Այսօր՝ փետրվարի 28-ին, լրանում է Սումգայիթի ողբերգական ջարդերի 37-րդ տարելիցը։
1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, դիակները՝ այրվել:
Սումգայիթում հայ ժողովրդի դեմ իրականացված այս հանցագործության նպատակը, որն իրականում 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, նոր մեկնարկող Արցախյան շարժումն արմատախիլ անելն էր։ Բաքվի իշխանություններն ակնկալում էին, որ հայերին նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով ահաբեկումը թույլ կտա կանխել ազատագրական պայքարի տարածումը, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ըստ էության՝ Սումգայիթի ջարդերը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր արցախցիներին, քանի որ դրանցից 1 շաբաթ առաջ՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտում կայացել էր ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը, որը որոշում էր ընդունել դիմել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով։
Սումգայիթի եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է. Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։ Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։ Այս իրողությունը, ինչպես նաև խորհրդային իշխանությունների հետագա անգործությունը փաստում են, որ վերջիններս տեղյակ են եղել հայերի նկատմամբ ծրագրված ոճրագործությունից ու հենց նրանց թողտվությամբ է Ադրբեջանին հաջողվել դրանք կյանքի կոչել։
Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր, թե իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես՝ սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք, ինչի մասին վկայում են նաև ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ոստիկանության և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։
Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։


Չնայած խորհրդային զորքերը փետրվարի 29-ին մուտք գործեցին քաղաք, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Խորհրդային զորքերը միայն փետրվարի 29-ի երեկոյան են դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Սումգայիթի ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ Մյուս մեղադրյալներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»։ Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ։
ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ է արձակվել։ Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել, իսկ զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։ Դրան համարժեք քաղաքական գնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ համակարգի աշխատողները։
Առ այսօր Սումգայիթի ոճրագործության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է ազգությամբ հայ 27 քաղաքացի»։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են, երբ Սումգայիթի արվարձաններում շինարարական աշխատանքներ են կատարվում։
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոպական խորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
Հայաստանում և Արցախում նույնպես Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չի ճանաչվել որպես ցեղասպանություն։ Հայկաան 2 պետությունները, որոնցից մեկի տարածքն այսօր բռնազավթված է, բավարարվել են բացառապես Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։
Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ նորագույն պատմության մեջ: Այն վճռական դեր խաղաց ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Արցախյան առաջին պատերազմի ծավալման և հաղթական ավարտի գործում։
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց արդեն 1990թ. հունվարի Բաքվի կոտորածներին, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:
1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:
Սումգայիթի ջարդերի ականատեսների վկայություններ ևս փաստում են, որ դրանք կրել են կազմակերպված բնույթ՝ նպատակ ունենալով բնաջնջել հայությանը․
Շահեն Սեյրանյան․ ծնվել է 1959 թվականին, կնոջ, 8 ամսական երեխայի, քրոջ, մոր, հոր, զոքանչի և աներձագի հետ փախել է Սումգայիթից, որտեղ աշխատել է որպես կահույքագործ․ «Փետրվարի 27-ի երեկոյան ժամը 8-ին տանը նստած էինք, զանգահարեց մեր բարեկամը՝ Շահումյանի շրջանից և ասաց, որ եկել է Բաքվից, չի կարող տուն մտնել, թուրքերը ամբոխով հավաքվել են, հայերի գործը վատ է։ Մենք սկզբից չհավատացինք։ Քեռիս էր մեր տանը, ասաց, որ Սումգայիթում էլ անհանգիստ վիճակ է, թուրքերը հավաքվում են։ Մեր թաղամասում գիշերը ոչինչ չպատահեց։ Առավոտյան ժամը 11–ից մեր թաղամասն էլ իրար խառնվեց։ Հազարավոր մարդիկ գոռալով, հայհոյելով վխտում էին Դրուժբայի, Նարիմանովի փողոցներով, հարձակվում հայերի վրա, ծեծում կամ սպանում։ Հայերը սկսեցին իրար զանգահարել․ տներից դուրս մի՛ եկեք, դռների վրայի ազգանունները հանե՛ք։ Ամբողջ օրը դուրս չեկանք։ Օֆելյա Յուսիֆովնան, Էլդարը, Շաքիր Շիրինովը ասացին՝ մի՛ վախեցեք, կպաշտպանենք։ Երկուշաբթի մեզանից ոչ ոք գործի չգնաց։ Մայրս գործարանի բուժկետում է աշխատում, բժշկուհին զանգահարեց․ գործի չգաս։
Հայրս դուրս եկավ՝ իր մորաքրոջը Բաքու ուղարկելու։ Վերադարձավ լաց լինելով։ Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից։ Երեկոյան ժամը 5–ին ամբոխը ներխուժեց հարևան 5 հարկանի շենք։ Սարսափելի ճիչ բարձրացավ։ Լսեցի իմ ծանոթի՝ Սաշայի կնոջ ձայնը․ «Помогите»:
Մեր ադրբեջանցի հարևան Էլշադը պատմեց, որ Սաշայի կնոջը՝ Ավագյան Լոլային, դուրս հանեցին շքամուտքից՝ առանց շորերի։ Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո։ Նրանք երեխա չունեին։ Լոլայի մարմինը մի 500 մետր քարշ տվեցին Դրուբայի փողոցով, դեռ ողջ էր, սպանեցին չայխանայի (թեյարանի) մոտ։ Միլիցիան ոչ մի միջոց չէր ձեռնարկում։ Նույն շենքից մի ծերունու ծեծեցին»։Էլմիրա Սեյրանյան․ ծնվել է 1963 թվականին, Սումգայիթում աշխատում էր որպես մանկապարտեզի դաստիարակ․ «Երկուշաբթի ջարդը հասան մեր թաղամաս։ Ես հորս ու հարսիս եղբոր հետ թաքնված էի Էլդարի տանը, պատշգամբի պահարանում՝ ես ու հայրս, Սերգեյը՝ բազմոցի տակ։ Իմ աչքով տեսել եմ միայն Սաշայի ու Լոլայի սպանությունը։ Աղմուկ-աղաղակ էր, սուլոց։ 100-150 հոգի էին։ Սաշային սպանեցին մուտքի մոտ, խփում էին փայտերով, ոտքերով։ Սաշայի քույրը՝ Նատաշան, պատշգամբից գոռում էր, օգնություն կանչում։ Ինչ եղավ այդ աղջկան, չիմացանք։ Սաշայի դիակը մի քանի ժամ ընկած էր փողոցում, ոչ ոք չէր մոտենում, հետո հարևաններից մեկը տարավ, բայց ու՞ր, չգիտենք։ Սաշայենց տան իրերը՝ կահույքը, հեռուստացույցը, ամեն ինչ շպրտեցին 4-րդ հարկից»։Դավիթ Գույումջյան