Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 21:50 07-11-2023

Великий Лев умер․ այսօր Լև Տոլստոյի հիշատակի օրն է

Այսօր ռուս նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի առաջադրված, սակայն այդ պատվից հրաժարված գրող Լև Տոլստոյի հիշատակի օրն։ Նա դեռ կենդանության օրոք լեգենդ էր, սակայն ապրում էր պարզ ու հասարակ կյանքով։ Այդպես պարզ ու հասարակ էլ կազմակերպվել էր համաշխարհային մեծության դասականի թաղումը։ Տոլստոյի թաղմանը մասնակցել և այդ մասին գրել է Վահան Տերյանը։

«Համեստ ու անշուք էր Լև Տոլստոյի թաղումը։

Այդ թաղումը կատարվեց այնքան արագ, որ շատ շատերը ոչ մի հնարավորություն չունեցան գնալու Յասնայա Պոլյանա։ Նույնիսկ ներկայացուցիչները հնարավորություն չունեցան գնալու թաղման։ Այսօր Յասնայա Պոլյանայից վերադառնալիս ես հանդիպեցի Տուլայում Պետերբուրգից եկած ներկայացուցիչներին, որոնք չգիտեն, որ արդեն Մեծ Ծերուկը հանձնված է հողին։ Մոսկվայի ներկայացուցիչների մեծ մասը նույնպես չկարողացավ գնալ, որովհետև չնայած որ հաղորդակցության կառավարիչը խոստացել էր յոթը բացառիկ գնացք տալ Յասնայա Պոլյանա գնացողներին — տվեցին միայն 2—3 գնացք։



Երբ հասանք «Զասեկա» (Յասնայա Պոլյանայից 4 վերստ հեռավորության վրա գտնվող կայարանը), այնտեղ արդեն սպասում էր բազմամարդ ամբոխ։

Մեզանից հետո էլ եկան մի քանի խումբ, և այդպիսով հավաքվեցին 5—6 հազար (մոտավորապես) մարդ, որ դիմավորեց Լև Տոլստոյին բերող շոգեկառքը։

Առավոտը նոր էր բացվել, երբ եկավ այն գնացքը, որի մեջ տեղավորվել էր Տոլստոյի ընտանիքը և նրա դիակը։

Դիմավորողների առաջին կարգում կանգնած էին Յասնայա Պոլյանայի գյուղացիները իրենց անշուք պսակով և մի կտավի ցուցագրով՝ հետևյալ բովանդակությամբ. «Лев Николаевич Память крестьян Ясной Поляны»:

Կային և ուրիշ պսակներ թվով մոտ 50 — զանազան կողմերից, սակայն երևի մեծ մասը դարձյալ չէր հասել ժամանակին:



Ժամը 8֊ին տխուր պրոցեսիան ուղևորվեց Տոլստոյի գյուղը — Յասնայա Պոլյանա։

Ճանապարհին շարունակ երգում էին «Вечная памяать».

Հոգևորականություն չկար։ Չկար և ոչ մի հոգևորական։

Բազմության մեծագույն մասը կազմում էին ուսանողները և ուսանողուհիները։

Հասարակական գործիչներից և ռուս գրողներից կային միայն մի քանի հոգի — դրանց թվում Վալերի Բրյուսով, Գրիգոր Պետրով (նախկին քահանա) և ուրիշ մի քանիսը։ Յասնայա Պոլյանայում դագաղը դրին սենյակներից մեկում և թույլ տվին հասարակության վերջին անգամ գլուխ խոնարհելու մեծ մարդու դիակի առաջ։ Դա մի քանի ժամ տևեց։ Ապա նույն կարգով «Вечная память» երգելով տարան դագաղը դեպի գերեզման, որ գտնվում է նույն կալվածքում բլրակի վրա՝ կաղնիներով շրջապատված, այն տեղում, որ ինքը Լև Տոլստոյը ընտրել է իր գերեզմանի համար։ Աշխարհից հեռու, խաղաղ ու գեղեցիկ մի անտառակի մեջ։

Ոչ մի ճառ չարտասանվեց։



Միայն երբ դագաղը իջեցրին գերեզման, մեկը բարձր ասաց.

Великий Лев умер!

Ապա ամբոխը ծունկ չոքեց և երգեց «Вечная память».

Նորից ծունկ չոքեցին և նորից— մի քանի անգամ։

Ծանր էր և սրտաճմլիկ այդ տեսարանը։

Շատերը լալիս էին, ինչպես և կայարանում, դիակին դիմավորելիս և ճանապարհին...»։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար