34 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որն անկյունաքարային նշանակություն ունեցավ հայոց նորագույն պատմության մեջ։ Անկախության հռչագիրը դարձավ Հայաստանի Հանրապետության հիմադիր փաստաթուղթը, որի ընդունումից 1 տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներով Հայաստանը վերականգնեց իր անկախությունը։
Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը վերջին տարիներին հայտնվել է թուրք-ադրբեջանական տանդեմի թիրախում, քանի որ, վերջինիս պնդմամբ, այն իր մեջ այսպես կոչված «տարածքային պահանջներ» է պարունակում հարևան պետությունների նկատմամբ։ Թշնամուն անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ ՀՀ Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա, ուստի այժմ վերջինս Նիկոլ Փաշինյանի կառավարությունից պահանջում է նոր Սահմադրություն ընդունել և դրանից հանել Անկախության հռչակագրին կատարվող հղումը։
Oragir.News-ը ուսումնասիրել և պարզել է, որ իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում Անկախության հռչակագրի նկատմամբ նույնպես Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը փոխվել է, և այս կապակցությամբ վերջինիս հղած ուղերձների շեշտադրումները զգալիորեն փոխվել ենզգալիորեն փոխվել են, ինչպես դա եղել է Հայոց ցեղասպանության, Մայիսյան հերոսամարտերի և Սահմանադրության օրվա կապակցությամբ հղած ուղերձների պարագայում։ Հատկանշական է, որ իր պաշտոնավարման սկզբնական տարիներին Փաշինյանն ընդգծում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, ապա 44-օրյա աղետալի պատերազմին հաջորդած տարիներին կառավարության ղեկավարը պարբերաբար զգուշացնում է Հայաստանի պետականությունը կորցնելու վտանգի մասին, նշում դա կանխելու անհրաժեշտությունը։
2018-ի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց երեքուկես ամիս անց Նիկոլ Փաշինյանը Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված ուղերձ չի հղել, իսկ նույն օրը տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վերջինս համոզմունք էր հայտնել, որ Հայաստանն այսօր գտնվում է Անկախության հռչակագրի ընդունման ժամանակ եղած բոլոր երազանքների իրագործման ճանապարհին:
«
Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հետագայում Հայաստանի անկախության, անկախ պետականության հաստատման հիմք հանդիսացավ: Ես մեզ բոլորիս, հայ ժողովրդին շնորհավորում եմ այս պատմական իրադարձության կապակցությամբ և համոզված եմ, որ բոլոր այն երազանքները, որ մենք ունեինք հռչակագրի ընդունման պահին և ունենք այսօր, մենք անսասան գտնվում ենք բոլոր այդ երազանքների իրագործման ճանապարհին, և որևէ կասկած չկա, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է հզոր, ազատ և երջանիկ»,- 2018-ին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ տարի՝
2019-ին, Փաշինյանն Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ առանձին ուղերձ հղեց՝ համոզմունք հայտնելով, որ հռչակագիրը հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը․
«
Ինքնիշխանության հաստատման այդ տարիների ամեն օրը մեզ համար եղել է հանրային համակեցության դժվարությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների, հայտնի ու թաքուն փորձությունների անընդհատ շղթա, որը կարողացել ենք հաղթահարել դարձյալ միասնական կամքով ու նվիրումով:
Ղարաբաղյան գոյամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին։
Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ: Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:
2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկից 1 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանը կրկին Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց, որը իր նախորդ ու հաջորդ ուղերձներից ամենաերկարն էր։
2020-ի օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով՝ համոզմունք հայտնելով, որ այդ հաղթանակներից ամենակարեւորն Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձեւավորման հիմք ու խթան հանդիսացավ․ «2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, և Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը»։
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական և հանրային ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակն էր, իսկ կոռուպցիան երկար տարիներ եղել է կառավարման առանցքային գործիքակազմը, ինչի հետեւանքով Հայաստանը մնացել է առանց արդյունավետ պետական կառավարման համակարգի:
«
Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և մեր պատմական պարտքն ու առաքելությունն է՝ մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն», - իր ուղերձը 2020 թվականին այսպես էր եզրափակում Փաշինյանը՝ փառաբանելով Հայաստանի և Արցախի Հանրապետությունները։
2021 թվականին Նիկոլ Փաշինյանի ուղերձը հակիրճ էր, և այն հիմնականում կրկնում էր նախորդ տարիների ուղերձների ընդհանրական ձևակերպումները․
«
Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:
Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 31-ամյակի կապակցությամբ»:
Արդեն
2022-ի օգոստոսի 23-ի ուղերձում Նիկոլ Փաշինյանը անկախությունը համեմատում էր առողջության հետ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասին անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել։ Փաշինյանը պնդում էր, որ իր կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի անկախության համար․
«
Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում:
Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ. մենք թեև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:
Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:
Անկախությունն առերեսում է, և հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք: Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, և սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան»։
Նախորդ տարի՝
2023 թվականի օգոստոսի 23-ին՝ Արցախի լիակատար բռնազավթումից և հայաթափումից 1 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով քննադատեց Անկախության հռչակագիրը՝ պնդելով, որ թեպետ ժամանակին հռչակագրին վերաբերվել է որպես «աստվածաշնչյան ուղերձի», այժմ կարծում է, որ այն քաղաքական փաստաթուղթ է և կարիք ունի քննության:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այդ ճանապարհով ընտրվել է Հայաստանը մշտապես կոնֆլիկտների մեջ պահող կոնֆրոնտացիոն ուղի, մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին արդեն իսկ հանգեցրել է անկախության կորստի: Փաշինյանը զուգահեռաբար ընդգծում էր իր խաղաղության օրակարգի կարևորությունը, պնդում՝ «եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն»:
«Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»,- նկատել էր Փաշինյանը՝ նախորդ տարի։
Այսօր՝
2024 թվականի օգոստոսի 23-ին, իր հղած ուղերձում Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ չնայած Հայաստանի մայր օրենքը հղում է կատարում ՀՀ Անկախության հռչակագրին, այնուամենայնիվ սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են: Ըստ նրա՝ դրա ամենավառ ապացույցը հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»:
Փաշինյանը նաև նշել է, որ անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձևեր են, բոլորովին ուրիշ հարթություններ և այժմ Հայաստանը ոտք է դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում այդ բանաձևերը:
Ուղերձին կից Փաշինյանը հղել էր նաև իր հեղինակած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը, որը քաղաքացիների շրջանում իրարամերժ գնահատականների էր արժանացել։