Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:15 15-12-2023

Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգի պատերազմը

Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը չի կանգնեցնի Ռուսաստանի հետ հակամարտությունը, այլ կերկարաձգի այն։ Այս մասին Բրյուսելում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգի պատերազմը, այլ ոչ թե կավարտի այն», - նշել է նա։
Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կշարունակեն ռազմական օգնություն տրամադրել Կիևին՝ չնայած դրա համաձայնեցման դժվարություններին։

«Վստահ եմ, որ ԱՄՆ-ն կկարողանա համաձայնության հասնել Կոնգրեսում քննարկումների ընթացքում և կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: ԵՄ գծով դաշնակիցները դա անում են տարբեր ուղիներով: ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները կշարունակեն աջակցություն ցույց տալ Ուկրաինային», - ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությանը չի կարելի թույլ տալ հաղթանակ տանել մարտի դաշտում, քանի որ «դա կհանգեցնի հետագա ագրեսիայի վտանգի»։
«Եվ միակ միջոցն է շարունակել օգնությունն Ուկրաինային»,- հավելել է նա։

Դեկտեմբերի 6-ին Ուկրաինային և Իսրայելին նոր խոշոր արտակարգ ֆինանսական օգնության տրամադրման օրինագիծն արգելափակվել է Սենատի կողմից, թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձով օրենսդիրներին կոչ էր արել հաստատել այդ ծախսերը Սուրբ Ծննդյան տոների արձակուրդի մեկնելուց առաջ:

ԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում պետք է քննարկեն մինչև 2027 թվականը Կիևին 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցը և որոշում ընդունեն՝ արդյոք անհրաժեշտ է ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ: