Ներքին 3 տարի առաջ - 19:45 06-04-2023

Մեր իշխանությունները անպատրաստ են դիմակայելու ադրբեջանական չդադարող սադրանքներին

Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ՝ Արցախի տարածք մուտք գործելուց առաջ ադրբեջանական քաղաքացիություն ձեռք բերելու ադրբեջանցիների պահանջի մասին խոսակցությունն ինչքանով է համապատասխանում իրականությանը, բայց այն, որ ադրբեջանի կողմից ցանկացած պահ օգտագործվում է՝ արցախցիներին ահաբեկելու, վախի մթնոլորտ սերմանելու և հուսահատություն առաջացնելու համար՝ ակնհայտ է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով նախօրեին Գորիս-Արցախ ճանապարհին ադրբեջանցիների անօրինական գործողություններին։

«Նրանց նպատակն է, որպեսզի Արցախը հայաթափվի ու Ադրբեջանը դրանով լուծված համարի Արցախի հարցը։ Նրա բոլոր գործողությունները միտված են դրան։ Ցավալի է, որ մեր իշխանությունը չի կարողանում կանխատեսել ադրբեջանական նման սադրանքները։ Երբ 4 ժամից ավելի ադրբեջանցիները մեր քաղաքացիներին, կարելի է ասել, որպես պատանդ էին պահում։ Մենք, սակայն, միջոցներ չձեռնարկեցինք, որպեսզի այս միջադեպը տեղի չունենար, մեր կանանց ինքնազգացողությունը չվատանար»,- ասաց նա։

Գալստյանը բարձրացնում է հատկապես մեր երկրում առկա իրավիճակում, հնարավոր այսպիսի միջադեպերի դեպքում, ՀՀ պատկան մարմինների անպատրաստության անընդունելիության հարցը։

«Մեր շտապօգնության մեքենան ինչո՞ւ այնտեղ չէր այդ ժամանակ։ Ինչո՞ւ չէինք մտածում, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքների դեպքում կարող է մեր քաղաքացիների ինքնազգացողությունը վատանալ։ Կամ, եթե տեսել են, որ նման իրավիճակը ստեղծվել է արդեն, և դրա դեմը կարելի էր առնել ուղղակի մեր քաղաքացիներին տեղափոխելով Լիսագորի համայնք՝ մինչև այդ երկարատև բանակցություններն ավարտվեին»,- ասաց նա։

Գալստյանը ցավ է ապրում՝ գիտակցելով, որ ներկա իշխանությունները չունեն մշակած որևէ ռազմավարություն՝ երկրում առաջ եկած մարտահրավերները հաղթահարելու համար։
«Ինչպես բազմիցս նշել ենք՝ հրշեջային քաղաքականություն են վարում։ Չենք կարող ասել՝ հասկանալով, թե չհասկանալով։ Եթե հասկանալով են անում, ապա ավելի շատ ավելի վատ։ Համատեղ Նիկոլի ծրագիր են կյանքի կոչում՝ ժողովրդի մեջ համեմատություն առաջացնելով հայաթափել Արցախը։ Եթե դա անում են չհասկանալով, ապա գոնե կարող են իրենց շուրջ հավաքել մտածող մարդկանց, և ցանկացած նման գործողության ժամանակ, երբ պետք է տեղափոխեին մեր քաղաքացիներին, ու նմանատիպ այլ գործողությունների ժամանակ, գոնե քննարկեն հավանական նմանատիպ գործողությունները։ Իսկ դրանք կանխատեսելու դեպքում պետք է ձեռնարկեն համապատասխան քայլեր։ Այսինքն, հույսը դնել, թե ռուս խաղաղապահները կգան և ավելի հայանպաստ քայլեր կանեն, քան Արցախի իշխանությունները՝ ուղղակի մի քիչ լուրջ չէ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է միջադեպի հետևանքով Ստեփանակերտի բուժհաստատություն տեղափոխված մեր 4 հայրենակիցներին՝ Գալստյանի խոսքով, նրանցից 3-ը դուրս է գրվել։

«Նրանց վիճակն այժմ արդեն նորմալ է։ Դուրս են գրվել։ Միայն մի հոգի է, որ այսօրվա դրությամբ բժշկի վերահսկողության տակ է գտնվում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան