Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:20 02-07-2025

Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա

Oragir.News-ը ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք նշում են, որ վերջին օրերին դեղատներում նկատվում է վիտամին C-ի և թորած ջրի պակաս։ Ըստ քաղաքացիների՝ որոշ դեղատներում այս ապրանքները բացակայում են, իսկ որոշներում էլ հասանելի են շատ սահմանափակ քանակությամբ։

«Մի քանի դեղատուն եմ մտել՝ ոչ մի տեղ վիտամին C չունեն։ Նույնը՝ թորած ջրի մասին է, որն անհրաժեշտ է ոչ միայն բուժական, այլև կենցաղային նպատակներով։ Ասացին՝ մատակարարում չկա, չգիտեն՝ երբ կլինի»,- ասում է մայրաքաղաքի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում։

Քաղաքացիները դժգոհում են նաև, որ որոշ վայրերում այս ապրանքները նկատելիորեն թանկացել են՝ ի տարբերություն նախկին գների։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց նաև «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի հետ, որը նշեց, որ այս խնդիրը նոր չէ և գնալով ավելի խորն է դառնում։

«Հայաստանում միայն այդ պրեպարատները չէ, որ չկան։ Հանրապետությունում պահանջվող դեղորայքի ընդամենը 30-40 տոկոսն է հասանելի։ Մենք ունենք լուրջ դեղորայքային դեֆիցիտ։ Ես արդեն շուրջ մեկուկես տարի է՝ դրա մասին ահազանգում եմ։ Օր օրի գրանցման ժամկետները լրանում են, բայց նոր գրանցումներ չեն լինում, որովհետև ներկրող ընկերությունների համար գրանցումը դարձել է ոչ շահավետ։ Գրանցման վճարները բարձրացել են, իսկ գործընթացը տարիներ է ձգվում»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող կառույց, դեղորայքային ապահովության հարցով մտահոգված չէ, մինչդեռ դա նաև ազգային անվտանգության խնդիր է։

«Դեղերը քչանում են, պահանջարկը մեծանում է, իսկ գներն աճում են։ Տուժում է սպառողը։ Եվ այս ամենի ֆոնին, որոշ ընտրյալ ներկրողներ՝ որոնց համար «կանաչ լույս» է վառվում, արագ գրանցում են իրենց ապրանքները և վաճառքի հանում բարձր գներով։ Սա արդեն մեկ տարուց ավել շարունակվող խնդիր է առողջապահական համակարգում»,- նշեց մեր զրուցակիցը։

Խնդրի լուծման համար, իրավապաշտպանի կարծիքով, անհրաժեշտ է մասնագիտական գնահատում․

«Պետք է գույքագրել, թե այս պահին քանի դեղորայք կա գրանցված և քանիսի գրանցման անհրաժեշտություն կա։ Մենք պետք է ունենանք առնվազն 8000 տեսակ դեղորայք, որպեսզի համարենք, որ բազային ապահովում ունենք։ Բայց անցած տարվա տվյալներով՝ այդ թիվը մոտ 3000-ի էր։ Դեղերը փչանում են, իսկ գրանցումները կանգ են առնում։ Պետք է արագ լուծումներ գտնվեն՝ գրանցման գործընթացը պարզեցվի, արդարացի դարձվի։ Կա ներկրող, որը դեղը 2 շաբաթում է գրանցում, իսկ մյուսը՝ 1 տարի սպասում է եվրոպական որակի դեղերի գրանցման համար»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
22:11 Մի պահ կարող է թվալ, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ն տպարան է
22:41 Գեղարոտում շարունակում են հաշվառել աղետի պատճառած վնասները՝ կարկուտը բերքն է տարել, քամին՝ շենքերի տանիքները