Ուղիղ եթեր
Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
copy image url

Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն

Միտք Ներքին 3 ժամ առաջ - 16:50 04-07-2025
Եկեղեցին, լինելով ամենաբազմամարդ կառույցը, ենթադրաբար՝ կարող է ազդել ընտրողների տրամադրությունների, ընտրությունների արդյունքների վրա։ Օրինակ՝ եկեղեցու ղեկավարները կարող են հավատացյալներին կոչ անել 2026-ի ընտրություններում չընտրել Նիկոլ Փաշինյանին, այլ ընդդիմության թեկնածուին։ Այսպիսով՝ կարող են ազդել արդյունքների վրա։

«2020–21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։ Սա նաեւ նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ»,- հուլիսի 3-ին գրել է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ ակնարկ և ի՞նչ վտանգ է պարունակում Փաշինյանի այս գրառումը։

Սա առաջին անգամ է, որ բարձր պաշտոնյան ուղիղ կապում է եկեղեցու ղեկավարի դիրքորոշումը ընտրությունների արդյունքների հետ։ Մինչ այս միայն ենթադրություն կար, որ եկեղեցին կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ուղիղ ասում է, որ եկեղեցու ղեկավարը ընտրություններում ազդեցություն ունի, արդյունքների հետ կապ ունի։

Խորհրդային զավթիչները 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում։ Ապրիլի 6-ը հոգևոր օրացույցում նշվում է որպես Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր։ Խորհրդային բռնազավթման տարիների իներցիոն վախերը եկեղեցականներին հեռու են վանում քաղաքականությունից։ Հոգևորականը հասկանում է, որ աշխարհիկ իշխանության հետ կոնֆլիկտը վտանգավոր է, մահաբեր։ Մյուս կողմից՝ պատմության դասերը հուշում են, որ հոգևոր և աշխարհիկ իշխանությունների կոնֆլիկտը հրահրվում է դրսից՝ զավթիչի, չբարեկամի կողմից, ազգը պառակտելու, խոցելի դարձնելու համար։ Ուստի՝ ամեն դեպքում ռիկսային է եկեղեցուն քաղաքականության մեջ ներքաշելը։

Նիկոլ Փաշինյանն, այս գրառմամբ՝ ակնարկում է, որ 2021-ին իր հաղթանակը Գարեգին Բ-ի պարտությունն է։ Այսպիսով՝ Գարեգին Բ-ին դիտում է, որպես քաղաքական ակտոր։ Կարծես՝ զոռով ուզում է նրան ու եկեղեցուն ներքաշել քաղաքականության մեջ, Գարեգին Բ-ին դարձնել իրեն մրցակից։ Եթե Փաշինյանն ակնարկում, է որ 2021-ին ընտրողները ՔՊ-ին ընտրելով, միաժամանակ հայտնել են «անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ», ապա նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ 2021-ին Փաշինյանին չընտրողների ստվերային առաջնորդը Գարեգին Բ-ն է եղել։ Ու, հավանաբար, ակնկալվում է, որ 2026-ին ՔՊ-ին չընտրողների առաջնորդը նույնպես լինի Գարեգին Բ-ն։

Այսինքն՝ այս գրառման մեջ կա նաև քողարկված ակնկալիք, որ Գարեգին Բ-ն մնա կաթողիկոս ու գործի Փաշինյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանն այս գրառմամբ, կարծես՝ դրդում է, որ Գարեգին Բ-ն կրկին պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես 2020-21-ին։ Բայց արդյո՞ք ինչպես 2021-ին, այնպես էլ 2026-ին ժողովուրդը չի վստահի Գարեգին Բ-ին և կընտրի Փաշինյանին։

Այստեղ լուրջ խնդիրն այն է, որ Գարեգին Բ-ն, հոգևորականները չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել, մասնակցել ընտրություններին։ Նույնիսկ Բագրատ և Միքայել սրբազանների կալանավորումը բան չփոխեց։ Նախ՝ Միքայել Աջապահյանը հրաժարվեց իմպիչմենտի վարպապետի թեկնածու առաջադրվել։ Հաջորդիվ՝ Ասողիկ քահանա Կարապետյանը կոպիտ խոսքեր հասցեագրեց ընդդիմադիր գործիչներին, ակնարկելով, որ հոգևորականները չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել։ Նրանց քաղաքական անտարբերությունը կարող է հոդս ցնդեցնել Փաշինյանի ակնկալիքը։

Պատկերավոր ասած՝ Գարեգին Բ-ն հայտնվել է երկու քարի արանքում։ Եթե եկեղեցին շարունակի քաղաքականությամբ չզբաղվել, ձգտել ներդաշնակության ոչ միայն Աստծո, այլև աշխարհիկ իշխանության հետ, ապա Գարեգին Բ-ն պետք է հաշտվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն վերջինս հաշտության դուռը փակել է ու եկեղեցուն ստիպում է քաղաքականությամբ զբաղվել։ Եվ եթե եկեղեցին Փաշինյանի դրդմամբ քաղաքականությամբ զբաղվի, ապա կհեռանա առաքելությունից, գուցե նաև ազգային ու հոգևոր անվտանգային ռիսկեր կառաջանան։ Այս ռիսկերը չեզոքացնելու համար Գարեգին Բ-ն ստիպված պետք է լքի վեհարանն ու դառնա քաղաքական առաջնորդ։ Եթե հաղթի, վերստին կվերադառնա վեհարան, եթե պարտվի, ապա կլքի ու կդառնա Կտրիճ Ներսիսյան։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ