«Իմ գնահատականով՝ առողջապահության արտահիվանդանոցային ծառայությունը, արտահիվանդանոցային մասով հատկապես, պատրաստ չէ այս համակարգի ներդրմանը։ Սա ինչպես կադրային ռեսուրսի դեֆիցիտի պատճառով, այնպես էլ ընդհանրապես արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հիմնարկների հագեցվածության և սպասարկման ծավալներների, ուստի՝ այն թողունակությունը, որը պետք է լիներ, սխալ է գնահատված»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ, առողջապահության հարցերով փորձագետ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը և պատասխանելով հարցին, թե համակարգը ներկայումս որքանո՞վ է պատրաստ դրան։
Հիշեցնենք՝ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ի վերջո կսկսվի մի քանի անգամ խոստացված ու այդպես էլ կյանքի չկոչված առողջության համապարփակ ապահովագրության գործընթացը՝ մի քանի փուլով։ Չնայած Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա, այնուամենայնիվ ոլորտի մասնագետներն այս հարցում թերահավատ են՝ պնդելով, որ Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ չէ դրան։ Մյուս կողմից էլ նշվում է՝ սրանով խախտվում է նաև սոցիալական հավասարության սկզբունքը, քանի որ քիչ եկամուտներ ունեցող քաղաքացիների իրավունքները ստորադասվել են։Անուշ Պողոսյանը շեշտում է, որ ապահովագրական փաթեթի շրջանակներում բոլոր քաղաքացիները սկզբից պետք է ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի կամ մանկաբույժի ուղեգրով գնան հիվանդանոցներ՝ համոզմունք հայտնելով, որ այդ դեպքում պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում մեծ հերթեր են լինելու։ «Այսօր դեռևս չկա էդ ապահովագրության ներդրումը, բայց հաշվի առնելով, որ պոլիկլինիկաների հերթերը և հոսքերի կառավարման բացակայությունը՝ կարծում եմ, որ ապահովագրության ներդրումից հետո համակարգը վերածվելու է մեծ քաոսի։
Հետո, ընդհանուր առմամբ, իմ գնահատմամբ, եթե ամեն ինչը լինի օրինական՝ օրինականության սահմաններում, ապա հնարավոր չէ մինչև հունվարի 1-ը լուծարել կամ դադարեցնել, ոնց որ իրանք են ասում, Պետական առողջապահական գործակալությունը, ստեղծել նոր հիմնարկ՝ որպես Ապահովագրական հիմնադրամ, իսկ առանց ապահովագրական հիմնադրամի հնարավոր չի ապահովագրության ներդրումը։ Փաստենք, որ այսօր արդեն նոյեմբերի վերջն է, և օրենքը Ազգային ժողով դեռ չի մտել քննարկման, այսինքն՝ Կառավարությունն ուղարկել է, բայց դեռ անգամ հանձնաժողովում քննարկում չի եղել»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ Անահիտ Ավանեսյանի պնդումները, թե քաղաքացիների հարկային բեռն ընդամենը մի քանի հարյուր դրամով է ավելանալու, համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ գործ ունենք նաև թաքնված հարկերի հետ՝ Անուշ Պողոսյանը դրանք որակեց որպես մեծ մանիպուլյացիա։ «Իրենք պարզաբանում են, որ գումարի մի մասը Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին՝ «ԶԻՆԱՊԱՀ»-ին վճարվող գումարներից է հատկացվելու, մյուս մասն էլ, ասում են, որ հայտարարագիր լրացնելու արդյունքում տրամադրվող սոցիալական կրեդիտներից են ուղղելու, սակայն իրենք թաքցնում են մի շատ կարևոր բան, որ սոցիալական կրեդիտներից ՀՀ համապատասխան օրենսդրությամբ կարելի է օգտվել միայն մեկ անգամ, և ՀՀ աշխատող քաղաքացիների մեծ մասը ունեն հիփոթեքով գնված բնակարաններ՝ եկամտահարկի վերադարձով։ Հայտարարագրման կոնտեքստում բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին, որ, օրինակ, լրացրեք հայտարարագրերը ձեր երեխաների ուսման վարձերի վերադարձը կունենաք, բժշկական ծախսերի վերադարձ կունենաք։ Այսինքն, եթե ֆիլտրում ենք էս ամեն ինչը, տարբեր մասնագետներ տարբեր թիվ են նշում, բայց ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում 200 հազար և ավելի բարձր աշխատավարձ ստացող 390 հազար աշխատող քաղաքացիների ընդամենը 10-15%-ը կարող է օգտվել այդ սոցիալական կրեդիտներից։ Փաստացի բոլոր նրանք, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր՝ եկամտահարկի վերադարձով կամ օգտվել են ուսման վարձի վերադարձի կրեդիտներից, նրանք չեն կարող վերցնել այդ կրետիդները նաև առողջության ապահովագրության կոնտեքստում»,- պարզաբանում է փորձագետը։
Անուշ Պողոսյանը նշում է, որ քաղաքացիների այս խմբի համար հարկային բեռը 4000-6500 դրամով է ավելանալու, տարբեր թվեր են հնչում, քանի դեռ համապատասխան օրենքը չի ընդունվել, հնարավոր չի լինի իրականությունը հասկանալ։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ պաշտոնյաներն այս կապակցությամբ հաճախ տարբեր՝ իրար հակասող ինֆորմացիաներ են տալիս. «Օրինակ՝ Առողջապահության նախարարը (Անահիտ Ավաեսյանը – խմբ.) հայտարարում է՝ անկախ նրանից, թե դա քաղաքացու վճարած ապահովագրական փաթե՞թն է, թե՞ պետության կողմից, օրինակ, 0-18 տարեկանին կամ 65+ տարիքի թոշակառուներին հատկացված ապահովագրական փաթեթը, բոլորը նույնն են լինելու, բայց դրան զուգահեռ Սոցապ նախարարը՝ Արսեն Թորոսյանը, հայտարարում է, որ 65+ տարիքի քաղաքացիները ստանալու են ամենամեծ սոցիալական փաթեթը։ Այսինքն՝ էստեղ հարց է առաջանում՝ ո՞րն է մեծը, ո՞րն է փոքրը։ Փաստացի չունենք փաստաթուղթ, չունենք փաթեթների ծավալները և չենք կարող իմանալ՝ ինչ ծառայությունների մասին է խոսքը։ Էս ամեն ինչը, ինչը որ իրենք ասում են,դա դեռ որպես իրավական ակտ հաստատված չէ»։
Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին, որոնց թիվը ևս փոքր չէ՝ Անուշ Պողոսյանը պատասխանեց, որ 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներն էլ են բավականին ծանր սոցիալական վիճակում հայտնվելու, որովհետև խոսքը գնում է հարկերը, ներառյալ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձի մասին։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիների այս խումբը առողջապահական ծառայությունների հետ կապված լուծում չունեն։
«Էստեղ նաև մի հետաքրքիր բան կա. եթե մենք՝ որպես սոցիալական ծրագիր, այսպես ասած, ահազանգում ենք, որ գրպանի ծախսերը աղքատացնում են քաղաքացիներին, և առողջապահական ծախսերի մասին է խոսքը, դրա համար նաև այս ծրագիրը աղքատության դեմ պայքարի մի կոմպոնենտ ենք համարում, ապա հասարակության ամենախոցելի խմբին թողնում ենք իր առողջապահական խնդիրների հետ մենակ։ Դա չի բերելու աղքատության ցուցանիշների նվազեցմանը, որովհետև այդ քաղաքացիները ստիպված են լինելու, և ոչ միայն այդ քաղաքացիները, ընդհանրապես, անգամ ապահովագրվածները՝ անելու մեծ քանակությամբ գրպանի ծախսեր։ Անգամ ապահովագրված քաղաքացիներն այսօր արդեն ստանում են մեսիջներ, որ ապահովագրությունն այդքան էլ համապարփակ չէ, «Դուք ընդամենը 30% ծառայություններ եք ստանալու, մնացածի համար անելու եք գրպանից ծախսեր։ Այսինքն՝ համավճարներ եք անելու էդ համակարգի համար»»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան