Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 20-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելուց ուղիղ 4 տարի անց՝ 2025-ի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է։ Համացանցում արդեն իսկ տարածվել են լուսանկարներ, որոնցում Նիկոլ Փաշինյանի դեմքին լայն ժպիտ է նկատվում։ Կառավարության ղեկավարին Ստամբուլի օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի փոխարտգործնախարարը, սակայն երբ թուրքական պատվո պահակախումբը ողջունել է նրան, նա միայնակ է եղել։ Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են՝ երդմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները: Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այս այցը պատմական են համարում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։
Նիկոլ Փաշինյանը դեռ Ստամբուլ չէր հասել, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը կրկին կրակել է Սյունիքի ուղղությամբ։ ՊՆ-ից հաղորդում են, որ այսօր՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան: Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Անհետ կորածների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան: Վերջիններս հանդիպում են ունեցել համապատասխան կառույցի ներկայացուցչի հետ, որի արդյունքում համաձայնության են եկել։ «Փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ համատեղ կոմպրոմիսի, մենք կդադարեցնեք ակիցան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ խոստացվել է հանդիպում, մեր բարձրացված հարցիին, մեր պահանջը իրագործվելու», - ասել է անհետ կորած զինծառայողի հարազատներից Արման Կիրակոսյանը: Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո՝ պահանջելով, որ իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը: «Մեզ պետք է լսել այն մարդուն, ով զբաղվելու է մեր անհետ կորած տղաների հարցերով, ով է այդ անձնավորոթյունը, թող գա, մենք կգնանք, մեր պագոնները չեն ընկնի»,- ասել է հավաքվածներից մեկը: Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը:
«Այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ»,- այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից։ «Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի ուշ հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը՝ նշելով, որ ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։ «Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսել է «իրավապահների» տեռոր, որը հիշեցնում է 1915թ. ապրիլի 24-ի նախօրեն»,- նշվում է հայտարարությունում։
Մանրամասները՝ տեսանյութում: