Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:04 17-10-2024

Շարունակվում են Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովվապետական այցելությունները

Շարունակվում են Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովվապետական այցելությունները։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ «Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմին շնորհած հովուապետական այցելութեանց երկրորդ հանգրուանը նոյն թափով կը շարունակէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, այս անգամ առաւելաբար այցելելով շրջանի փոքր գաղութները։

Արդ, Երեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2024-ին, Պոսթընէն ետք, Նորին Սրբութիւնը եւ իր շքախումբը ուղղուեցան Իլինոյ նահանգի Կրանիթ Սիթիի հայ համայնքը։ Յայտնենք, որ տեղւոյն Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ օծումը կատարած է Վեհափառ Հայրապետը, իբրեւ նորաօծ Հայրապետ, 1997 թուականին։

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Դանիէլ Քհնյ. Մանճիկեան, եկեղեցւոյ հոգաբարձութեան ներկայացուցիչները, կիրակնօրեայ դպրոցի տեսչութիւնն ու աշակերտութիւնը եւ հաւատացեալ ժողովուրդը, եկեղեցւոյ մուտքին ջերմօրէն դիմաւորեցին Նորին Սուրբ Օծութիւնը։ Կատարուեցաւ «Հրաշափառ»ի արարողութիւն, որուն մասնակցեցան շրջանի օտար եկեղեցականները եւս։

Արարողութեան աւարտին, թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան հրաւիրեց Վեհափառ Հայրապետը՝ իր պատգամը ուղղելու ժողովուրդին։ Անդրադառնալով այս եկեղեցւոյ օծումը կատարելուն՝ Վեհափառ Հայրապետը ըսաւ, թէ եկեղեցւոյ խորանը, սիւները եւ այլ բաժինները կ՚օծենք ու եկեղեցին կը մկրտենք սուրբի մը անունով, սակայն եկեղեցւոյ օծումով ժողովուրդն է որ կ՚օծուի, ան է որ եկեղեցին եկեղեցի կը դարձնէ: Հայրապետը շեշտեց, թէ ժողովուրդը եկեղեցի դառնալով պէտք է ինքզինք արժեւորէ որպէս եկեղեցի՝ մասնակցելով եկեղեցւոյ հաւաքական կեանքին ու վկայութեան: Իր խօսքը ներկայ օտար հոգեւորականներուն ուղղելով՝ Նորին Սուրբ Օծութիւնը ըսաւ, որ իրենց ներկայութիւնը վկայութիւն մըն է, թէ հակառակ պատմութեան ընթացքին եկեղեցւոյ կեանքին մէջ տեղի ունեցած բաժանումներուն, այսօր միջ-եկեղեցական շարժումին շնորհիւ եկեղեցիներ կը գործակցին, թէ՛ տեղական եւ թէ՛ միջազգային մակարդակներու վրայ: Այս ծիրին մէջ ան շեշտեց միջ-եկեղեցական գործակցութիւնը աւելի ծաւալելու հրամայականը:

Վեհափառ Հայրապետին պատգամին յաջորդեց աջահամբոյր, որմէ ետք եկեղեցւոյ սրահին մէջ հովուապետ եւ հօտ միաբնաբար համախմբուեցան սիրոյ սեղաանի մը շուրջ։

Ընթրիքի ընթացքին խօսք առին եկեղեցւոյ հոգաբարձութեան ատենապետ Սթիվըն Յակոբեան, ազգային վարչութեան ատենապետ Արամ Սարաֆեան, Հայր Ճոն Պրունէթ ընթերցեց Իլինոյ նահանգի Սփրինկֆիլտ քաղաքի կաթոլիկ եկեղեցւոյ առաջնորդ Փափրաքի եպիսկոպոսին նամակը, որմէ ետք թեմի առաջնորդ սրբազան հայրը, յաւուր պատշաճի իր արտասանած խօսքէն ետք, հրաւիրեց Նորին Սրբութիւնը՝ փակման խօսքը կատարելու: Համայնական կեանքին մէջ երիտասարդներուն ունենալիք դերակատարութիւնը լուսարձակի տակ բերելով՝ Վեհափառ Հայրապետը ըսաւ. «ինծի համար սիրելի են բոլոր ներկաները, սակայն աւելի սիրելի են այնտեղ նստած երիտասարդները, որովհետեւ ես զանոնք կը նկատեմ արիւնը մեր համայնքին: Երիտասարդութիւնը մեր կեանքի լուսանցքին վրայ չէ եւ պէտք չէ ըլլայ, այլ՝ մայր էջին վրայ: Մենք պէտք է խօսի՛նք երիտասարդութեան հետ, լսե՛նք զինք, որովհետեւ ան ըսելիք ունի եւ աւելի ծանօթ է ժամանակակից աշխարհի պայմաններուն»: Ապա, Վեհափառ Հայրապետը պատասխանեց իրեն ուղղուած հարցումներուն, որոնք առնչուած էին ընկերային ցանցերու ազդեցութեան, եկեղեցւոյ դերակատարութեան եւ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին:

Յաջորդ առաւօտ, Նորին Սրբութիւնը ուղղուեցաւ Շիքակօ»,- նշվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան