Արտաշես արքայից ու Կիլիկիայից մինչև 29.743 քկմ Հայաստան. Փաշինյանի ուղերձների տխուր դինամիկան
copy image url

Արտաշես արքայից ու Կիլիկիայից մինչև 29.743 քկմ Հայաստան. Փաշինյանի ուղերձների տխուր դինամիկան

Ներքին 1 օր առաջ - 18:00 28-05-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

107 տարի առաջ հենց այս օրը հայ ժողովուրդն իր մայր հայրենիքում դարեր անց կրկին կարողացավ անկախ պետականություն ձևավորել, ինչը շրջադարձային իրադարձություն էր հայոց նորագույն պատմության մեջ:

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը նշանավորեց նորագույն դարաշրջանի սկիզբը, ու չնայած իր գոյության կարճատև՝ երկուսկես տարվա ընթացքին, այն կարևորագույն նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ։ Իրավմամբ կարող ենք պնդել, եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը չէին լինի նաև Խորհրդային Հայաստանն ու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը և դժվար է պատկերացնել, թե այսօր ինչ իրավիճակում կլիներ հայ ժողովուրդը, կամ առհասարակ՝ գոյություն կունենա՞ր նա, թե՞ ոչ։

Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը։ Սարդարապատի հուշահամալիրում ունեցած ելույթում կառավարության ղեկավարը հերթական անգամ վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ «Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան: Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս ՀՀ ուղեկից չեն: Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», - կարծում է նա։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ երրորդ Հանրապետության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։

Ըստ նրա՝ պատմությունն ու աշխարհը հայ ժողովուրդը շարունակում է հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը սերմանել է, իսկ մեր պետության և ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարել, ինչի արդյունքում կկարողանանք հաղթահարել և մարսել մի քանի առանցքային իրողություն։

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձի վերջում համոզմունք է հայտնել, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է, իսկ մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։

Հանրապետության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել նաև նախորդ 7 տարիներին, որոնցում տեղ գտած շեշտադրումները վերջին տարիներին նկատելիորեն փոխվել են։

Թեպետ վերջին տարիների ուղերձներում Նիկոլ Փաշինյանը չի հիշատակում, որ հայ ժողովուրդը 1918 թվականին հաղթել է իրեն քանակապես մի քանի անգամ գերազանցող և մինչև ատամները զինված թուրքական զորքերին, այնուամենայնիվ 2018-ին՝ իշխանության գալուց օրեր անց, Սարդարապատից հղած ուղերձում կարևորում էր, որ պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր՝ այս իրողությունը որակելով որպես ճակատագրական շրջադարձ։ Նա ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ հայ ժողովուրդն այդ կարգավիճակը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով ու արյունով։

«Բաշ-Ապարանում և Սարդարապատում տարավ իր պատմության փառահեղ հաղթանակներից՝ ջախջախելով թուրքական զորամիավորումներին, և այդ հաղթանակի թագն ու պսակը դարձավ Առաջին Հանրապետության հռչակումը: Հերոսական այս ճակատամարտերի պատմությունն աներևակայելի է: Ինչպե՞ս, այդ ինչպե՞ս կարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին»,- մայիսյան հերոսամարտերով հպարատանում էր նորընտիր Նիկոլ Փաշինյանը՝ չմոռանալով շեշտել, որ հայ ժողովրդի երակներով հոսում է Արտաշես արքայի, Մեսրոպ Մաշտոցի և Վարդան Մամիկոնյանի արյունը։

Բացի այդ, Փաշինյանն իրավմամբ նշեց՝ հայ ժողովուրդը մայիսյան հերոսամարտերում հաղթեց, որովհետև հույսը դրել էր ոչ թե ուրիշների, այլ միայն իր վրա, հասկացել, որ ազգային պետությունն է ինքնության ու արժանապատվության միակ երաշխիքը։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հաղթանակը պայմանավորեց Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Դանիել Բեկ-Փիրումյանի նման հրամանատարներ ունենալու հանգամանքով, իսկ ուղերձի ավարտին փառաբանեց մայիսյան հերոսամարտերի բոլոր զոհերին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետություններին։

2019-ին Նիկոլ Փաշինյանը կրկին Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձը հղում էր Սարդարապատի հուշահամալիրից, և այն առատ էր մայիսյան հերոսամարտերի նշանակությունը գնահատող, իսկ դրանց մասնակիցներին գովերգող խոսքերով։

Փաշինյանը 2019-ին Հանրապետության տոնը որակեց մեր մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը, ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Հանրապետության հռչակումը տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կառավարության ղեկավարը հանրությանը հիշեցրեց, որ Հանրապետության հռչակումը տեղի էր ունեցել Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց, իսկ պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության:

2019-ի ուղերձում նույնպես Նիկոլ Փաշինյանը փառաբանեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներին և Առաջին հանրապետության պետական այրերին՝ նրանց հոգիներին հանգստություն մաղթելով և նշելով, իր իրենց գործն այսօր տեր ունի։ Այս տարվա իր ուղերձում նույնպես Փաշինյանը փառաբանեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ինչպես նաև շեշտեց, որ հենց մայիսյան հերոսամարտերի մասնակիցների սխրանքներով են ոգեշնչվել Արցախյան ազատամարտը կերտած գործիչները։

2020-ին Հանրապետության օրվա կապակցությամբ տոնակատարություններ չկազմակերպվեցին, քանի որ այդ օրերին երկրում մոլեգնում էր կորոնավիրուսային համավարակը։ Հանրապետության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում Փաշինյանը, դիմելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությանը, հիշեցնում էր, թե ինչ օրհասական իրավիճակ էր ստեղծվել, երբ թուրքական զորքերը մայիսի 15-ին գրավել էին Ալեքսանդրապոլը (ներկայիս Գյումրին-խմբ), ու նրանց հետագա առաջխաղացումն ու հայ ժողովրդի ոչնաչացումն անխուսափելի էր թվում։

Կառավարության ղեկավարը գովաբանեց Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ նշելով, որ նա դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը, իսկ ավելի ուշ հուսահատությունը փոխվեց ոգևորության: «Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը»,- հպարտությամբ ընդգծում էր Փաշինյանը։

2020-ին նույնպես Նիկոլ Փաշինյանը փառաբանում էր մայիսյան հերոսամարտերի բոլոր զոհերին, հիշատակում այդ մարտերում առանձնակի դերակատարում ունեցած հրամանատարներին։ Այս անգամ նույնպես Փաշինյանը չմոռացավ փառաբանել Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ նշելով, որ հավատարիմ է ինչպես Սարդարապարտի, այնպես էլ Արցախյան ազատմարտի հաղթանակի ավանդներին։

Հետպատերազմական առաջին տարում՝ 2021-ի մայիսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը թեև նշում էր, թե ինչ օրհասական իրավիճակում էր հայտնվել հայ ժողովուրդը մայիսյան հերոսամարտերի օրերին, սակայն այս ուղերձում արդեն բացակայում էին Թուրքիայի և թուրքական զորքերի մասին հիշատակումները։ Մայիսյան հերոսամարտերի մանրամասներին անծանոթ օտարերկրացին Հայաստանի վարչապետի 2021 թվականի ուղերձը կարդալիս կդժվարանա հասկանալ, թե հայ ժողովուրդը ում դեմ պայքարում կարողացավ հաղթանակ տանել և վերականգնել իր անկախությունը։

2021-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, Փաշինյանն արեն ընդգծում էր համխմբման անհրաժեշտությունը՝ հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար, սակայն դրանից օրեր անց, երբ մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, վերջինս հանդես էր գալիս անզուսպ բառմթերքով, վիրավորանքներով, ինչպես նաև խոստանում, որ հաղթանակի դեպքում Հայաստանում վենդետաներ են իրականացվելու։

Հատկանշական էր, որ այս ուղերձում Փաշինյանը չփառաբանեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, միայն նշեց՝ հայ ժողովուրդը քայլելու է մեր երազանքների Հայաստանի կերտման ճանապարհով: Այս ուղերձը նույնպես Փաշինյանը հղել էր տեքստային տարբերակով՝ առանց Սարդարապատի հուշահամալիր այցելելու։

2022 թվականի ուղերձում նույնպես Փաշինյանը չէր հիշատակել, թե որ երկրի զինված ուժերի դեմ պայքարում էր հայ ժողովուրդը հաղթանակ տարել ու անկախ պետականություն հռչակել։ Փաշինյանն այս տարի միայն շեշտեց, որ հայոց պետականությունը վերականգնվեց շուրջ 500 տարի անց՝ հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել:

Այս ուղերձում նույնպես Փաշինյանն անուրանալի համարեց Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի ու Առաջին հանրապետությունը կերտող մյուս գործիչների դերը, սակայն չփառաբանեց ոչ միայն նրանց, այլև Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները։ Նիկոլ Փաշինյանն այս ուղերձում միայն ընդգծեց, որ Առաջին հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին, իսկ ուղերձը եզրափակեց հետևյալ կերպ. «Շնորհավոր մայիսի 28: Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը»:

2023 թվականին Նիկոլ Փաշինյանի ուղերձը կրկին Սարդարապատի հուշահամալիրից էր, բայց հետապատերազմական տարիների մյուս ուղերձների նմանությամբ՝ բավականին զուսպ։ Չնայած Փաշինյանը Առաջին հանրապետության հռչակումը դարակազմիկ իրադարձություն որակեց, սակայն նա այլևս չհիշատակեց մայիսյան հերոսամարտերը կերտած գործիչներին, նրանց հասցեին գովասանքի խոսքեր չհնցվեցրեց և չբառաբանեց նրանց հիշատակը։

Նախորդ տարվա ուղերձում Փաշինյանն առավել շատ խոսեց իր կառավարության որդեգրած խաղաղության դարաշրջանի օրկարգի մասին՝ կարևորելով դրա նշանակությունը մեր երկրի հետագա գոյության համատեքստում։ Փաշինյանը միայն իր խոսքի վերջում փառք տվեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին և 2 անգամ նշեց. «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Արդեն 2024 թվականի ուղերձում Փաշինյանը Հանրապետության տոնը համարեց մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից մեկը և հպանցիկ հիշեցրեց, որ Հայաստանը կարողացել է անկախ պետականությունը հիմնադրել Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի արդյունքում։ Փաշինյանն ուղերձում համոզմունք է հայտնել, որ Առաջին հանրապետությունը հայեցակարգային խնդիրներ լուծելու ժամանակ ու հնարավորություն չի ունեցել, իսկ այսօր ՀՀ-ն ունի այդ հնարավորությունը։

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:

Մտածողության այդ նոր ձևերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատևության ապահովման բանաձևը, կենսունակ լինելու գրավականը»,- կարծում է նա՝ պնդելով, որ իր գլխավորած կաբինետը հենց այս մեթոդով է ղեկավարում երկիրը։

2024-ին ևս Նիկոլ Փաշինյանը չհիշեց Առաջին հանրապետությունը կերտած այրերին, ինչպես նաև դրանում բացակայում էր թուրքական զորքերի մասին հիշատակումները, որոնց դեմ հայկական ուժերը 1918-ին հաղթանակ էին տարել։ Կառավարության ղեկավարը միայն փառաբանեց բոլոր նահատակներին և գովաբանեց Հայաստանի Հանրապետությունը՝ համոզմունք հայտնելով, որ մեր երեխաներն ապրելու են ազատ ու երջանիկ ՀՀ-ում։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

19:40 Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը
19:18 Մեր ընտանիքին վերագրում են թալան, փող, շենքեր, դղյակներ, փայաբաժիններ, օլիգարխական նիստուկաց, անբարոյականություններ. Աննա Հակոբյան
17:52 Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, Ադրբեջանում՝ հայկական. մերվեք սրա հետ. Ալեն Սիմոնյան
17:20 «Նվիրիր կյանք»-ից մինչև «Ժպիտների քաղաք»․ Ռիտա Սարգսյանի թողած ժառանգությունը, որ վերագրվեց Աննա Հակոբյանին
22:22 Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Շիրակի մարզ, Վարդան Ղուկասյանը չի դիմավորի վարչապետին
12:21 Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը
18:17 Գեղացին իրավունք չունի սովի, երկու բըլդրղան քաղի, թթու դի ու կի. դսեղցի տատիկ 
15:18 «Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին 
16:16 Hayat Project-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից
16:50 Աբխազիայում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել՝ սահմանն ապօրինի հատելու համար

Ձեզ գուցե հետաքրքրի