2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում:
Ակնհայտ էր` Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական օժանդակությամբ, Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ էր սկսել: Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:
Հայկական կողմը, ոչ պաշտոնական տվյալներով, 5000-ից ավելի զոհ տվեց, տարածքային ու դիրքային կորուստներ կրեց։
Շուշին այլևս հայկական վերահսկողության տակ չէր, ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներ էին հասել:
Պատերազմի 44-րդ օրը «հաղթելու ենք» հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին: Մոտ 30 տարի հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորների, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր:
Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, դադարեց պատերազմը, բայց՝ չավարտվեց․․․
Միայն նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։
Պատերազմի հետևանքով, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, զոհվել է 3833 մարդ, որոնցից 3755-ը զինծառայողներ էին, 78-ը՝ քաղաքացիական անձինք։
44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության բռնի տեղահանվեց ու հայկական Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։