copy image url
Ներքին Արտաքին Միտք 3 օր առաջ - 18:30 14-06-2024

Նիկոլ Փաշինյանի «սկզբունքայնությունը»․ ինչով է Էրդողանը տարբերվում Լուկաշենկոյից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Նիկոլ Փաշինյանի մոտ սկզբունքայնության զգացում է առաջացրել, որի դսևորմանն ականատես եղանք երեկ, երբ կառավարության ղեկավարն ԱԺ-ի ամբիոնից խոստացավ, որ ինքը և Հայաստանից որևէ այլ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ «ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկն ասում է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Իսկ դրանից հետո ես գնալու եմ Բելառուսի ղեկավարի հետ ՀԱՊԿ-ի ֆորմատով ինչ-որ բան քննարկելու»,- խրոխտ տոնով հայտարարեց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Լուկաշենկոյի հետ շփումներ այնուամենայնիվ կունանա։

Նիկոլ Փաշինյանը վրդովվել է մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած այն հայտարարություններից, որոնցում նա Արցախյան 44-օրյա պատերազմն անվանել էր «ազատագրական»՝ խոստովանելով, որ իր երկիրը ներգրավված է եղել դրա նախապատրաստմանը։

«Մենք եղբայրների նման շփվում ենք, նույնկերպ ենք հասկանում աշխարհը, հասկանում ենք, թե ուր է այն շարժվում։ Գիտե՞ք, ես ձեզ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Հեյդար Ալիևի մասին ասել եմ՝ երանի նա տեսներ, թե ինչպես է զարգանում Ադրբեջանը։ Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։ Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Դա կարևոր է. շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը»,- իր ադրբեջանցի գործընկերոջ առաջ հպարտացել էր Բելառուսի առաջնորդը։

Լուկաշենկոյի հայտարարությունները բնականաբար դատապարտելի են, և դրանք միևնույն ժամանակ ամբողջովին ի ցույց են դնում բոլոր այն հիմնարար խնդիրներն ու ճեղքերը, որոնք առկա են այս կազմակերպության ներսում և խոչընդոտում են դրա բնականոն աշխատանքին։ Այլ հարց է, որ առկա տարձայնությունները հարթելու և կառույցի բնականոն աշխատանքին նպաստելու փոխարեն Հայաստանի իշխանությունները որդեգրել են կրակի վրա յուղ լցնելու քաղաքականությունը, իսկ Լուկաշենկոն էլ նման հայտարարություններով էլ ավելի է սրում առանց այդ էլ բարդ իրավիճակը։

Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի ֆոնին կառավարության ղեկավարն ու իր թիմակիցները հանրության աչքում Նիկոլ Փաշինյանից փորձում են սկզբունքային քաղաքական գործչի կերպար կերտել, ով իբրև թե վիրավորվել է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 44-օրյա պատերազմի նախապատրաստման և բուն ռազմական գործողությունների ընթացքում աջակցել է Ադրբեջանին և ուրախացել վերջինիս հաղթանակով։ Նիկոլ Փաշինյանի այս սկզբունքայնությունը կողջունեինք, և այն զարմանք չէր առաջացնի, եթե վերջինս բոլոր հարցերում նման մոտեցում ցուցաբերեր, մասնավորապես հրաժարվեր բոլոր այն երկրների ղեկավարների հետ շփումներից, ովքեր 44-օրյա պատերազմի շրջանում հրապարակայինորեն աջակցել են Բաքվի ռեժիմին։

Մեր ընթերցողներին ցանկանում ենք հիշեցնել, որ դեռևս 1 տարի առաջ՝ 2023 թվականի հունիսի 3-ին, նույն Նիկոլ Փաշինյանը մեկնեց Անկարա և մասնակցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Նշենք, որ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն էր, և բազմիցս հրապարակայինորեն խոստովանել է, որ պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև դրանից առաջ Բաքվին աննախադեպ ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերել։

Ավելին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից ամիսներ անց՝ 2021 թվականի հունիս 15-ին, Էրդողանն այցելեց օկուպացված Շուշի և իր կրտսեր եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ ստորագրեց այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը», որով երկու երկրների հարաբերությունները հասցվեցին դաշնակցային մակարդակի, և կողմերը պարտավորվեցին միմյանց ռազմական աջակցություն ցուցաբերեն, եթե նրանցից մեկը ագրեսիայի ենթարկվի։ Այս դրութը բնականաբար ուղղված էր նախևառաջ Հայաստանի Հանրապետության դեմ, սակայն «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու դրա նշանակությունը մեր երկրում պատշաճ ուշադրության չարժանացավ, քանի որ այդ օրերին ընթանում էր ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, և Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրը սեփական իշխանության վերարտադրությունն էր։

Բացի այդ, Հայաստանի սկզբունքային վարչապետը Էրդողանի վերընտրվելուց րոպեներ անց զանգահարել և շնորհավորել էր վերջինիս, այն դեպքում, երբ ընտրությունների վերջնական արդյուքները դեռևս չէին հրապարակվել և այդ պահին Թուրքիայի առաջնորդին շնորհավորել էին միայն իր ամենամերձավոր դաշնակիցները՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները։

Այս կապակցությամբ, Oragir.News-ը դեռ նախորդ տարի էր գրել, որ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը Անկարայի ապակառուցողական դիրքորոշման հետևանքով արդեն 2 տարի է, ինչ փակուղի է մտել, Էրդողանի երդմնակալությանը մասնակցելը ճիշտ որոշում էր, սակայն դա պետք էր անել ոչ թե ամենաբարձր՝ վարչապետի, այլ գոնե արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Հայկական կողմը 2014 թվականին նույնպես Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր ստացել էր, որին մասնակցել էր այն ժամանակվա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի նորընտրիր նախագահին փոխանցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին Երևան այցելելու և անմեղ զոհերի հիշատակը հարգելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը։

Այսպիոսով՝ Նիկոլ Փաշինյանի այս յուրօրինակ սկզբունքայնությունը ոչ այլ ինչ է, քան ներքին լսարանին՝ հիմնականում իր օրեցօր նոսրացող ընտրազանգվածին ուղղված մանիպուլյացիոն խայծ, որի միջոցով փորձ է կատարվում կառավարության ղեկավարից հայրենասեր և սկզբունքային գործչի կերպար կերտել։ Կարծում ենք, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ձախողման, քանի որ դրանք հասարակության մեծամասնությանը, այդ թվում Փաշինյանի աջակիցներին այլևս հավատ չեն ներշնչում։

Հարց է առաջանում, թե ինչով է Լուկաշենկոն տարբերվում Էրդողանից, որ Նիկոլ Փաշինյանն այդքան սրտնեղել է վերջինիս հայտարարություններից, պնդում է, թե այլևս երբեք Բելառուս չի մեկնելու, սակայն Թուրքիայի նախագահի դեպքում նման սկզբունքայնություն չի դրսևորում։

Չենք ակնկալում, որ ՔՊ-ականները կպատասխանեն այս հարցին, սակայն վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հաջորդ անգամ՝ 2026-ի հունիսին, կամ ավելի շուտ կրկին ընտրատեղամասեր կգնան քվեախցերում իրենց ընտրությամբ այս հարցի պատասխանը կտան։

Դավիթ Գույումջյան