Ռուսաստանը կարող է համաձայնվել, որ С -400 համակարգերը Թուրքիայից տեղափոխվեն մեկ այլ երկիր, որը Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ կպահպանի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մանրամասների մեջ չեմ մտնի, բայց կան այդպիսի հնարավորություններ, սակայն բացառապես՝ մեր համաձայնությամբ․ եթե երկիրը, որտեղ կտեղափոխվեն С-400 համակարգերը, պատասխանատու կգտնվի և բարեկամական հարաբերություններ կպահպանի Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ համակարգերը դուրս չեն գա այդտեղից»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ եվրոպացիները «թափառում են աշխարհով մեկ» և զենք գնում՝ այն ուկրաինական վարչակարգին փոխանցելու նպատակով։
«Մենք պատրաստ ենք С -400-ը փոխանցել այնպիսի մի երկրի, որը կերաշխավորի, որ թույլ չի տա նման խախտումներ»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր էր կնքել С -400-ի ձեռքբերման վերաբերյալ, և այդ համակարգերն ստացել էր 2019 թվականին։