Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 08-08-2024

Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք․ անգամ ամենազարգացած երկրները կանխիկից ամբողջովին չեն հրաժարվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին փոխարինում է Նիկոլ Փաշինյանին և վերջինիս փոխարեն վարում կառավարության նիստերը, այսօր հայտարարեց, որ կանխիկ առևտուրը շուտով անօգտագործելի է դառնալու, քանի որ այն կորցրել է իր ֆունկցիոնալությունը։

«Մենք ինչ-որ առումով մեր թոշակառուներին պատրաստում ենք ռեալ սպասվող իրավիճակին, որովհետև միևնույն է էլեկտրոնային առևտուրը դոմինանտ է լինելու, ու էլեկտրոնային առևտրի պարագայում կանխիկն անօգտագործելի է դառնալու: Զարգացած երկրներում այս հարցն ուղղակի չի էլ քննարկվում, կանխիկն արդեն կորցրել է իր առևտրային ֆունկցիոնալությունը»,- ասել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց՝ միջազգային փորձը վկայում է, որ անկախ այն բանից, թե երկիրը որքան է զարգացած և ինչ ենթակառուցվածքներ ունի, այնուամենայնիվ տնտեսության որոշակի հատվածը կանխիկ է պահպանվում։

«Կարծում եմ՝ չպետք է Հռոմից պապից ավելի կաթոլիկ լինել և դնել այնպիսի նպատակներ, որոնք կարող են քաղաքացիների համար խնդիրներ առաջացնել։ Նույնիսկ աշխարհի զարգացած երկրներում, օրինակ ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում, ՀՆԱ-ի մոտ 25-30%-ն իրականացվում է կանխիկ եղանակով»,- ասաց նա։

Տնտեսագետը շեշտում է, որ կառավարության նպատակը լինի կանխիկի շրջանառությունը նվազեցնելը, սակայն դա չպետք է հասնի մառազմի աստիճանի և ամեն ինչ զոհաբերվի՝ հանուն այդ նպատակի։ Նրա խոսքով՝ կանխիկ գումարը որոշ դեպքերում կարող է որոշ խնդիրներ լուծել, իսկ անկանխիկը՝ ընդհակառակը՝ խնդիրներ առաջացնել։

«Հետևաբար՝ հարցին պետք է նայել ծախս-արդյունք ու ամենակարևորը՝ քաղաքացիներին անհարմարություններ չպատճառելու տեսանկյունից։ Այստեղ պետք է դիտարկել նաև բանկերի քաղաքականությունը․ ուշագրավ է, նախկինում բանկերից շատերը կանխիկացման համար տոկոսներ չէին գանձում, իսկ վերջին շրջանում չնայած կառավարությունը մեծացնում է կանխիկի նկատմամբ սահմանափակումները, որի արդյունքում բանկերի շրջանառությունը մեծանում է, սակայն բանկերը որոշել են գանձել այդ տոկոսները, ինչը ճիշտ չէ։

Այսինքն՝ մի կողմից նրանց անկանխիկը մեծանում է, իսկ մյուս կողմից որոշել են նաև կանխիկացումներից էլ գումար աշխատել։ Դրան գումարած նաև փոխանցումների ժամանակ կատարվող սպասարկման վճարները, որոնք ոչ թե իջնում են, այլ առանձին դեպքերում՝ բարձրանում։ Եթե կառավարությունը փորձում է մարդկանց պարտադրել անկանխիկը, ապա նույն բանկերին էլ պետք է պարտադրի, որ վերջիններս որոշակի վերին շեմի քաղաքականություն սահմանեն»,- շեշտում է նա։

Պարսյանը նկատում է՝ որոշ բանկեր ներկայումս այնպիսի միջնորդավճարներ են սահմանում, որ դրանք քաղաքացիների համար գլխացավանք են դառնում։ Նա ասաց՝ լինում են դեպքեր, երբ քաղաքացիները իրազեկված չեն լինում բանկում առկա սակագներից, և բանկերում առաջարկում են նույն ծառայություններից վճարովի օգտվել․

«Օրինակ՝ քաղաքացին կարող է էլեկտրոնային տարբերակով քարտ հանել, բայց բանկից ասում են՝ եկեք մեր մոտ դիմում գրեք ու քարտի համար էլ 2000 դրամ վճարեք, երբ տարբերակով դա անվճար է։ Այսինքն՝ իրազեկվածության տեսանկյունից բազմաթիվ հարցեր կան, որ կառավարությունը պետք է մինչև վերջ անի, նոր նման կտրուկ միջոցներ սահմանի»։

Սուրեն Պարսյանը հավելեց, որ կանխիկի շրջանառությունը սահմանափակելու կառավարության քաղաքականությունը մի քանի շարժառիթ ունի։ Նա ասաց, որ այստեղ ոչ միայն հարկերի հավաքագրման ցուցանիշները մեծացնելու, այլև ֆինանսաբանկային համակարգի համար որոշակի շրջանառության միջոցներ ապահովելու խնդիրն է։

«Կարծում եմ, որ այստեղ էական է նաև շուկայի իրական պատկերը գնահատելու ու հասկանալու անհրաժեշտությունը՝ ստվերը կրճատելու նպատակով»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից