Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:50 25-07-2025

Արցախն այրվում է, զինվոր է մահացել, գլոբալ տաքացումից շատ ենք տուժել, վարորդների ակցիան․Ամփոփ լուրեր

Նիկոլ Փաշինյանը Ալթայում մասնակցել է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Կառավարությանն ղեկավարը ծավալուն ելույթով է հանդես եկել՝ շեշտելով, որ Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է, չնայած երկրի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են։ Նրա խոսքով՝ երաշտները, հեղեղումները և վարարումներն ավելի հաճախակի են դառնում, իսկ լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Հիշեցնելով, որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը 17-րդ հանդիպումը՝ COP17-ը կանցկացվի Հայաստանում 2026-ին, Փաշինյանը վստահեցրել է, որ Երևանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները: Վերջինս միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու COP17-ին։

Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահացածը 18-ամյա Մովսես Պողոսյանն է՝ Վեդի քաղաքից։ Քննչականն արդեն քրեական գործ է հարուցել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Ներկայումսկատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Գործով դեռ մեղադրյալ չկա: Թե ո՞վ կամ ովքե՞ր են երիտասարդ զինվորին դրդել նման ծայրահեղ քայլի, իրավապահները չեն մանրամասնում: Քննչական կոմիտեից առայժմ փոխանցում են, որ կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարազատների կարծիքով՝ 18-ամյա տղան չէր կարող ինքնասպան լինել: Նկատենք, որ սա վերջին երեք ամսում սահմանապահ զորքերում մահվան արդեն երկրորդ դեպքն է: Ապրիլի 25-ին 19-ամյա ժամկետային զինծառայող էր մահացել, ըստ ԱԱԾ-ի՝ իրեն ամրակցված զենքից:

Հանրային մեծ ճնշման ֆոնին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը 100 տարով ամերիկյան կողմին վարձակալությանը հանձնելու գաղափարը հայկական կողմի համար ընդունելի չի եղել։ Նման հայտարարությամբ Factor TV-ին տված հարցազրույցում հանդես է եկել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ այս առաջարկում ինքնիշխանությունը զիջելու վտանգ են տեսել: «Մենք խոսում ենք ինքնիշխանությունի՞ց, արտապատվիրակումի՞ց, թե՞ մենք խոսում ենք ո՞ւմ և ի՞նչ արտապատվիրակելուց», - ասել է նա: Հարցին, թե վարձակալության առաջարկ կա՞, նա ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Նման գաղափար ամերիկացիներն ունեին, բայց դա մեզ համար ընդունելի չի եղել... որովհետև այդտեղ մենք նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»: Ըստ Եղոյանի՝ կոնկրետ այս հարցը քննարկման սեղանին չէ: Հիշեցնենք՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հուլիսի 10-ին՝ Փաշինյան-Ալիև հանդիպման օրը, «Ազատաություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը դեմ չէ երրորդ կողմին Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, եթե պահպանվեն սկզբունքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանի։ Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ կարևորելով նրանց այցը համայն հայության հոգևոր կենտրոն իբրև սիրո և հավատարմության դրսևորում Սուրբ Էջմիածնի նկատմամբ: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ուխտագնացությունը Հայաստան ներշանչանքի աղբյուր պիտի դառնա հայորդիների համար՝ դժվարին այս ժամանակներում առավել զորանալու իրենց հայրենանվիրումի և եկեղեցասիրության մեջ։ Ամենայն Հայոց Հայրապետը պատգամեց ուխտավորներին ամենայն ջանք ի գործ դնել իրենց համայնքի պայծառության, զավակների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի շենացման համար։