Ոչ մի օր՝ առանց Արցախի. Բենիամին Օվչյան․ արցախյան բեմի երախտավորը
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. Բենիամին Օվչյան․ արցախյան բեմի երախտավորը

Ներքին 4 ժամ առաջ - 22:15 13-05-2025
Իր գոյության ընթացքում Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է ավելի քան երեք հարյուր ներկայացում, ու կարելի է հաստատապես պնդել, որ իր հիմնադրումից ի վեր (1932-ի օգոստոս․ սկզբից այն կոչվում էր Մաքսիմ Գորկու, 1989-ից՝ Վահրամ Փափազյանի անվամբ) Ստեփանակերտում մշտապես եղել է թատերասեր հասարակություն։ Բարձրաճաշակ թատերասեր հասարակություն, որն ի վիճակի էր գնահատել բարձրավեստ խաղն ու նրա հեղինակներին նվիրել ծափահարություններ ու ծաղկեփնջեր, թատրոնից դուրս էլ արժանացնել հարգանքի ու ակնածանքի։

Արցախում, հասկանալի պատճառներով, շատ չէին կայացած մարզամշակութային օջախներն ու կոլեկտիվները, որոնք կարող էին եղանակ ստեղծել, սերունդներ ու ճաշակ ձևավորել, բարձր պահել ժողովրդի ոգին։ Թերևս, Ստեփանակերտի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմից բացի, թատրոնն այն միակ կոլեկտիվն էր, որի ուսերին շատ բան էր դրված։

Հայ թատերարվեստը մշտապես սնուցել է Ստեփանակերտի թատրոնը․ Հովհաննես Աբելյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վահրամ Փափազյան, Արուս Ոսկանյան, Կարո Ալվարյան, Միքայել Կորգանյան։ Նրանք բոլորն էլ զարդարել են Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի բեմը․ ոմանք՝ որպես դերասան, մյուսները՝ որպես ռեժիսոր։ Այս համաստեղության շնորհակալ գործը շարունակեցին Բենիամին Օվչյանը, Լեոնիդ Հարությունյանը, Սամվել Վիրաբյանը, Սամվել Եվրիյանը և այլոք, չնայած, ինչ խոսք, վճռորոշ դերակատարություն են ունեցել նաև տեղացի կադրերը՝ ի դեմս Մարգո Բալասնյանի, Քաջիկ Հարությունյանի և այլոց։

Ինձ վրա մեծ տպավորություն են գործել Օվչյանն ու Վիրաբյանը, որոնց կանդրադառնամ հաջորդաբար։

Բենիկ Օվչյանի հետ բախտ եմ ունեցել առնչվել նաև թատրոնից դուրս՝ Արցախյան շարժման առաջին օրերին, երբ նա որոշակի դերակատարություն ունեցավ։ Կար մի օր, երբ հանրահավաք չպիտի լիներ, բայց արդեն վճռական պայքարի ելած ժողովուրդը լսել անգամ չէր ուզում այդ մասին և հավաքվել էր Ստեփանակերտի Վերածննդի (այն ժամանակ՝ Լենինի) հրապարակում։ Շարժման ակտիվիստներից մեկի առաջարկով հենց Բենիամին Օվչյանին բերեցին հրապարակ, որպեսզի, որպես ժողովրդի մեջ մեծ հարգանք ունեցող անհատ, դիմի ժողովրդին։



-Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Շարժման ղեկավարությունն է այդպես որոշել, այսօր պետք չէ հանրահավաք անել։ Առանց ձեզ ոչինչ չի որոշվելու, որոշողը դուք եք լինելու, իսկ այսօր գնացեք ձեր տները,- իր խրոխտ ձայնով հավաքվածներին դիմեց նա։ Ու ժողովուրդն անսաց սիրված դերասանի խոսքին։

Որքան հիշում եմ, նա ընտրվեց Շարժումը համակարգող «Կռունկ» կոմիտեի կազմում։
Ինձ վրա Օվչյանը թողել է անջնջելի տպավորություն՝ և՛ որպես մարդ, և՛ որպես արվեստագետ։

Ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում՝ 1918 թվականին՝ տարածաշրջանում հայտնի ու հարգված մանկավարժներ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանն ավարտած Հովհաննեսի ու Սաթենիկի օջախում։ Նրանք հաճախ էին գյուղում ներկայացումներ կազմակերպում, որոնցում նաև հանդես էին գալիս որպես դերասաններ։ Ասել է թե՝ փոքրիկ Բենիամինի մեջ սերը թատրոնի նկատմամբ ներարկվել է հենց մանկուց։ Ու դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Բաքվի թատերական ուսումնարան՝ այն ավարտելով 1939-ին։

Մասնակցել է երկրորդ աշխարհամարտին, 1947-ից հաստատվել Ստեփանակերտում, որտեղ էլ գտավ իր երկրորդ կեսին՝ տաղանդավոր դերասանուհի Թամարա Մելքումյանին։

Իհարկե, Բենիկ Օվչյանն իսկույն դարձավ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Ավելի քան հիսուն տարում խաղացել է ավելի քան 150 դեր, որոնք բարձր են գնահատվել ժամանակի մամուլի և թատերական արվեստի գիտակների ու մասնագետների կողմից։ 1973 թվականին Բենիկ Օվչյանին Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել։ Պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով և Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Եվ նա իսկապես ժողովրդական արտիստ էր՝ թատերասեր լայն հասարակության կողմից նրա մատուցած արվեստի լայն ընդունելությամբ, ու ոչ միայն Արցախում, այլև նրանից դուրս՝ Հայաստանում, Վրաստանում, հայաշատ այլ վայրերում։



Բենիամի Օվչյանն ապրեց հայ մարդու, նվիրյալ արվեստագետի օրինակելի կյանքով՝ իր նշանակալի ավանդը բերելով արցախյան թատերարվեստի զարգացմանը։

Ջուլիկյան («Ա՜խ, ներվեր, ներվեր»), Միքայել («Էլի մեկ զոհ»), Ռուստամ («Նամուս»), Վիշնևսկի («Եկամտաբեր պաշտոն), Գևորգ («Նույն հարկի տակ»), Վաչագան («Անահիտ»), Թումանյան («Մեծ լոռեցին»), Նեզնամով («Անմեղ մեղավորներ»), Փանդիաշվիլի («Խանումը»)։ Սա Օվչյանի կողմից մեծ վարպետությամբ մարմնավորած դերերի ոչ ամբողջական ցանկն է։ Դերեր, որոնք սիրվեցին արցախցի թատերասերների կողմից և որոշակի առումով իրենց դերը խաղացին մարդկանց գեղագիտական դաստիարակության ու բարոյական ընկալումների ձևավորման վրա։

Վախճանվել է սիրված դերասանը 2005 թվականի օգոստոսի 25-ին՝ Ստեփանակերտում։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:


Ամենից շատ դիտված

17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ