Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:38 26-10-2023

Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան. ԱԳ փոխնախարար

Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։

«Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և 2 դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Հույս ունենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասաց Հովհաննիսյանը։

Փոխնախարարը նշեց, որ Կանադայի ԱԳ նախարարի այցը բավականին հագեցած էր․ նախ բացվեց Հայաստանում Կանադայի դեսպանատունը, ինչը Կանադայի կողմից Հայաստանի նկատմամբ հատուկ ուշադրության նշան է։

«Այցի ընթացքում նախարարն անդրադարձավ հումանիտար աջակցության հարցերին, Կանադան եռապատկեց իր աջակցությունը, նախանշվեցին համագործակցության խորացման բոլոր ճանապարհները։ Կանադան հետաքրքրված է Հայաստանում, ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումներին աջակցությունն ավելացնելու հեռանկարով, այս առումով քննարկվեցին բազմաթիվ ծրագրեր։ Քաղաքական առումով նախարարը բազմիցս շեշտեց, որ Կանադայի համար կարևոր են Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը»,- մանրամասնեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Կանադայի ԱԳ նախարարի այցը Ջերմուկ նույնպես սիմվոլիկ էր․ «Նախարարը դիտարկեց իրավիճակը տեղում, այժմ հանդիպում է Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ, իսկ մինչ այդ դիտարկեց ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, որը տեղի էր ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Գաղտնիք չէ, որ Կանադան ծանրակշիռ երկիր է, որի ձայնը միջազգային կազմակերպություններում բավականին ազդեցիկ է»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ այս այցով Հայաստանի և Կանադայի համագործակցությունը խորացնելու համար շատ լավ նախադրյալներ ստեղծվեցին։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հոկտեմբերի 26-ին այցելել է Ջերմուկ։ Ջերմուկ այցը Կանադայի ԱԳ նախարարը սկսել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամների հետ հանդիպմամբ, այնուհետև մարտական դիրքեր է այցելել ու ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակին։ Կանադայի ԱԳ նախարարի այցը եզրափակվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպմամբ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան