Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի և նրա կնոջ՝ Աննա Թորոսյանի հայտարարագրերը, ով հանրության լայն շերտերին հայտնի դարձավ առավելապես այն բանից հետո, երբ Սրբազան շարժման ակտիվ փուլում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած
քաղաքացիներին անասուն էր անվանել։
Հիշեցնենք՝ երբեմնի ֆիկտիվ հանրապետական Գևորգ Պապոյանը (ՀՀԿ-ին անդամակցել է 2005-2018 թվականներին) 2018-ի դեկտեմբերից մինչև 2024 թվականի մարտ ամիսը եղել է Ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավոր, իսկ նախորդ տարվա մարտի 5-ին՝ Վահան Քերոբյանի պաշտոնանկությունից հետո, նշանակվել է էկոնոմիկայի նախարար:Որպես անշարժ գույք՝ Գևորգ Պապոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանում, որոնք նա ձեռք է բերել 2018-ի հոկտեմբերի 17-ին և 2022-ի մարտի 17-ին։ Երկու բնակարանն էլ տարեվերջին պահպանվել են։
Որպես շարժական գույք՝ Պապոյանը հայտարարագրել է 1992 թվականի արտադրության VAZ մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ևս տարեվերջին պահպանվել է։
Գևորգ Պապոյանը առևտրային բանկերում տարեսկզբին ունեցել է 15․300 դոլար և 2 մլն դրամ անվանական արժեքներով ավանդներ, տարեվերջին՝ 27․475 դոլար։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 417․249 դրամ, տարեվերջին՝ 4 մլն 235․969 դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 980 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 1 մլն 900 հազար դրամ։
2024 թվականի հաշվետու տարում Գևորգ Պապոյանի եկամուտները կազմել են 25 մլն 414․906,75 դրամ, որից 16 մլն 191․177 դրամը Էկոնոմիկայի նախարարությունից, 3 մլն 594․281 դրամը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, 2 մլն 984․660 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 360․804 դրամը և 775 դոլարը Ֆասթ բանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսագումարը, 1 մլն 729․316 դրամը՝ Ֆիննախից ստացած եկամտահարկի վերադարձը, 253 հազար դրամն էլ՝ Լիգա ինշուրանս ընկերությունից ստացած ապահովագրական հատուցումը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 386.756 դրամ։
Պապոյանը 2024 թվականի ընթացքում իր եկամուտներից 3 մլն 260.930 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Պապոյանի կինը՝
ժողովրդին անասուն անվանած Աննա Թորոսյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած 2 բնակարանը՝ համատեղ սեփականությամբ։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Թորոսյանը չի հայտարարագրել։
Վերջինս Ջերմուկ գրուպ ՓԲԸ-ում տարեսկզբին ունեցել է 11 մլն 736.310 դրամ փոխառություն, որը տարվա ընթացքում ավելացել է 9 մլն 661.350 դրամով՝ տարեվերջին կազմելով 21 մլն 397.660 դրամ։
Թորոսյանը առևտրային բանկերից մեկում տարեսկզբին ունեցել է 30 հազար դոլար ավանդ, տարեվերջին՝ 30.400 դոլար։
Աննա Թորոսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3373 դրամ, տարեվերջին՝ 79.602 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
2024 թվականի հաշվետու տարում վերջինիս եկամուտները կազմել են 2 մլն 28.143,57 դրամ, որից 610 հազար դրամը Պավել Օկրեմայից ստացած եկամուտն է, 300 հազար դրամը՝ Սոցապնախարարությունից ստացած միանվագ վճարը, 450 հազար դրամը՝ նույն նախարարությունից ստացած այլ եկամուտը, իսկ 1741 դոլարը Ամիո բանկին տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսագումարը։