ԱՄՆ զորավարժություններին ՀՀ մասնակցությունը ՌԴ-ն համարում է թիկունքից հարված
copy image url

ԱՄՆ զորավարժություններին ՀՀ մասնակցությունը ՌԴ-ն համարում է թիկունքից հարված

Ներքին 2 տարի առաջ - 22:30 10-04-2023
«Ամերիկյան «Defender 23» զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին լուրերի տարածումից, այնուհետև դրա հերքումից հետո հայտնի դարձավ, որ ևս երկու զորավարժության Հայաստանի ստորաբաժանումն, այնուամենայնիվ, մասնակցում է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմագետ Հայկ Նահապետյանը։

«Երկուսից մեկը խաղաղապահ առաքելության հետ կապված զորավարժություն է։ Թե ինչ է փոխվել, ՀՀ ՊՆ-ն որևիցե բացատրություն չի տվել, ըստ իս՝ որքանով ես եմ տիրապետում տեղեկատվությանը։ Բայց, փաստը մնում է փաստ, որ Հայաստանն ապագայում մասնակցելու է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնվող զորավարժություններին։ Սա կարևոր է գնահատել»,- ասաց նա։

Այս ֆոնին փորձագետը հիշեցնում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության գնահատականը։

«Նրանց տված գնահատականներն առ այն, թե այսօր Ուկրաինայում ինչ է տեղի ունենում, Ռուսատանում գնահատում են, որ դա Ռուսաստանի, հավաքական Արևմուտքի և նրա ռազմաքաղաքական դաշինքը ներկայացնող ՆԱՏՕ-ի միջև մեծ թափով պատերազմն է։ Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը մասնակցում է ռազմավարական դաշնակից պետության դեմ պատերազմ մղող երկրի կողմից կազմակերպվող զորավարժություններին»,- ասաց նա։

Սա, ըստ փորձագետի, անհետևանք չի կարող մնալ մեր երկրի համար։

«Դավաճանն ինչպե՞ս է գնահատվում, եթե նույնիսկ դա պետական հարաբերություններում է։ Կարծում եմ, որ նման գնահատական է տրվում։ Դրանից հետո ՌԴ-ն կոնկրետ առարկայական քայլեր կանի, թե՝ ոչ, դժվարանում եմ ասել։ Բայց հաշվի առնելով, որ Հայաստանի այդ կեցվածքն ինքնին թիկունքից հարված է իր դաշնակցին, չեմ բացառում, որ մենք ունենանք նաև կորուստներ։ Կամ եթե Հայաստանի օրվա իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են, թե ինչու Ռուսաստանն, ըստ իրենց գնահատականների, իրենց պայմանագրային պարտականությունները չի կատարում, որն իրականությանը չի էլ համապատասխանում, ապա ցանկացած պայմանագրային պարտավորություն նաև նախատեսում է երկկողմանիություն։ Ինչքանո՞վ է Հայաստանը կատարում իր պայմանագրային պարտականությունները կամ պարտավորությունները ՌԴ հանդեպ, և ո՞ւր կտանի Հայաստանի իշխանությունների վարած այն քաղաքականությունը, ըստ որի՝ փոխելու են, պատրաստվում են կամ փորձում են փոխել Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը»,- ասաց նա։

Այն պարագայում, երբ Ռուսաստանն այս պահի դրությամբ, ըստ էության, մեր անվտանգության երաշխավորներից մեկն է, իշխանություններն աշխատում են այլ ուղղությամբ։

«ՀՀ ներկա իշխանությունները տեսնում են ո՞ւմ․․․ Եթե ասեմ ՆԱՏՕ, ապա մենք կարող ենք հակափաստարկել, որ անգամ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում չի պատերազմում։ ՆԱՏՕ-ն այն կառույցն է, որտեղ այդ կազմակերպության անդամ Թուրքիան հարձակվեց Կիպրոսի վրա, ՆԱՏՕ-ն չխոչընդոտեց և թույլ տվեց, որ Թուրքիան գրավի Կիպրոսի մի մասը։ Այնպես որ, այն, ինչ առայժմ դեռևս փորձում է Փաշինյան Նիկոլը, իմ մեջ բավականին լուրջ սպառնալիքներ է պարունակում։ Էլ չեմ ասում, որ դա կարող է մեր երկրի պետականության ու տարածքային ամբողջականության վրա մեծագույն արհավիրք բերել։ Այդ դեպքում հետևանքներն անգամ պատկերացնելը սարսափելի կլինի»,- ասաց նա։

Ռազմագետն անդրադարձավ նաև որոշ ժամանակ առաջ Ռուսատանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը՝ ուղղված ԵՄ հետ բանակցություններ վարող Հայաստանին։ Նա զգուշացրել էր, որ այդ գործողությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ մեր երկրի համար։

«Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում իր կոլեգայի հետ հանդիպման ժամանակ, երբ 3+3 ձևաչափից զատ այլ երկրների, հիմնականում, ամենայն հավանականությամբ նկատի ուներ ԵՄ երկրների որոշակի մասնագիտական խմբերի ներգրավվածությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով որոշակի գործունեություն ծավալելու առումով, այո՛, նա գնահատեց, որ մենք կարող ենք երկիր կորցնել։ Նա այդպես ասաց՝ նկատի ունենալով, որ այդ 100 հոգին այդպես մեծ վնաս կարող են տալ ՌԴ հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանման մասնաճյուղ 102-րդ ռազմաբազայի նկատմամբ»,- ասաց նա։

Ռազմագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների կողմից մեր երկրի անվտանգության ճարտարապետության փոփոխության գործողություններով փորձ է արվում Հայաստանից դուրս բերել Ռուսաստանի զինվորական ներկայությունը։

«Ի դեպ, Հարավային Կովկասում միակ երկիրը, որտեղ Ռուսաստանն ունի ռազմական ներկայություն, Հայաստանն է։ Այս առումով, Ռուսաստանի գնահատականը բավականին խիստ էր ու առարկայական։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին․ եթե այդ երկիրը փորձի իր լծակները Հայաստանի նկատմամբ որպես պատժամիջոցներ կիրառել, կարծում եմ, որ ՀՀ ցանկացած իշխանության լինելու գործոնը կամ հանգամանքը կարող է շաբաթներ տևել։ Բայց այդ պատժամիջոցներով ոչ միայն իշխանությունն է բավականին ծանր վիճակում հայտնվում, այլև մեր ժողովուրդն ու երկիրը»,-ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ փորձագետի, եթե անգամ այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունների քայլերն ուղղակիորեն հակասում են Ռուսաստանի պետական շահերին, չի նշանակում, որ Ռուսաստանը քայեր կարող է ձեռնարկելու մեր նկատմամբ։

«Բայց եկեք դիտարկենք, թե ինչ լծակներ ունի Ռուսատանը։ Գազը, որը բնակարաններում օգտագործում է, և այն կազմում է մեր երկրի էներգետին անվտանգության 50 տոկոսը, բավականին էժան գնով է գնում Հայաստանը։ Պատկերացրեք, եթե Ռուսաստանը որոշի փոխել դա։ Այնպես, ինչպես Արևմուտքն ասում է՝ ես այսպես եմ ուզում՝ անկախ նրանից, թե մենք ինչ ենք պայմանավորվել․ հիմա մեր շահերից սա է բխում։ Մեր ատոմակայանը, որը տալիս է մոտ 40 տոկոսը մեր էներգետիկ անվտանգության՝ վառելիքը, անվտանգային սպասարկումը և մի շարք այլ գործընթացներ, նույնպես ապահովում է Ռուսաստանը։ Հիմա սա լծա՞կ է․․․ Լծակ է։ Տարբեր պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվում է մոտ 3 միլիոն հայ։ Նրանց մի մասը ՀՀ քաղաքացիներ են։ Մեր բյուջեի հիմնական մուտքերի էական մասը նաև Ռուսաստանից տրանսֆերներն են։ Այսինքն, մեր հայրենակիցներն աշխատում են Ռուսաստանում, գումարներն ուղարկում են իրենց ընտանիքներին, հարազատներին, ընկերներին, և դա էականորեն թեթևացնում է իրավիճակը։ Պատկերացրեք՝ եթե խոչընդոտներ ստեղծվեն նաև այս առումով։ Այսինքն, ՀՀ քաղաքացի հայերը, որոնք չունեն ՌԴ-ում աշխատելու թույլտվություն, այսինքն, եթե օրենքի ամբողջ խստությամբ այդ հարցը դրվի, ապա բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ուղղակի ստիպված կլինեն կիսատ թողնել իրենց աշխատանքն ու վերադառնալ Հայաստան»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ խնդիրներ կարող են առաջանալ նաև ապրանքաշրջանառության ոլորտում։

«Եթե Ռուսաստանը որոշի, որ ելնելով աշխարհաքաղաքական մի շարք իրավիճակներից ու իրենց պետական շահերից՝ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է որոշակի առումով սառեցվեն, ապա Հայաստանը հաշված օրերի ու շաբաթների ընթացքում, ընդ որում, առաջին հերթին մեր ժողովուրդը, դա կզգա իր մաշկի վրա։ Բայց Ռուսաստանը նաև հասկանում է, որ օրվա իշխանությունները դեռևս Հայաստան չեն, ոչ էլ հայ ժողովուրդ են։ Ինչես ասում են, համբերությունն էլ սահման ունի։ Այդուհանդերձ, Ռուսաստանն առայժմ շարունակում է համբերատար լինել։ Փորձում է տարբեր ձևերով, լծակներով բացատրել, հորդորել, համոզել, ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքեր բերել, որպեսզի Ադրբեջանի ուղղությամբ ռազմական գործողություններ չսկսի։ Այս ֆոնին ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսել է գնացել։ Բյուսելը, գիտենք, ՆԱՏՕ-ի շտաբ կայանն է։ Այսինքն՝ այսօր ՀՀ ՊՆ-ն, և երկրի իշխանությունների ռազմական առումով ուղղությունը դեպի արևմուտք է։ Արևմուտքից՝ ՆԱՏՕ-ից, գալիս են բարձրաստիճան գեներալներ, որոնք այստեղ՝ մեր զորամասերում, հիմնականում ուսումնական, խաղաղապահ և այլ կորկրետ գործառույթներ են փորձում իրականացնել»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ Ռուսաստանն այս ամենը շատ լավ տեսնում է։ Համարժեք քայլեր չի կատարում, քանի որ այդ կերպ իրականում կտուժի միայն ՀՀ-ն, թուլանում է մեր երկրի անվտանգությունը։

«Եթե ինքն (Ռուսաստանի Դաշնությունը- խմբ․) այստեղից դուրս գա, ապա այստեղ Թուրքիան է գալու։ Երրորդ տարբերակ չկա։ Օրինակ 5 օր առաջ Մարիա Զախարովան (ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ- խմբ․) կոնկրետ ՀԱՊԿ-ի հետ կապված առաջին անգամ միտք արտահայտեց առ այն, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորքեր և ո՛չ միայն դիտորդներ։ Իսկ այդ խաղաղապահ զորքերն Ալիևի համար զսպիչ գործոն կարող են լինել, ինչպես Արցախում։ Բայց հաշվի առնենք, որ այդ խաղաղապահների գալու դեպքում իրենց կողքին նաև մեր զինուժն է կանգնած լինելու։ Հիմա Հայաստանը չի ստորագրում այդ փաստաթուղթը, որով ՀԱՊԿ դիտորդներ, խաղաղապահ զորք, որը հավելյալ առաջարկում է՝ ասելով, որ համաձայնությունը կա՝ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել չի ցանկանում։ Ընդ որում, այդ զորավարժություը մեզ հնարավորություն կտար բարձրացնել մեր անվտանգության մակարդակը։ Դրա փոխարեն գնում ու մասնակցում են ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող զորավարժություններին»,- ասաց նա։

Այս ամենին, ըստ փորձագետի, գումարվում է նաև Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից ու այդ կառույցի հետ ռազմական ու ռազմատեխնիկական գործակցությունից հրաժարումը։

«Սա ինչպե՞ս կարող է գնահատել ՀԱՊԿ անդամ որևէ երկիր, այդ թվում Ռուսաստանը, եթե ոչ հարված թիկունքից։ Այսինքն՝ հարավային ուղղությամբ, Ռուսաստանը, ունենալով պայմանագային առումով ռազմավարական դաշնակից, հիմա փաստացի թիկունքից հարված է ստանում՝ ի դեմս Հայաստանի օրվա իշխանությունների»,- ասաց նա։

Ռազմագետի գնահատմամբ՝ հնարավոր պատերազմից խուսափելու համար պետք է Հայաստանում ընդունեն ՀԱՊԿ խաղաղապահ զորքերին։

«Մենք այլընտրանք պարզապես չունենք։ Այնպես չէ, որ մենք ընտրության հնարավորություն ունենք, որ ասենք՝ ես ընտրում եմ ՀԱՊԿ-ն կամ Ռուսաստանը։ Դա միակ տարբերակն է։ Հիմա եթե գնահատենք այս իրողությունները, ապա օրվա իշխանությունները Հայաստանին անպատրաստ վիճակում դնում են զոհասեղանին Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում։ Ընդ որում, այդ ոչ պատրաստ լինելու հանգամանքը ասել է հենց Փաշինյան Նիկոլը Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Բունդեսթագի պատգամավորներին»,- ասաց նա։


Սա, ըստ փորձագետի, նշանակում է, որ այն դեպքում, երբ մեր զինուժը չի կարող դիմագրավել Ադրբեջանի ցանկացած լայնածավալ ռազմական ագրեսիայի․ պետք է փնտրել այլընտրանք։

«Այլընտրանքը Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են, որին ՀՀ իշխանությունները չեն համաձայնում։ Այսինքն, ժողովրդական լեզվով ասած, Փաշինյանն Ալիևին ասում է՝ «էստի համեցեք», քանի դեռ մենք պաշտպանված չենք։ Բայց որ պահին ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց խաղաղապահ զորքերը բերեն ու կանգնեցնեն հայ-ադրբեջանական շփման գծով, Ալիևը քայլ անելուց առաջ պետք է մտածի՝ արդյո՞ք իր ռազմական գործողություններն արդյունավետ կլինեն։ Չէ՞ որ ինքը փաստացի դուրս է գալիս ՀԱՊԿ-ի դեմ պատերազմի։ Իսկ պատկերացրեք, որ ՀԱՊԿ անդամ երկրների մի քանի հազարանոց ուժ գա Հայաստան։ Վստահաբար, այդ դեպքում Ալիևը հետքայլ է անելու, նույնիսկ եթե Աիևին այդ քայլի համար սադրեն կամ ճնշեն Թուրքիան և Մեծ Բրիտանիան, որոնք այդ տարածաշրջանում թիվ 1 շահառուներն են՝ ԱՄՆ հանձնարարականները կատարելու մասով։ Ալիևը կարող է հրաժարվել՝ ցույց տալով, որ ինքն ունակ չէ ՀԱՊԿ-ի կամ կազմակերպության անդամների, օրինակ՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու։ Սա միակ ելքն է, որպեսզի մեր տարածաշրջանը «չպայթի»»,- ասաց նա։

Իսկ ստեղծված իրավիճակից հնարավորինս անվնաս դուրս գալու առումով, ըստ փորձագետի, գնդակը ՀՀ ընդդիմության դաշտում է։

«Օրինակ՝ ժամանակ առաջ, ուժային կառույցներ ներկայացնող ընդդիմադիր 3 հասարակական կազմակերպություններ հայտարարություն տարածեցին՝ ՀԱՊԿ-ի հետ կապված։ Նրանք Փաշինյանից պահանջում էին, որ ստորագրի։ Եթե ոչ, ընդդիմությանը կոչ արվեց՝ այդ հարցն արտահերթ նիստով քննելու մասով։ Այսինքն, այստեղ ընդդիմությունը ևս ասելիք ունի։ Սա քաղաքական պրոցեսի լոկոմոտիվ կարող է դառնալ։ Այն խիստ արդյունավետ կարող է լինել այն առումով, որ այդ կեցվածքով չի պահանջվում Փաշինյան Նիկոլի հրաժարականը։ Սա հետաքրքիր պահ է այն առումով, որ ընդդիմությունը խնդիր է դրել՝ ապահովելու երկրի անվտանգությունը, որը խոցելի է՝ առանց Փաշինյանի հրաժարականի։ Նրան միայն պարտադրում են ստորագրել փաստաթուղթը»,- ասաց նա։