Նախօրեին՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում էր իր անկախության 34-րդ տարեդարձը։
Դեռևս 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ ՀԽՍՀ-ն կազմալուծվում էր և ձևավորվում էր նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, կողմ քվեարկեց անկախությանը, ինչից 2 օր անց Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։
Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանն ավելի քան 7 տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ անկախության օգտին քվեարկած քաղաքացիներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։
Փաշինյանը կարծում է, որ «
Երրորդ Հանրապետության կյանքը չստացվեց»։ «
Շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում և հոգում»,- նշել է նա՝ համոզմունք հայտնելով, որ «օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ այդ երազանքը կրկին իրենով լցրել է Հայաստանի Հանրապետությունը», և բոլորիս «պարտքն է նախ փայփայել, ապա և իրականություն դարձնել այն»։
Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ «
սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը»։
«Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- իր ուղերձն այս բառերով է ավարտել Փաշինյանը։
Oragir.News-ն ուսումնասիրել է Փաշինյանի նախորդ տարիների ուղերձները՝ հասկանալու համար, թե դրանցում ի՞նչ շեշտադրումներ են տեղ գտել և որքանո՞վ են դրանք փոխվել նախորդ տարիներին․
Եթե 2025 թվականի իր ուղերձում Փաշինյանը նշում էր, որ «Երրորդ Հանրապետության կյանքը չստացվեց», ապա 7 տարի առաջ՝
2018-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց 4 ամիս անց, նա վստահ էր, որ անկախության ճանապարհը դժվար էր լինելու, բայց այն միակ ճշմարիտ եւ միակ պատվաբեր ճանապարհն էր։ Ավելին՝ 2018-ին նա պնդում էր, որ պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են, որոնց ամենավառ վկայությունն այն էր, որ անգամ իշխանափոխության (օգտագործել է հեղափոխական բառը-Դ․Գ․) Հայաստանի պետական մեքենան անխափան մնաց, սակայն նաև հավելում՝ պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի։
2018-ին, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ,
Հայաստանի արտաքին քաղաքական ամենակարևոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն էր, մինչդեռ վերջին տարիների ուղերձներում նա առհասարակ Արցախ բառը չի արտաբերում։ «
Մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և անելու ենք մեզանից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են։ Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար եւ մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան»,- նշում էր նա։
Նույն ուղերձում Նիկոլ Փաշինյանը շեշտում էր՝ Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ կապերն իր կառավարությունը մտադիր է ավելի խորացնել։
Ուղերձի վերջում, որը Փաշինյանը հղում էր Բաղրամյան 26-ի բակից, նա տեղեկացրեց, որ այսուհետ նստավայրի դռները բաց կլինեն՝ ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Բաղրամյան 26-ի դռները բաց մնացին 2 տարի և 2020 թվականի աշնանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտտությունից հետո, Հայաստանի իշխանությունը կրկին կտրվեց ժողովրդից։
Իր ուղերձն ավարտելով՝ Փաշինյանը փառաբանում էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունները։
Կառավարության ղեկավարն առանձնակի փառաբանեց Հայոց բանակին ու բոլոր նահատակներին, ընդգծեց՝ բոլորս ենք գիտակցում նահատակների հիշատակի առաջ ունեցած պատասխանատվությունը, չնայած այն բանին, որ այս ուղերձից 7 տարի անց պիտի հայտարարեր՝ բանակը անվտանգություն ապահովող գործոնների շարքում պետք է վերջինը լինի։
2019-ի սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանն իրավմամբ ընդգծում էր, որ
Հայաստանի անկախության գործընթացը մեկնարկել էր Ղարաբաղյան շարժմամբ, երբ մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բարձրաձայնեց ազատ, միասնական և հզոր լինելու իր կամքը: Նա նշում էր, որ անկախացումից հետո ՀՀ-ն ու Արցախը կանգնեցին մեծ փորձությունների առաջ, որոնցից պատվով դուրս եկան․ «Ըստ էության, դեռևս մի քանի տարի առաջ սկսած կոնֆլիկտը վերաճեց մի լիարժեք պատերազմի, որում հայ ժողովուրդը միասնության, կամքի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել: Այդ հաղթանակը բերեցին առաջին հերթին այն ազատամարտիկները, ովքեր կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի, որից հետո սկսվեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթացը:
Փաշինյանի համոզմամբ՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իր նախաձեռնած իշխանափոխության գործընթացը մի նոր անկախության հանրաքվե էր, ու դրան մասնակցած քաղաքացիները հաստատակամ «այո» ասացին Հայաստանի անկախությանը։
Եթե վերջին տարիներին Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը վտանգի տակ է, ու ինքն առաջնորդել է անկախության պահպանման շարժումը, ապա 2019-ին նա վստահ էր, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան և հայ ժողովուրդը իր ուսերին պետականության պատասխանատվությունը տանելու և այդ պետականության մեջ ազատ ու երջանիկ ապրելու բավարար կամք ունի։
Վերջում նա կրկին փառաբանում էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ վստահություն հայտնելով, որ անգամ մեր ծոռների ծոռներն ապրելու են ազատ, երջանիկ, հզոր, անկոտրում ու հաղթանակած Հայաստանում:
2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի սանձազերծումից ընդամենը 6 օր առաջ, իր ուղերձում Փաշինյանը դիմում էր Հայաստանի և Արցախի Հանրապետության քաղաքացիներին և սփյուռքի հայությանը, կրկին ընդգծում, որ ՀՀ անկախության գործընթացի սկզիբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։ Նա նկատում էր, որ նախորդ 29 տարում Հայաստանը բազում փորձությունների միջով է անցել, որոնք, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։
Փաշինյանը խոստացավ, որ նույն օրը կհրապարակի Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը, որը, ըստ իրեն, ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ: «
Անկախության 100-ամյակը նշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ոչ միայն մեր, այլև իր մասին, պիտի զգա մեր գորովանքն ու պատասխանատվությունը Հայաստանի ապագայի, այսինքն՝ իր ներկայի նկատմամբ, այդ օրվա մասին մեր այսօրվա երազանքները պիտի տեսնի իրագործված։ Համոզված եմ՝ մենք ունենք բավարար կամք, հմտություն, միասնություն ու իմաստնություն մեր ամենօրյա օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հավիտենության համար անսասան ինստիտուցիոնալ պայմաններ ապահովելու համար»,- նշել էր Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս առաքելությունն իրագործվելու էր։
Նշենք, որ ուղերձի ավարտին Փաշինյանը փառաբանեց միայն Հայաստանի Հանապետությունը, իսկ Արցախի Հանրապետությունը՝ 44-օրյա աղետալի պարտությունից 6 օր առաջ՝ ոչ։ Ուշագրավ էր, որ նույն օրը հրապարակված Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության մեջ ևս Արցախի մասին ոչ մի հիշատակում չկար։2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձին, Փաշինյանն այլևս չշեշտեց, որ ՀՀ-ն ձևավորվել է Արցախյան շարժման արդյունքում։ Ուղերձում, որում Փաշինյանը 9 անգամ օգտագործեց Արցախ բառը, կարմիր թելով անցնում էր այն թեզը, որ նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախը ապրեն, իսկ քանի դեռ Հայաստանն ու Արցախը ապրում են, նահատակները ևս ապրում են։«
Ապրի՛ր Հայաստան եւ բարձրացիր, ապրի՛ր Արցախ եւ բարձրացիր՝ հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես, որոնք ընկան, որ դու ելնես»,- իր ուղերձն այս բառերով եզրափակեց Փաշինյանը՝ շնորհավորելով Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը։
Մեկ տարի անց՝
2022-ի սեպտեմբերի 21-ին, Փաշինյանի ուղերձում Արցախի մասին այլևս ոչ մի հիշատակում չկար։
2022-ին Փաշինյանը պնդում էր, որ 1991-ի թվականի սեպտեմբերի 21-ին անկախության օգտին քվերակող քաղաքացիների մեծամասնությունը հասկանում էր, որ «
այն պարզապես քվեաթերթիկի վրա գրիչով արած նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է քաղաքացի, հայրենիքը դառնում է պետություն, կարգախոսը դառնում է պատասխանատվություն»։ Նա ընդգծեց, որ անկախությանը այո ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը։
«Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախեւառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաև Այո ասել Անկախությանը»,- ասում էր նա՝ նկատելով, որ չնայած դժվարություններին, այդ որոշումը երբեք չի փոխվել։
2022-ին Փաշինյանն ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունենում նաև այսօր։ Հենց այս ուղերձում նա նշեց, որ Հայաստանի անկախությունը պետք է տարածվի բացառապես 29․800 քառակուսի կմ տարածքում, որից 2 շաբաթ անց՝ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ 2024-ի ուղերձում Փաշինյանը խոսում էր արդեն ոչ թե 29․800, այլ 29․743 քառակուսի կմ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին։«Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը»,- 2022-ին իր ուղերձն այս խոսքերով ավարտեց Փաշինյանը:
2023-ի սեպտեմբերի 21-ին՝ Արցախի հայաթափման օրերին, Փաշինյանը կրկին իր ուղերձում Արցախի մասին ոչինչ չնշեց։
Փաշինյանը 2023-ին համոզմունք էր հայտնել, որ 1991-ի հանրաքվեն Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր, և հետագայում ՀՀ ժողովուրդը ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և աղքատության հետ: «
Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ»,- պնդում էր նա։
Անդրադառնալով Ալմա Աթայի հռչակագրից հրաժարվելու կոչերին՝ Փաշինյանը պնդում էր, որ «այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետևանքներով»:
Նույն ուղերձում նա նկատում էր՝ անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման, որն ապագա սերունդների երջանկությունն է։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ։ «
Ժողովրդավարությունը, տնտեսական և որևէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Այդ պայմանների ամբողջականացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտություններից զերծ միջավայր: Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում և երաշխավորում է անվտանգությունը, ինչպես նաև անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշում էր նա՝ հույս հայտնելով, որ ի վերջո կհաջողվի խաղաղություն հաստատել։
«Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- 2023-ին իր ուղերձն այս բառերով եզրափակում Փաշինյանը։
Արդեն
2024-ի սեպտեմբերի 21-ին, Փաշինյանը շեշտում էր՝ Հայաստանը անկախության տարիներին բազմաթիվ փորձությունների միջով անցավ, որի արդյունքում «հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր, և այդ հարցին մենք պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ»: Նրա պնդմամբ՝ «ՀՀ Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ»։
Վերջինս նկատում էր, որ «
2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»:
Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանում ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր: «
Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ»,- նշել է՝ շնորհակալություն հայտնելով այս հարցերին դրական պատասխան տվող քաղաքացիներին:
Իր ուղերձի վերջում Փաշինյանը փառաբանում էր նահատակներին ու Հայաստանի Հանրապետությունը՝ նշելով։
Դավիթ Գույումջյան