Փաշինյանը «համբալ»-ի համար ներողություն չի խնդրում, դատախազը լռում է, ՔՊ-ի ամոթը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 22:38 08-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 8-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին «համբալ»-ով դիմելուց հետո դեռևս ներողություն չի խնդրել, իսկ նրա մամուլի խոսնակը լրատվամիջոցների զանգերին չի պատասխանում՝ պարզաբանելու համար՝ կառավարության ղեկավարը նման մտադրություն ունի՞, թե՞ ոչ։ Փոխարենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ ոչ թե կառավարության ղեկավարը, այլ «Հայաստան» խմբակցության անդամները պետք է ներողություն խնդրեն՝ Փաշինյանից: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նրանք են հրահրել միջադեպը.։ «Էդ ամեն ինչը ընդդիմադիրերի գործունեության, էդ լկտիության, պահվածքի հետևանք է»,- ասել է Սիմոնյանը։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Փաշինյանի պահվածքն ու խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցրած հայտարարությունները համարում են սպառնալիք: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, որ Փաշինյանը պատասխանատվություն պետք է կրի նաև վիրավորանքների համար՝ չբացառելով, որ կդիմեն նաև իրավապահներին: Ընդդիմադիր պատգամավորը տարակուսած է՝ ինչպե՞ս է գրեթե ամեն օր կրթելուց և կրթվելուց խոսացող երկրի ղեկավարն այդ բառապաշարն օգտագործելուց հետո շարունակելու մարդկանց կրթել: «Եթե մենք նորմալ երկիր լինեինք, ինքը պետք ա ներողություն խնդրեր, պարտադի՛ր պետք ա ներողություն խնդրեր, որովհետև էդ ամեն ինչը լսել ենք ոչ միայն մենք, այլ նաև հազարավոր մարդիկ Հայաստանում և Հայաստանից դուրս, հետևաբար դա իսկապես նաև քաղաքական խնդիր է, որ ինքը պետք է ներողություն խնդրի: Բայց մենք հասկանում ենք, թե ինչ երկրում ենք ապրում, երբ Ազգային ժողովի նախագան կարող է թքել, հետևաբար ինքն էլ կարող է էդպես հանգիստ նման բառապաշար օգտագործել, որ ես ցանկություն չունեմ նույնիսկ կրկնելու», -նկատել է պատգամավորը։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով ժամանակին ասել էր, թե 2018-ի իշխանափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը, այսօր Եռաբլուրում ասել է, որ Շուշիի ազատագրումն իր կյանքի երջանիկ օրերից մեկն էր։ «Գիտեք՝ Շուշիի ազատագրմանը ես էլ եմ մասնակցել, վիրավորվել եմ, և իմ երջանիկ օրերից մեկն է եղել Շուշիի ազատագրումը և մեր առաջին շքրեթը: Մենք՝ երկրապահներս, այն ժամանակ էլ հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, էսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանելու, ու մինչև վերջ էլ կտանենք»,- ասաց նա: Հարցին էլ, թե 1992-ին մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Շուշին ու Արցախն ազատագրել, ո՞րն էր պատճառը, ԵԿՄ նախագահը հետևյալ կերպ պատասխանեց․ «Համախմբվածությունն ու Վազգեն Սարգսյանը: Այն ժամանակ տարբեր հավատքի տարբեր կուսակցության ջոկատներ կային, սպարապետը կարողացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ՝ մենք տարանք հաղթանակ և երկրապահի հիմքի վրա կազմավորվեց բանակը: Հիմա բոլորն ասում են՝ ինչ է անում երկրապահը, երկրապահն առաջնագծում է 2020 թվից մինչ այսօր՝ մեծ թվաքակնակով»:

Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում, քաղաքական գնահատականներ չի տալիս: Այս մասին մայիսի 8-ին ԱԺ-ում հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա սադրիչ պահվածքի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների հարցերին։ Մասնավորապես, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խնդրել էր մեկնաբանել Փաշինյանի պահվածքը եւ տալ նրան համապատասխան իրավական գնահատական, սակայն գլխավոր դատախազը մի քանի անգամ շեշտել է, որ քաղաքական հայտարարություններ անելու մտադրություն չունի։ «Դուք արդեն ոչ թե վարչապետի օգնական եք, այլ ՀՀ գլխավոր դատախազ, ասեմ, որ այս համազգեստը ձեզ շատ է սազում։ Խորհուրդ կտայի թողնել ձեր նախկին կարգավիճակը, քանի որ Քրեական օրենսգիրքը պարունակում է նաեւ ուղղակի պարտականությունները չկատարելու կամ մասնակի կատարելու հոդվածներ»,- նշել է ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը, սակայն գլխավոր դատախազն անդրդվելի է մնացել։ Նշենք՝ Փաշինյանը երեկ հերթական անգամ կորցրել էր ինքնատիրապետումը, ընդդիմության ներկայացուցիչներին սպառնալով քշել ԱԱԾ նկուղները։ Նա նաև անուղղակիորեն մեղադրել է ընդդիմությանը երրորդ երկրների օգտին լրտեսելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
12:52 Նոր Նորքի թաղապետը Չախոյանին բարձր վարձատվությամբ աշխատանք է առաջարկել և մերժում ստացել