Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 19-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր սեպտեմբերի 19-ն է՝ Արցախի Հանրապետության լիակատար բռնազավթման և հայաթափման 2-րդ տարելիցը։ 2023-ի այս օրը՝ ավելի քան 9 ամսվա շրջափակումից հետո, Ադրբեջանի զինուժը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսեցին ռմբակոծվել նաև բնակավայրերը։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։ Չնայած իշխանական և մերձիշխանական որոշ շրջանակներ պնդում են, թե արցախցիները չեն պայքարել, այնուամենայնիվ հարկ է նկատել, որ Արցախի Պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցուցաբերել․ 1 օրում ադրբեջանական զինուժն ունեցել է 204 սպանված։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը և հաշված օրերի ընթացքում Արցախի 120 հազար բնակչությունը տեղափոխվեց Հայաստան։ Նրանցից ՀՀ քաղաքացիություն են ստացել շուրջ 4400-ը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորում»-ին»,- ասվում է հաղորդագրությունում։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ցավակցական ուղերձ չի հղել Արցախի բռնազավթման և հայաթափման տարելիցի կապակցությամբ, այլև իր օրը սկսել է գեղեցիկ երաժշտությամբ։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել է կից գրել․ «Էլվինա Մակարյանի երգը՝ աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ»։ Նշենք, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի տարելիցի օրն էլ Հայաստանի իշխանությունները պետական մակարդակով տոնախմբություն՝ համարգ էին կազմակարպել, ինչպես նաև հեծանվավազք, որին ներկա էր գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը։ Քննադատություններին, որ կոռեկտ չէ ագրեսիայի տարելիցի օրը խրախճանք կազմակարպել՝ ՔՊ-ականները հակադարձում են, որ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հայորդիները զոհվել են, որ մենք երջանիկ ապրենք: «Մեր հայրենակիցները զոհվել են, որ մենք ապրենք, իրենք զոհվել են, որ մենք երջանիկ լինենք։ Իրենք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, երեխաների երջանկության համար»,- նշել էր ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը և շարունակել․ «Իրենք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, երեխաների երջանկության համար։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին նրանք երկնային կյանքում երջանկանում են, որ տեսնում են իրենց անձնազոհության շնորհիվ իրենց երեխաները, հարազատները, հայրենակիցները ժպտում են, ուրախանու, երգում ու պարում են»։
Այսօր վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ է։ Եռաբլուրում էին Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը և ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, որը 2025 թվականի մայիսից Արցախի նախագահի պաշտոնակատարն է։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ ոք զինվորական պանթեոն չայցելեցին։ Փոխարենը պանթեոն են այցելել ընդդիմադիր պատգմավորները, ինչպես նաևԱրցախի Ազգային ժողովի պատգամավորները, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 2023թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախում հուղարկավորված անձանց աճյունները Հայաստան տեղափոխելու հարցն արդեն 2 տարի է՝ բարձրացված է, բայց արդյունք չկա։ «Բռնի տեղահանումից հետո հարց ենք բարձրացրել 2023թ․ ագրեսիայի հետևանքով զոհված, Ստեփանակերտի եղբայրական գերեզմաններում և շրջաններում հուղարկավորված շուրջ 66 անձանց աճյուններն արտաշիրիմելու Հայաստանում վերահուղարկավորելու համար»,- ասաց Շահրամանյանը։ Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, նախնական համաձայնություն ստացվել է, սակայն մինչ օրս գործընթացը տեղի չի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում: