Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:10 16-01-2024

Պատվավոր կոչումս մրցանակիդ վնաս չի

Ասում են, թե պատվավոր կոչումները վերացնելուց հետո ստեղծագործական մրցույթների տեղատարափ է սպասվում, մշակութային բում, երգվելու են երգեր, որոնք հուզելու են աշխարհի հոգին, վրձնվելու են կտավներ, որոնք ապշեցնելու են բոլորին։

ԱԺ-ն հունվարի 15-ի նստաշրջանը սկսեց «Պետական պարգևների և Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկմամբ։ Փոխնախարար Արմենուհի Հարությունյանը տեղեկացրեց, որ 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, իսկ Ժողորդական արտիստ, Արվեստի վաստակավոր արտիստ, Վաստակավոր լրագրող, Մշակույթի վաստակավոր գործիչ և մյուս պատվավոր կոչումները կվերացվեն։

Այս նախաձեռնությունը խոցելի է մի քանի առումներով։ Նախ՝ մրցույթ և մրցանակաբաշխություն կազմակերպելու համար անհրաժեշտ է քննադատության ավանդույթներ ձևավորել։ Քննադատն անդրադառնում այն առարկային, որի մեջ արժեքավոր, կարևոր, օգտակար, հետաքրքիր բան կա մարդու, հանրության, պետության, գիտության, մշակույթի, աշխարհի, մարդկության համար։ Եթե ստեղծագործությունը, գործը, տեքստը չեն քննադատվում, նշանակում է՝ դրանք արժեքավոր չեն, աննշան են, անորակ, անպետք, դատարկախոսություն, աղբ, ուշադրության, առավել ևս՝ քննադատության արժանի չեն։ Ազատ աշխարհում մրցույթներում հաղթողներին որոշում են նրանց առնչվող քննադատությունների որակով ու քանակով։ ՀՀ-ում քննադատություն չեն կարդում, քննադատների գնահատականներով չեն առաջնորդվում։ Ուստի՝ մրցանակակիրները նույն խորհրդային ավանդույթներով են որոշվելու, ինչպես եղավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ։

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատվավոր կոչումները որակեց խորհրդային ժառանգություն։ Ավելի վաղ նույնպես էր բնութագրել փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Այնինչ՝ պահպանվող «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումից ամենաշատն է սովետի հոտ գալիս, ասոցիացիա է առաջացնում կոլեկտիվացման, կոլխոզկառուցման ժամանակների հետ, երբ մեր հայրենիքը զավթված էր, ժողովրդի մեծ մասը քաղցած։ Եթե այս կոչման խնդիրը թիմային աշխատանքը խրախուսելն է, ապա կարող են սահմանել «Հաջողակ թիմ» կոչումը, որը որպես խրախուսանք կիրառվում է բազմաթիվ ազատ երկրներում։

Եթե խորհրդային ժառանգությունից ազատվելու խնդիր լիներ, ապա կիրականացնեին դեսովետիզացիա՝ կանվանափոխեին հազարավոր փողոցներն ու տեղանունները, որոնք խորհրդային բռնազավթման շրջանի կնիքն են դեռ կրում։ Խորհրդային ամենամեծ ժառանգությունը ՀՀ-ում մնացած ռուսական զորքերն են, որոնց ներկայությունից ազատվելու մասին չեն ակնարկում։ Նույնիսկ՝ այնքան խիզախություն չունեն, որ մաքրեն Վազգեն Ա-ի փողոցի շենքերի պատերը՝ հեռացնեն խորհրդային, հակահայ գործչի անունը հիշեցնող ցուցանակները։

Այնպես որ՝ պատվավոր կոչումները վերացնելը կապ չունի խորհրդային ժառանգությունից ազատվելու հետ։ Այն նաև մշակույթի, տնտեսության զարգացման, հանրային առաջընթացի հետ առնչություն չունի։ Հերթական քմահաճ որոշումն է, որով փորձում են ցույց տալ, իբր հեղափոխական են, բան են փոխում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն