Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:57 13-05-2025

Զինվոր է մահացել, Տավուշում կրակոցներ են, Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքը հաստատվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 13-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տավուշի մարզի սահմանային Մովսես գյուղում այսօր առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել: Այս մասին ահազանգում են սահմանամերձ գյուղի բնակիչները։ Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանի փոխանցմամբ՝ աադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև՝ առավոտյան է կրակել։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան,ժամը 7-անց 20-ից մինչև 7-ն անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Բնակիչների վկայությամբ՝ դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»,- հայտնել է Սարգսյանը։

Պաշտպանության նախարարությունը դժվարությամբ, բայց հաստատել է Տավուշում հնչած կրակոցները՝ դրանք որակելով անկանոն և ոչ թիրախային։ «Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք՝ մայիսի 9-ի գիշերն էլ Ադրբեջանի զինված ու-երի ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տան տանիքը։ Այս մասին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել։

Դատախազը հաստատել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 21-ին կսկսի քննել Սերժ Սարգսյանին վերագրվող նոր մեղադրանքը: Այն առնչվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնմանը, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը: 20 տարվա վաղեմության գործը առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր: Ըստ դատախազության, պաշտպանության նախարար Սարգսյանը Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար օտարել է շուկայականից ցածր գներով: Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում, ստորագրություն է տվել չբացակայելու մասին: Նրա հետ մեղադրյալի աթոռին են ևս երկու հոգի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում