Ընթերցանությունն օգտակար է որպես հետաքրքիր ժամանց։ Ընթերցելն ունի կրթական նշանակություն, երբ ընթերցողը կարդացածից բան է հասկանում, յուրացնում և փոխանցում մյուսներին։ Կարդացածը գործնական նշանակություն է ձեռք բերում, երբ իրառվում է գործնականում։
«Կրթվելը նորաձև է» շարժման առաջնորդ Աննա Հակոբյանը տեսանյութեր է հրապարակում, որտեղ գիրք է ընթերցում հանրային վայրում, նստարանին նստած։ Դրանցից մեկում երևում է, որ նա ընթերցում Ֆինլանդիայի պատմությունը։ Հայտնի պատմաբան Հենրիկ Մեյնանդերը գիտահանրամատչելի ձևով է շարադրել Ֆինլանդիայի պատմությունը։ Հայերեն թարգմանության համար հեղինակը լրացրել է գրքի վերջին գլուխը՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը:
Հայ քաղաքական գործչի համար ուսանելի է Ֆինլանդիայի պատմությունը, որը շատ ընդհանրություններ ունի Հայաստանի պատմության հետ։ Ենթադրաբար՝ շատերն են այն կարդացել։ Սակայն, դատելով քաղաքական համայնքի վարքից, կարելի է նկատել, որ կարդացողների մեծ մասը գրեթե բան չի հասկացել։ Իսկ ի՞նչ կհասկանա Աննա Հակոբյանը, կարդալով Ֆինլանդիայի պատմությունը։
Ֆինլանդիան Հայաստանին բախտակից է։ Նախքան անկախանալը, մոտ 100 տարի ռուսական տիրապետության տակ է եղել։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո՝ 1917-ի դեկտեմբերին, Ֆինլանդիան անկախացել է, կարծես սպասում էին, թե երբ է զավթիչը թուլանալու։ Այնուհետև բոլշևիկները հրահրել են քաղաքացիական պատերազմ, որը տևել է 108 օր, պատճառելով 35 հազար զոհ։ 1918-ի ապրիլի դրությամբ Ֆինլանդիան գրեթե լրիվ մաքրվել է բոլշևիկներից, սոցիալ դեմոկրատներից։ Ֆինլանդիան պաշտպանել է անկախությունը, իսկ ՀՀ-ն չի կարողացել դիմագրավել ռուս-թուրքական ագրեսիային ու բռնազավթվել է 1920-1921-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆինլանդիան երկրորդ անգամ է հաղթել ռուսական բանակին ու դուրս շպրտել հայրենիքից Մաներհայմի ռազմական տաղանդի շնորհիվ։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնում է պառադի։
Եթե Աննա Հակոբյանը Ֆինլանդիայի պատմությունից դաս քաղի, ապա ամուսնուն կհորդորի՝ դուրս գալ ռուսական ֆորպոստի վարչապետի կարգավիճակից, դուրս հրավիրել ռուսական ռազմակայանը, դեսովետիզացում անել և այլն։
Ֆինլանդիայում դասակարգային պայքար չկա, մարդկանց տեսակների չեն բաժանում։ Միլիոնատերն ու հասարակ բանվորը միմյանց վերաբերվում են եղբայրաբար, քանի որ միևնույն առաքելությունն ունեն, բոլոր աշխատողները համարվում են բարիք ստեղծող։ Հանրային խոսքում հայհոյանք չկա։ Երջանկության ինդեքսով երկիրն առաջին տեղում է։ Հանցագործներն այնքան քիչ են, որ բանտերը փակվում են։ Եթե Աննա Հակոբյանը դաս քաղի, ապա կդադարի ատելություն տարածել, կմաքրի իր խոսքը վատ բառերից, Փաշինյանին կխնդրի համաներում անել ու փակել բանտերը։
Առանձնակի ուշագրավ են Ֆինլանդիայի կրթական բարեփոխումները։ Բազմաթիվ երկրներ են ընդօրինակել ֆիննական այս փորձը։ ՀՀ-ում այս փորձը տեղայնացնելու մասին ակնարկ չկա։ Փոխարենը՝ կա «Կրթվելը նորաձև է» շարժում։ Արդյո՞ք Աննա Հակոբյանը ֆիննական կրթական բարեփոխումներին ծանոթանալուց հետո կփակի շարժումն ու կնպաստի կրթական իրական բարեփոխումների իրականացմանը։
Ազգային անվտանգության հարցում ևս ֆինների վարքն ուսանելի է։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն իրական վտանգ գնահատելով, Ֆինլանդիան 2023-ին անդամակցեց ՆԱՏՕ-ին, կանխելով ռուսական ագրեսիայի ծավալումը դեպի Ֆինլանդիա, իսկ ՀՀ-ն ուկրաինա-ռուսական պատերազմի առաջին ամիսներին հումանիտար օգնություն էր ուղարկում ռուս զինվորներին։ Աննա Հակոբյանը կարո՞ղ է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայով քննարկում կազմակերպել։
Կարճ ասած՝ եթե Աննա Հակոբյանը կարդացածից բան հասկանա ու փորձի կիրառել, ապա իրական փոփոխություններ կարելի է ակնակալել։ Բայց քանի որ Փաշինյանը մնում է ֆորպոստի վարչապետ, հետևաբար՝ ՀՀ իշխանությունը ֆիններին ընդօրինակելու, ֆինների փորձը գործնականում կիրառելու քաղաքական կամք չի կարող դրսևորել։ Ու տպավորություն կստեղծվի, թե Աննա Հակոբյանը կարդացածից բան չի հասկացել։ Այսնիքն՝ իզուր է կարդում Ֆինլանդիայի պատմությունը։
Թաթուլ Մկրտչյան