Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որը ներառում է եռամյա գործողությունների ծրագիր՝ նախատեսելով համագործակցության ընդլայնում առևտրի, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ հայտարարությունը։
Ըստ հայտարարության՝ եռամյա ծրագիրն ընդգրկում է համագործակցության չորս ոլորտ։
Կողմերը մտադիր են աշխատել ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ, ինչպես նաև ընդլայնել առևտուրն ու ներդրումները՝ այդ թվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ավիատիեզերական ոլորտի և արհեստական բանականության բնագավառներում։
Էներգետիկայի ոլորտում երկրները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը հեղուկ բնական գազի, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և վերականգնվող էներգիայի աղբյուրների, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի կայուն արդյունահանման և մատակարարման շղթաների շուրջ։
Պաշտպանության ոլորտում Կանադան և Թուրքիան մտադիր են ամրապնդել իրենց ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև համագործակցությունը՝ ուղղված Եվրաատլանտյան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության ու անվտանգության պահպանմանը, այդ թվում՝ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում։ Կողմերը նաև ողջունել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործընկերության վերաբերյալ հուշագրի ստորագրումը։
Բացի այդ, երկրները պայմանավորվել են անցկացնել ամենամյա ռազմավարական երկխոսություն, ինչպես նաև շարունակել ռազմաքաղաքական խորհրդակցությունները և համագործակցությունը հակաահաբեկչական հարցերի շուրջ։