Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 14-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր տևական դադարից հետո Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել, հայկական կողմն էլ փոխարենը Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված երկու սիրիացի վարձկան-ահաբեկիչներին է վերադարձրել Սիրիա, որոնք դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ էին գերեվարվել։ Գերիների վերադարձի մասին առաջինը Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքում հայտնել։ «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»,- գրել է Փաշինյանը։ Ավելի ուշ նա հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, իսկ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, նրանք տեղափոխվում են Երեւան։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք: Նշենք՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել էին 2020թ. Նոյեմբերին՝ հրադադարի հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո՝ Շուշիի ճանապարհին, իսկ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ուժայինները 2023-ի հուլիսի վերջին էին առևանգել Հակարիի անցակետից․ նա Կարմիր Խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով՝ սրտի հրատապ վիրահատության, Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշալի գյուղում ցեղասպանություն կատարողի։ Բաքվի կողմից ներկայացված մեղադրանքները հայ գերիները չեն ընդունել: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում այժմ պահվում է ևս 19 հայ գերի, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են։
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Հիշեցնենք՝ նախօրեին Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2025 թվականի ընթացում զինված ուժերի շարքերում 30 զինծառայող է մահացել։ Պապիկյանի խոսքով՝ նրանցից 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով: Մյուս 6-ից 2-ը ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են: Սուրեն Պապիկյանի պնդմամբ՝ 2025-ին 2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40 տոկոսով։
Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, որոնք վարել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Արարատ Միրզոյանը, հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ։ Այն պաշտոնապես հաստատում է, որ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Համաձայնագրի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Ռուբիոյի և Միրզոյանի բանակցություններից հետո հրապարակված TRIPP-ի «իրականացման շրջանակի» համաձայն՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը կկառուցի երկաթուղի, ավտոմայրուղի, էներգամատակարարման գծեր և այլ ենթակառուցվածքներ տարանցիկ միջանցքի երկայնքով, ինչպես նաև առնվազն 49 տարի կկառավարի դրանք և կգանձի դրանցից ստացվող եկամուտները։ «Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը և իրեն պահել 26 տոկոսը», - ասվում է ութ էջանոց փաստաթղթում։ «Սպասվում է, որ այս պայմանավորվածությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ բաժնեմաս տրամադրելով, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը կհասնի 49 տոկոսի»։ Փաստաթուղթը ընդգծում է, որ Հայաստանը կունենա լիակատար «իրավասություն սահմանային վերահսկողության և մաքսային գործառույթների նկատմամբ՝ TRIPP-ով իրականացվող առևտրի և տարանցման շրջանակում»։ «Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննելի», - նշվում է հայտարարությունում։ Նման հավաստիացումներ է տվել նաև Ռուբիոն, երբ Միրզոյանին Պետդեպարտամենտում ընդունելուց անմիջապես հետո կարճ մեկնաբանություն է տվել լրագրողներին։ «Մի կողմից TRIPP-ը բացում է Հայաստանը բիզնեսի համար և թույլ է տալիս նրան տնտեսապես բարգավաճել, բայց դա արվում է այնպես, որ որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը», - ասել է Ռուբիոն։
Մանրամասները՝ տեսանյութում: