Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:54 20-11-2025

18 մլն դրամ՝ Բաքու այցելելու համար, Փաշինյանը հայհոյում է, հետո՝ թողություն խնդրում. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 20-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Նրան ուղեկցում են Մհեր Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Դավիթ Խուդաթյանը, և Ժաննա Անդրեասյանը: Փաշինյանի օդանավը Երևանի ժամանակով ժամը 17։00-ի սահմաններում վայրէջք է կատարել Աստանայի Նուրսուլթան Նզարբաևի անվան միջազգային օդանավակայանում: Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին Ղազախստանի նախագահի նստավայրում։ Հաղորդվում է, որ նախ տեղի կունենա Փաշինյան-Տոկաև առանձնազրույց, ապա երկու երկրի պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում: Աստանա պաշտոնական այցի ժամանակ տեղի կունենա նաև փաստաթղթերի փոխանակում, այնուհետև ԶԼՄ ներկայացուցիչների համար Փաշինյանն ու Տոկաևը հանդես կգան հայտարարությամբ: Վաղը նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և խորհրդարանի նախագահ Երլան Կոշանովի հետ: Նիկոլ Փաշինյանը Աստանայում կայցելի նաև Ղազախստանի ազգային թանգարան և «Աստանա էքսպո» արհեստական բանականության միջազգային կենտրոն:

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ խնդրել է տեղեկություններ տալ, թե ինչ է արել Վաշինգտոնը Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ և խնդրել է հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Այս մասին Փաշինյանն ասել է կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Լրագրողը հարց ուղղեց նրան՝ նշելով, թե միջազգային մամուլում տեղեկություններ կան այն մասին, ըստ որոնց՝ Արարատ Միրզոյանը Հուքերի հետ հանդիպման ժամանակ մերժել է ԱՄՆ առաջարկը՝ գերիների վերադարձի հարցով և պնդել, որ Հայաստանն ինքնուրույն կարող է այդ հարցը լուծել։ Լրագրողը խնդրեց նաև մեկնաբանել շրջանառվող լուրերը, թե Փաշինյանը չի ցանկանում, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա Բաքվից։ «Ինչպես գիտեք՝ պետքարտուղարի տեղակալի հետ ես էլ եմ հանդիպել և այդ հանդիպման ժամանակ ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփն այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ լրագրողի հնչեցրած հարցերի մասով այլ մեկնաբանություն պարզապես չկա։

Նոյեմբերի 21-22-ը Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 18 մլն դրամ կհատկացնի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Այն չզեկուցվող հարցերի օրակարգում է։ Այս մասին հայտնում է «Սիվիլնեթ»-ը:«Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: Հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ հանդիպմանը։ Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, ով Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների թվում էր, հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում սպասվում է ադրբեջանցի փորձագետների այցելություններ ոչ միայն Երևան, այլև՝ շրջաններ։ Անդրադառնալով հայ փորձագետների՝ Բաքու սպասվող այցին, Մամեդովը հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: