Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
Այս համատեքստում ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում քննարկումներ են ծավալվում, թե Թրամփի վերադարձը Սպիտակ տուն ինչ ազդեցություն կունենա աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Քննարկման առարկա են դարձել նաև այն ակնկալիքները, որոնք Թուրքիան կարող է ունենալ Թրամփի վարչակազմի հետ փոխգործակցությունից։
Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն բանին, որ Թուրքիան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել այն հարցերը, որոնք չեն հաջողվել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
Մասնավորապես Թուրքիային հուզում են հետևյալ չորս հարցերը, որոնք վերաբերվում են Սիրիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին (YPG) տրվող աջակցությանը, պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի վերացմանը և F-35 ու F-16 կործանիչների ձեռքբերմանը։
Թուրքական կողմը Թրամփից ակնկալում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի «ահաբեկչական» կազմակերպություն համարվող Սիրիայի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» հատկացվող օգնությունը։
Վերջին տարիներին Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում կարևոր խնդիր են հանդիսանում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։ Դրանք կապված են Ռուսաստանից S-400 հակօդային պաշտպանության համակարգերի գնման հետ և Թուրքիան ակնկալում է, որ այդ պատժամիջոցները կվերացվեն։
Հաջորդիվ F-35 կործանիչների խնդիրն է։ ԱՄՆ-ն Թուրքիային հանել է F-35 կործանիչների ծրագրից՝ պատճառաբանելով ՌԴ-ից S-400 հակօդային պաշտպանության համակարգերի գնումը։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ը Թուրքիային պարտք է 1 մլրդ 450 մլն դոլար՝ ծրագրի ընթացքում կատարած ներդրումների համար։
Մյուս ակնկալիքն էլ կապված է F-16 կործանիչների գնման հետ։ Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչ։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն էր առաջացրել ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի դեմ զենքի էմբարգոյի վերցումը և Թուրքիան ակնկալում է նաև այս հարցում հասնել լուծման։
Թուրիքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անկալում է, որ Թրամփի պաշտոնավարման օրոք թուրք-ամերիկյան բարեկամությունը կշարունակվի նույն կերպ։ Թուրքիայի համար շատ կարևոր է նույն կերպ շարունակել առաջին շրջանում եղած երկկողմ բարեկամությունը։ Ինչպես, որ Թրամփն է համառորեն ասում. «Ես վերջ կտամ ռուս-ուկրաինական պատերազմին», այնպես էլ Թուրքիան է ասում, որ կանի այն ինչ այդ հարցում, քանի որ Թուրքիան էլ կողմնակից չէ աշխարհում պատերազմների։ Թրամփի հետ բանակցություններում կքննարկենք այս հարցերը և համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Հուսով եմ, որ Թրամփի պաշտոնավարման 2-րդ շրջանը շահավետ կլինի ողջ մարդկության համար»,- Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը։