ԱԳՆ-ում չգիտեն՝ կարիերայի թռիչքային աճ ունեցած փոխնախարարը որ ուղղություններն է համակարգելու
copy image url

ԱԳՆ-ում չգիտեն՝ կարիերայի թռիչքային աճ ունեցած փոխնախարարը որ ուղղություններն է համակարգելու

Ներքին 3 ամիս առաջ - 16:30 19-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Աբիսողոմոնյանը մինչ այդ զբաղեցնում էր արտգործնախարարի խորհրդականի պաշտոնը։

Oragir.News-ը ուսումնասիրեց նորանշանակ փոխանախարարի կենսագրությունը՝ հասկանալու համար, թե նախքան իր նշանակումը նա ինչ գործունեություն է ծավելել, ինչպես նաև՝ որ արժանիքների համար է փոխարտգործնախարար նշանակվել․

Նախքան դիվանագիտական ծառայության անցնելը՝ Աբիսողոմոնյանը 2008 թվականին աշխատել է «Պռոկրեդիտ» բանկում՝ որպես վարկային մասնագետ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունում նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ մամուլի և տեղեկատվության վարչության փորձնակի պաշտոնից։ 2009-2020 թվականներին Աբիսողոմոնյանի կարիերայի աճը եղել է բնականոն, և նա դիվանագիտական սանդուղքով հերթով բարձրացել է՝ զբաղեցնելով Ռումինիայում ՀՀ դեսպանի օգնականի (2011-2013), ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ հարցերի բաժնի կցորդի (2015-2017) և ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կցորդի, երրորդ քարտուղարի (2017-2020) պաշտոնները։

Ուշագրավ է, որ արդեն 2021 թվականից Աբիսողոմոնյանի կարիերայում թռիչքային աճ է նկատվում, և 3-րդ քարտուղարի պաշտոնից հետո նրա աճը շարունակվում է ոչ թե դիվանագիտական սանդուղքի տրամաբանությամբ, այլ՝ հայեցողականության սկզբունքով․ 2021-2023 թվականներին նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի օգնականի, 2023-2025 թվականներին էլ՝ խորհրդականի պաշտոնը։

Oragir.News-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց՝ վերջին տարիներին կարիերայի թռիչքային աճ արձանագրած փոխարտգործնախարարը ԱԳՆ-ում ո՞ր ուղղություններն է համակարգելու։ Ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա է միայն Ռոբերտ Աբիսողոմոնյանի կենսագրությունը, որը արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված է։ «Եթե հավելյալ հավելյալ տեղեկատվություն ունենամ, որը ենթակա կլինի հրապարակման, կտեղեկացնենք, բայց այս պահին այն է, ինչ ունենք»։

Oragir.News-ի ճշտող հարցին՝ փոխարտգործնախարարի կողմից համակարգվելիք ուղղությունները հրապարակման ենթակա չե՞ն։ «Սովորաբար դա մենք հանրային չենք նշում, եթե դա սահմանվում է հանրային, համապատասխանաբար լինում է հանրային։ Այս պահի դրությամբ դրան դեռևս անդրադարձ չունենք, եթե կարիք լինի կտեղեկացնենք։ Ոլորտները հրապարակելու անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ասաց նա՝ նշելով, որ դա գաղտնի ինֆորմացիա չէ, և անհրաժեշտության դեպքում այն կհրապարկվի։

Անի Բադալյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես կարող ենք ծանոթանալ Աբիսողոմոնյանի հեղինակած գիտական հոդվածներին։ Նա պատասխանեց, որ այս մասով անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել՝ խոստանալով տրամադրել դրանք։

Այսպիսով՝ չնայած նորանշանակ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը 2021 թվականից հետո կարիերայի թռիչքային աճ է ունեցել, այնուամենայնիվ ԱԳՆ-ում դեռևս չգիտեն, թե վերջինս գերատեսչությունում որ ուղղություններն է համակարգելու և այդ տեղեկատվությունը հրապարակելու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեն տեսնում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
21:10 Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը․ Լիլիթ Աղեկյան
17:04 Բոլոր մարդիկ մեղքով են ծնվում, ՀՀ քաղաքացիները՝ 15 մլն պարտքով
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել