Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 11-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների նախաստորագրված համաձայնագրի տեքստը: Համաձայնագիրը բաղկացած է 17 հոդվածից: Ըստ այդմ՝ Երևանն ու Բաքուն ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը, ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Երևանն ու Բաքուն պարտավորվել են ձեռնպահ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց, վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարեխղճորեն բանակցություններ վարել համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև, որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չտեղակայել: «Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց», - ասված է համաձայնագրում:
Համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Համաձայնագիրն իրագործելու համար կստեղծվի երկկողմ հանձնաժողով: «Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով: Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ», - ասված է հրապարակման մեջ: մՀամաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում երկու երկրները հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, «որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։
Այսօր Հայաստանում զինծառայող է հանկարծամահ եղել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը»,– ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ մահվան պատճառը կպարզվի համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում։ Oragir.News-ի հետ զրույցում Մարտունու բնակիչները պատմեցին, որ մահացած զինծառայողի քթից 2 օր արյուն է եկել, որին զորամասում ուշադրություն չեն դարձրել, իսկ ավելի ուշ նա ուղեղի կաթված է ստացել։ «Տղայի մայրը մահացած էր, երկու եղբայր էին։ Իրենց հոր հետ էին ապրում։ Գիտեմ՝ շատ համեստ, լավ երեխա էր։ Զանգել է իր ընկերոջը, հորն ասել է՝ շատ վատ եմ զգում։ Երկու օր քթից արյուն է եկել, երևի ուշադրություն չեն դարձրել, մինչև երեկոյան ինսուլտ է ստացել»,- նշում են բնակիչները։
Oragir.News-ը ցավակցում է Վահե Զաքարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանը Պուտինին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։ Կրեմլից էլ հայտնում են, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերի կարևորությունը և հայտնել Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու այս գործընթացին՝ 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։