակ չունեի. պետք է նայեի աչքերի մեջ ու ասեի՝ ինչ մտածում էի:

Ինձ այդ օրը 3 անգամ թույլ չտվեցին մոտենալ նրան, այդ ժամանակ ասացի՝ ուզում եմ մոտանել իմ վարչապետին, իմ սրտի խոսքն ասել: Մտածեցին՝ բարի նպատակով եմ ուզում մոտենալ, թույլ տվեցին:

Առաջին իսկ բառերից հասկացավ, որ նպատակներս ամենևին էլ բարի չէին. ես իրեն անվանեցի հայրենիքի գող: Բառեր կան, որոնք լսելիս հավասարակշռությունը կորցնում է՝ հայրենիք, հայրենասիրություն, Արարատ. մնացածը տեսել եք. ինքը բղավեց, սկսեց հրել, կողքից մարդիկ կային, իր դերասան թիկնապահները, որ աղաղակում էին, խոչընդոտում էին իմ խոսքին:

Դրանից հետո ընդամենը 40 րոպե եմ ուշացել աշխատանքից, 1 ժամ էլ չկար, անմիջապես հետևեց խիստ նկատողություն, հետո 2 ամսվա ընթացքում երբեմն կես կատակ, կես լուրջ ասում էին՝ ճիշտ բան չես արել, լավ կլինի՝ սեփական դիմումի համաձայն հեռանաս, ասում էի՝ չեմ հեռանա, ինչ ուզում եք՝ արեք, այսօր էլ ստացա ծանուցումը:

Մոտ 2 շաբաթ առաջ ընդհանուր բաժնին ծանուցում եկավ, որ կրճատումներ են սպասվում՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ներդրվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության մեխանիզմը և սպասարկվող կանանց թիվը պակասում է ու հարկավոր է կրճատումներ անել:

Բավականին անհամապատասխանություններ կան, իրատեսական միտք չկա. ես նույն ձևով սպասարկում եմ ԱՀ-ով դիմած կնոջը, ի՞նչ տարբերություն:

Եթե նույնիսկ դա այդպես է, դա պետք է վերաբերվի ամբողջ հանրապետության առաջնային օղակի կանանց կոնսուլտացիայի բժիշկներին, բայց նման ծանուցում, որքանով ես տեղյակ եմ, ստացել է միայն մեր առողջության կենտրոնը»:

Արփինե Սողոյանի խոսքով՝ 25 տարվա աշխատանքային փորձի ընթացքում չի տեսել մի դեպք, որ հաստիքային կրճատման դեպքում պահանջեն հեռացնել կոնկրետ բժշկի:

«Ես 25 տարվա աշխատանքային փորձ ունեմ ու երբեք չի եղել, որ հաստիքների կրճատման դեպքում ասեն՝ անպայման այս բժշկին հեռացրեք աշխատանքից:

Կբողոքարկեմ. ինչո՞ւ հենց ես:

Ընդ որում՝ մեր բաժնում մենք կարող էինք այդ կրճատված հաստիքը բաժանել մեր միջև. Մեր բաժնում ոչ մի բժիշկ դեմ չէր դրան, բայց ծանուցումն ուղղակի ուղղված է իմ դեմ: Բաժնի ոչ մի այլ բժիշկ չի ստացել ծանուցում»:

Բժշկուհու խոսքով՝ աշխատանքային առաջարկներ ունի ու չի կարծում, թե անգործ կմնա: Բայց աշխատանքից հեռանալն այնքան ցավոտ չի տանում, որքան հայրենիքի կորուստը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
19:30 Աստղային Վարդավառ. Գարիկը, Իվետան, Արմուշն ու Ժաննա Բուտուլյանը ցույց են տվել, թե ինչպես են նշել տոնը
15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
17:18 Ուկրաինան պետք է պայքարի մինչև վերջ՝ տեղի չտալով արտաքին ճնշումներին. Ալիև
22:37 Ողբերգական դեպք՝ Երևանում. բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է
19:54 Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա՝ մասնակցելու միջազգային համաժողովի
22:06 Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ Ալեքյանին