Էրդողանի երդմնակալությանը Հայաստանը գոնե ամենաբարձր մակարդակով չպետք է մասնակցեր
copy image url

Էրդողանի երդմնակալությանը Հայաստանը գոնե ամենաբարձր մակարդակով չպետք է մասնակցեր

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 23:00 03-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անկարայում այսօր տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա առաջին անգամն է, երբ Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցում է Թուրքիայի ղեկավարի երդմնակալության արարողությանը։ Նախկինում նման մակարդակով Հայաստանը մասնակցել էր միայն Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի թաղմանը. այն ժամանակ Թուրքիա էր մեկնել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։

Հայաստանի վարչապետի մասնակցության որոշումը առաջացրել է Հայաստանի բնակչության մի մասի դժգոհությունը, իսկ մյուս մասն էլ կարծում է, որ Փաշինյանի մասնակցության որոշումը ճիշտ է։

Մասնագիտական և փորձագիտական շրջանակները նույնպես այս հարցում բաժանվում են երկու մասի. նրանց մի մասը կարծում է, որ Հայաստանը չպետք է մասնակցեր Էրդողանի երդմնակալությանը, կամ մասնակցեր, սակայն ոչ ամենաբարձր մակարդակով, քանի որ Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմին, ամեն կերպ աջակցել է Ադրբեջանին, իսկ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը դարձել են հայկական կողմի մարդկային և տարածքային կորուստների հիմնական պատճառը։

Փորձագետների մյուս մասը պնդում է, որ ինչպես Փաշինյանի շնորհավորանքը, այնպես էլ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշումը ճիշտ էր, քանի որ Հայաստանը և Թուրքիան գտնվում են հարաբերությունների կարգավորման գործընթացում, և որքան այդ գործընթացը շարունակվի նման փոխայցելությունները ավելի հաճախ են տեղի ունենալու։

Այս համատեքստում հարց է առաջանում, թե նախկինում Հայաստանը մասնակցե՞լ է Թուրքիայի ղեկավարների երդմնակալության արարողություններին, և մասնակցելու դեպքում՝ ի՞նչ մակարդակով է մասնակցել։ Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայի ղեկավարի երդմնակալության արարողությանը մասնակցել է միայն մեկ անգամ՝ 2014 թվականին, երբ Էրդողանն առաջին անգամ էր ընտրվել նախագահի պաշտոնում։ Այդ ժամանակ ՀՀ-ն երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր ստացավ, որը Երևանը ընդունեց, սակայն արարողությանը մասնակցեց ոչ թե Հայաստանի նախագահն, այլ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նշենք, որ այդ ժամանակ նույնպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց էր ընթանում, որը թուրքական կողմի նախաձեռնությամբ մտել էր փակուղի, սակայն այն դեռևս չէր չեղարկվել։ Միևնույն ժամանակ Էրդողանի առաջին երդմնակալության արարողությունը առանձնանում էր այն հանգամանքով, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ նախագահն ընտրվել էր բնակչության ուղիղ քվեարկության արդյունքում, իսկ մինչև այդ ընտրվում էր խորհրդարանի կողմից։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը 2014 թվականին մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը և վերջինիս փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ հաջորդ տարի ապրիլին այցելել Երևան և մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված արարողություններին։ Սա Հայաստանի կողմից ճիշտ ժամանակին կատարված դիվանագիտական քայլ էր, որը Թուրքիային դրեց բավականին անհարմար իրավիճակում, սակայն Էրդողանին հաջողվեց դուրս գալ նաև այդ իրավիճակից։ Էրդողանի որոշմամբ 2015 թվականին Գալիպոլիի ճակատամարտում թուրքական կողմի հաղթանակի տոնակատարությունները իրականացվեցին ապրիլի 24-ին, իսկ Էրդողանը հանդգնեց արարողությանը հրավիրել նաև Հայաստանի նախագահին։

Ամփոփելով վերոհիշյալ իրողությունները՝ կարող ենք փաստել, որ պաշտոնական Երևանի կողմից արարողությանը մասնակցելու որոշումը ճիշտ էր, սակայն Հայաստանն Էրդողանի երդմնակալությանն առնվազն չպետք է մասնակցեր ամենաբարձր մակարդակով։ Արարողությանը Հայաստանի կողմից կարող էր մասնակցել Հայաստանի արտաքին գործերի նախարարը, կամ միայն հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբին Ռուբինյանը։ Ընդ որում Հայաստանի վարչապետին Անկարայի Էսենբողա օդանավակայանում դիմավորել էր հենց Ռուբինյանի թուրք գործընկեր Սերդար Քըլըչը։

Հավելենք, որ այս երդմնակալությունը արարողակարգային միջոցառում է, որին մասնակցելու, կամ չմասնակցելու որոշումը որևէ կերպ ազդեցություն չի ունենալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայաստանի կողմից անգամ ամենաբարձ մակարդակով մասնակցությունը չի նպաստելու հարաբերությունների կարգավորմանը, կամ չի նվազեցնելու Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները և գործադրվող ճնշումները։

Ամենից շատ դիտված