Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին և կարևորել հայագիտության բնագավառում վերջինիս գործունեությունը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հայագիտության զարգացման ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ հայագիտությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ հումանիտար և հասարակագիտական ոլորտներում միջազգային մրցունակ դիրք զբաղեցնելու համար։
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Յասմին Դում-Թրագուտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի գործունեությունը, առաջիկա ծրագրերը:
ՀՀ պետական բյուջեով իրականացվող «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի շրջանակում Զալցբուրգի համալսարանի բանասիրական և աստվածաբանության ֆակուլտետներում իրականացվում են «Հայոց լեզու–գրաբար», «Միջին ու ժամանակակից հայերեն», «Հայ լեզվաբանություն» դասընթացները: Բացի այդ՝ դասախոսությունների առանձին շարքեր են նախատեսված հայոց պատմության, հայոց եկեղեցու, հայկական մշակույթի պատմության և այլ թեմաներով։ Դասընթացներից զատ՝ համալսարանն իրականացնում է նաև հետազոտական այլ ծրագրեր, հրապարակումներ, գիտաժողովներ: Այս համատեքստում քննարկվել են նաև բաժնի գործունեության հետագա զարգացման հնարավորությունները։
Յասմին Դում-Թրագուտի առաջադրմամբ Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին ավելի վաղ ընդգրկվել էին Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտի՝ «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում:
Ներկայացնելով ծրագիրը՝ Յասմին Դում-Թրագուտը նշել է՝ այն ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում՝ տեղական շահառուների՝ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են նաև նախորդ տարի Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում հայագիտական կենտրոնների մասնակցությամբ անցկացված համաժողովին, ինչպես նաև Զալցբուրգի համալսարանում նոր համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև Լեզվի կոմիտեի հետ հայերենի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հայագիտության զարգացմանը վերաբերող մի շարք խնդիրների։