ՔՊ-ն ջախջախված է, Մարտուն Գրիգորյանը լռում է, ՊՆ-ն ընդունեց՝ սահմանին կրակում են․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 21:15 31-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 31-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նախօրեին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ էին Գյումրի և Փարաքար խոշորացված համայնքներում։ Փարաքարում ձայների շուրջ 57 տոկոսը ստացել է «Միասնություն» դաշինքը՝ ջախջախիչ պարտության մատնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել հավաքել 50+1 տոկոս՝ իշխանություն ձևավորելու համար։ Գյումրիում ՔՊ-ն ստացել է 36,24 տոկոս, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցությունը 20,51 տոկոս, երրորդ տեղում Մարտուն Գրիգորյանի առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքն է՝ 15,56 տոկոս ձայներով։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Ւմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը՝ ստանալով ձայների համապատասխանաբար 7,87 և 6,12 տոկոսը։

Թեպետ Գյումրիում ոչ մի ուժի չի հաջողվել միանձնյա իշխանություն ձևավորելու համար բավարար թվով մանդատներ ստանալ, սակայն անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը միավորվելու դեպքում կարող են համայնքապետ ընտրել և իշխանազրկել ՔՊ-ին։ Ամենայն հավանականությամբ միավորումը կկայանա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ, ով ընդդիմության շարքերում ամենաշատ ձայներն է ստացել։ Նշենք, որ «Մայր Հայաստան» դաշինքը և Ռուբեն Մխիթարյանը արդեն իսկ հայտարարել են Ղուկասյանին աջակցելու պատրաստակամության մասին, և այժմ գնդակը Մարտուն Գրիգորյանի դաշտում է, ումից էլ կախված է՝ Գյումրին ընդդիմադիր համայնքապետ կունենա՞, թե՞ ոչ։ Մարտուն Գրիգորյանը դեռևս չի հայտնել իր դիրքորոշումը այս հարցում։ Ավելի ուշ նա խախտեց լռությունը և վերահաստատեց, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու՝ միևնույն ժամանակ չհստակեցնելով՝ կաջակցի՞ Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ։

Մարտուն Գրիգորյանի վերջին հայտարարությանն արձագանքել է ինքը՝ Վարդան Ղուկասյանը։ «Այն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու նախկին և գուցե ապագա քաղաքապետը։

Պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ ընդունեց, որ երեկ գիշեր ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն։ ՊՆ միառժամանակ հերքել է հրադադարը խախտելու՝ Բաքվի պնդումները, թե իբր հայկական կողմը կրակ է բացել և անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացրել։ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված