Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտել: Հունիսի 28-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն ունենալու մեջ։
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում չեղարկվել են նաև պետական ու մասնավոր ձևաչափերով համաձայնեցված ռուսական միջոցառումները և ռուսական պաշտոնյաների այցերը։
Այս ամենի ֆոնին՝ Ռուսաստանի մի շարք շրջաններում նոր զանգվածային ռեյդեր են անցկացվել՝ անօրինական միգրատների բացահայտման համար: Բերման ենթարկվածների մեջ կան նաև Ադրբեջանի քաղաքացիներ:
Այսօր՝ հուլիսի 2-ին, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար:
«Մենք, իհարկե, կոչ ենք անում ադրբեջանական կողմին միջոցներ ձեռնարկել միջպետական հարաբերությունների այն մակարդակին վերադառնալու համար, որը ձևակերպված է պաշտոնական փաստաթղթերում։ Հիշեցնեմ, որ սա ռազմավարական դաշինքի մակարդակն է»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ, որի հեռարձակումն իրականացրել է ՌԴ ԱԳՆ-ն իր սոցիալական հարթակներում։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, ում կարծիքով՝ կողմերն այլևս չեն գնա սրացման։

«Ես կարծում եմ, որ կողմերն այլևս սրացման չեն գնա, բայց նաև տեսանելի է, որ տարաձայնությունները շատ խորքային են։ Այս տարվա մեջ սա արդեն երկրորդ նմանատիպ սրացումն է։ Ակնհայտ է, որ ռուսական կողմը դիտավորյալ գնաց այդ քայլին, շատ լավ իմանալով հետևանքների մասին։ Տարեսկզբին նրանց հարաբերությունները ևս լարված էին։ Սա ցույց է տալիս, որ լուրջ խնդիրներ կան Ալիևի և Պուտինի հարաբերություններում, որի պատճառները դեռ շատ տեսանելի չեն»,- նկատեց մեր զրուցակիցը։
Վարդանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը միշտ հեռավորություն է պահպանել ՌԴ-ից։
«Չնայած՝ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ նվաճեց Արցախի տարածքը, բայց միևնույնն է, Ալիևը Պուտինին ամբողջովին չի վստահում։ 90-ականներից հետո Ռուսաստանն ընկալվել է Ադրբեջանի թշնամի, երկար տասնամյակներ պետական քարոզչություն է տարվել։ Ադրբեջանցիները միշտ նշում են, որ ռուսական զենքի շնորհիվ են պարտվել Առաջին ղարաբաղյան պատերազմում։ Ալիևը միշտ հասկանում է, որ Պուտինն ի վիճակի է իրեն թիկունքից հարվածել»,- եզրափակեց նա։