Մամուլ 5 տարի առաջ - 10:25 02-03-2021

ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որոնց բովանդակությունը կա՛մ հակասում էր, կա՛մ առնվազն չէր համընկնում իր՝ նախկինում արված հայտարարություններին։

1. Փաշինյանը խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ ասելով. «Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

Սակայն հետաքրքիր է, որ դեռեւս 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգը ձախողվածներից մեկն էր համարել: Մասնավորապես, Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին, նա նշել էր. «Իմ մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, եւ գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, եւ այն ապացուցվել է։

Հեղափոխության հաջորդ օրվանից կան մարդիկ, եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ արագ պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը։ Ասում էին՝ այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ, եւ փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր, եւ բուֆեռ էր առաջանում։

Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսատ որեւէ բան չունենանք. կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք», – ասել էր նա:

2. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը հայտնի հայտարարությունը տարածելիս։

Սակայն հետաքրքիր է, որ իր այս խոսքերին որպես ապացույց նա ոչինչ չներկայացրեց, միայն պնդումներ, որ Սերժ Սարգսյանը թալանչի է, կոռումպացված է, ուղղորդում է Զինված ուժերը։ Նկատենք, որ Փաշինյանն իր ելույթում չտվեց անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, չնայած խոսեց մարտի 1-ի դեպքերից եւ ընդհանրական որակումներ տվեց «նախկին իշխանություններ» ձեւակերպմամբ։

3. Եվ այս ամենից բացի, ընդդիմադիրի հռետորաբանությամբ ելույթ ունեցող վարչապետը խորհրդարանական ուժերին մարտահրավեր նետեց եւ երկրորդ հնարավորություն տվեց՝ արտահերթ ընտրությունների գնալու համար խոսակցություններ սկսելու մասով։ Տեսնենք՝ այս անգամ պատմությունն ինչով կավարտվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան