Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու են, պայթյունից 8 զինվոր է վիրավորվել, ՊՆ-ն դեռ լռում է․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 20:20 09-07-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 9-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Վաղը՝ հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում։ Կառավարության ղեկավարի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին մայիսին` Ալբանիայի մայրաքաղաքում: Հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց միայն, որ «երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»։ Կողմերը քննարկել էին ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Սպասվող հանդիպման մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ՝ Լոնդոնում գործող ու Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքում հրապարակումից հետո, սակայն առ այսօր Երևանն ու Բաքուն չէին հաստատում այդ փաստը։ Նույն օրերին «Քարնեգի» վերլուծական կենտրոնը հրապարակել էր նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը պատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերությանը:


Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ Պաշտպանության նախարարության N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով, ըստ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության, ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ ՊՆ-ն մանրամասներ չէր հայտնել՝ նշելով, որ ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Միջադեպից գրեթե 24 ժամ անց՝ այսօր Քննչական կոմիտեն հայտնել է, որ երեկ ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից ութ զինծառայող է վիրավորվել, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով: Պաշտպանության նախարարությունը երեկ տեղի ունեցած միջադեպից տուժածների թիվը դեռևս չի հրապարակել, խոսնակը միայն տեղեկացրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Պատգամավորի կալանքի հարցը քննող դատավոր Արտակ Կարապետյանն ավելի վաղ ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն էր ընդունել։ Նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավորն անձեռնմխելիությունից զրկվեց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությանը: Ըստ գլխավոր դատախազի՝ պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար: Ազատությունից զրկելու հիմքերից մեկն էլ, ըստ գլխավոր դատախազի, այն էր, որ Սարգսյանը կարող է փախուստի դիմել: Պատգամավորի փաստաբան Սմբատ Մինասյնանը լրագրողներին հայտնեց, որ դատավորը հեռացել է որոշում կայացնելու, որը կհրապարակվի առաջիկա ժամերին։


Նիկոլ Փաշինյանն այսօր «Հատիկ առ հատիկ» շարքի շրջանակներում տեղեկացրել է, որ դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ: Փաշինյանը մեկ այլ գրառումով էլ տեղեկացրել է, թե նախորդ սեպտեմբերից առ այսօր տաքսիներում որքան ՀԴՄ կտրոն է տրամադրվել։ «Տաքսիներում ՀԴՄ տալու օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ․ հունիսի 30-ը, տաքսի ծառայությունների կողմից առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի 83 մլն հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ընդ որում, անհատների կողմից տպագրվել է շուրջ 36 մլն դրամի 29 հազար հատ ՀԴՄ կտրոն»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: