copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 22:00 05-09-2024

Միջանցքի խնդրի նման լուծմամբ ՀՀ տարածքը դառնում է հակամարտության օբյեկտ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նախօրեին խորհրդարանում հաստատեց լրատվամիջոցներում ամիսներ շարունակ շրջանառվող այն տեղեկությունները, համաձայն որոնց հայկական կողմը բանակցությունների ժամանակ քննարկել է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հանձնելու հարցը։ Նախարարի խոսքով՝ խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, սակայն դետալները դեռևս պարզ չեն։

Մնացական Սաֆարյանի այս հայտարարությունից հետո Հայաստանում կարծիքներ հնչեցին, որ խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին է, և գործող իշխանությունները փաստացի համաձայնել են այն տրամադրել, չնայած այն բանին, որ տևական ժամանակ հանրությանը վստահեցնում էին, որ իրենք ոչ մի պարագայում միջանցք չեն տրամադրելու։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշեց, որ այս հարցն ավելի մանրամասն գնահատելու համար անհրաժեշտ է տեղյակ լինել, թե համապատասխան քննարկումը ինչ դետալներով է տեղի ունեցել, խոսքն ինչ ֆունկցիաներ պատվիրակելու մասին է և այլն։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ եթե քննարկվում է մասնավոր ընկերության ներգրավման հարցը, ապա անշուշտ սա նշանակում է այդ ընկերությանը սուվերենության որևէ ֆունկցիա պատվիրակելու հեռանկար կամ տարբերակ։

«Այլապես հարց է առաջանում, թե այդ ընկերությունն ընդհանրապես ինչ է անելու։ Բացի այդ, եթե ներգրավվում է որևէ ընկերություն, ապա դա նշանակում է, որ ճանաչվում է Հայաստանի տարածքի հակամարտության օբյեկտ լինելու որոշակի տրամաբանություն։ Հակառակ դեպքում հարց է առաջանում՝ ինչու ներգրավել որևէ կազմակերպության, եթե ճանապարհները բացվելու են սուվերենության և տարածքային ամբողջականության օրինաչափ տրամաբանության մեջ»,- կարծում է նա։

Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ փոխարտգործնախարարի հայտարարության մեջ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա նշել էր, որ այդ քննարկումը կապ չունի «Հայկական խաչմերուկ» ծրագրի հետ։ Ըստ նրա՝ այս պարագայում հարց է առաջանում, թե այդ քննարկումն ինչի հետ կապ ունի, ինչ տրամաբանության մեջ է եղել մասնավոր ընկերության ներգրավման քննարկումը, քանի որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ իր մոտեցումներն արտացոլված են «Հայկական խաչմերուկ» տրամաբանության մեջ։

Oragir.News-ի հարցին, թե Հայաստանի իշխանություններին ո՞ւմ կողմից է այս տարբերակը պարտադրվել՝ Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ չի օգտագործի պարտադրել բառը, քանի որ որևէ տեղեկություն չունի՝ նման բան պարտադրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Նա նշում է՝ քննարկել դեռևս չի նշանակում պարտադրել, ինքը կարծում է, որ այս գաղափարը պատկանում է ամերիկյան կողմին, ու այն Հայաստանի իշխանություններին թույլ կտա իրենց դեմքը փրկել՝ հայտարարելով, որ սուվերենության զիջում տեղի չի ունեցել։

Oragir.News-ի հարցին՝ եթե ի վերջո հայկական կոմղը պետք է միջանցք տրամադրեր, ավելի ճիշտ չէր լինի դա անել նախքան Արցախի անկումը ու խուսափել դրանից, քանի որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարում էին, որ Լաչինի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ները պետք է գործեն նույն ռեժիմով՝ քաղաքական մեկնաբանը պատասխանեց, որ ճանապարհների հարցում իրավիճակը, քննարկումներն ու տարբերակները շատ ավելի բազմաշերտ ու բարդ երևույթ են, ուստի դա լիարժեք քննարկումների տրամաբանության մեջ չի քննարկի։ Նա շեշտում է, որ մասնավոր կազմակերպության տարբերակ քննարկելը դեռևս չի նշանակում ընդունել այդ տարբերակը, որովհետև ժամանակին նույն կերպ քննարկվել է նաև այն ռեժիմը, որն առկա էր ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնությունների շրջանակներում։

«Մենք գիտենք, որ Հայաստանը դա էլ է քննարկել և այս տեսանկյունից դրա համար եմ նշում, որ ճանապարհների հարցում բավական բազմաշերտ և իրարամերժ շահերի բախման իրադրություն է, և այդտեղ իրավիճակը հնարավոր չէ լիարժեք և ստույգ գնահատականներով դիտարկել։ Դրա համար էլ ինքս կարծում եմ, որ այդտեղ տեղի ունեցողին պետք է մի քիչ ավելի լայն նայել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան