«Ադրբեջանը ցանկանում է այնպիսի «խաղաղության պայմանագրի» ստորագրում, որն ամբողջությամբ հենված կլինի ադրբեջանական ցանկությունների և պատկերացումների վրա»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե «Հայաստանը լուրջ հարված է հասցրել խաղաղության բանակցությունների էությանը», և որ «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի առաջարկները կողմերը միմյանց փոխանցում են առցանց»։
«Ադրբեջանակն այդ ցանկությունների համաձայն՝ հայերն առհասարակ չպետք է լինեն։ Այսինքն, Ադրբեջանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղով չի պատրաստվում բավարարվել, այլև տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ նկատմամբ։ Իրենք այս պահին փորձում են օգտվել իրենց համար ստեղծված իրավիճակից՝ դրան հասնելու նպատակով»,- ասաց նա։
Ըստ փորձագետի, հենց այս պատճառով էլ ադրբեջանական կողմն անընդհատ մերժում է հայկական կողմի ներկայացրած առաջարկները։
«Ընդ որում, այս արձանագրումը կատարել է հենց ինքը՝ Արարատ Միրզոյանը՝ այս տարվա հունվարին՝ Բրյուսելի իր ելույթում։ Նա ասաց, որ Ադրբեջանը փաստացի մերժում է Հայաստանի բոլոր հիմնարար առաջարկները։ Ըստ այդմ, հարց է առաջանում, եթե այդ երկիրն անընդհատ մերժում է այդ առաջարկները, ապա ինչի՞ հիման վրա է Հայաստանը պատրաստվում որևէ թուղթ ստորագրել։ Արդյո՞ք Ադրբեջանի ցանկությունների հիման վրա է այդ թուղթը ստորագրվում, թե՞ ոչ»,- ասաց նա։
Այս համատեքստում էլ փորձագետը տեսակետ է հայտնում, որ այս գործընթացը դեռևս երկար կձգձգվի։
«Որքան էլ կողմերը թվացյալ շտապում են կամ փորձում են ինչ-որ բանի հասնել, ամեն դեպքում, Ադրբեջանը շահագրգռված է ստորագրել այնպիսի թուղթ, որով կփորձի ապահովել իր մաքսիմալիստական նկրտումները»,- ասաց նա։
Այս առումով, ադրբեջանագետը համոզմունք հայտնեց․ Ադրբեջանն իր հեռու գնացող նպատակներն իրագործելու համար բավականին ակտիվ կուլիսային խոսակցություններ է վարում տարբեր կողմերի հետ։
«Պատահական չեմ համարում Ալիևի վերջին այցը Թուրքիա, այսօր և վաղն ակնկալվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի այցը Բաքու, բացի այդ, հաճախ տեղի են ունենում Պուտին- Էրդողան հեռախոսազրույցներ, օրերս ևս մեկ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Իրանի ԱԳՆ-ի հետ, ով հայտարարել է, որ պատրաստվում է այցով մեկնել Մոսկվա։ Այսօր արդեն Ժնևում տեղի է ունեցել Իրանի և ՀՀ արտգործնախարարների հանդիպումը։ Այսինքն, ակնհայտորեն, ինչ-որ խմորումներ ու քննարկումներ են ընթանում տարածաշրջանում։ Այո, բնականաբար, Ադրբեջանը և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ նպատակներ դրել է, միջանցքը փակելով, դրա մասին առիթ ունեցել ենք խոսելու, և փորձում է մաքսիմալ օգուտներ քաղած դուրս գալ այդ իրավիճակից, չնայած որ ինքն է հասկանում է, որ չի կարող այդ ճանապարհը շարունակաբար փակ պահել»,- ասաց նա։
Ստեղծված իրավիճակում, ըստ փորձագետի, Հայաստանը նախ և առաջ պետք է ձևավորի իր օրակարգն ու շարժվի այդ ուղղությամբ։
«Մեր խնդիրն այն է, որ Հայաստանը շարունակաբար գտնվում է արձագանքողի դերում։ Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ինչ օրակարգ ու նպատակներ ունի։ Ի վերջո, դա Ադրբեջանի օրակարգն էր՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրումն առհասարակ։ Որովհետև նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո էլ Ադրբեջանը շարունակում է խախտել ու չիրագործել այնտեղ տեղ գտած բազմաթիվ դրույթներ։ Դրանից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» թեման։ Հայտարարեց 5 կետերի մասին, հայկական կողմն էլ առանց ծանր ու թեթև անելու և բանակցելու համաձայնեց դրան։ Հիմա հարց՝ Հայաստանն ինչի՞ է ցանկանում հասնել այդ պայմանագրով։ Ի՞նչ տեսլական ունի դրա հետ կապված։ Ի՞նչ դրույթներ է առաջ քաշում։ Եվ, եթե Ադրբեջանը շարունակաբար մերժում է Հայաստանի դրույթները, ապա ինչի՞ շուրջ են շարունակվում բանակցությունները, և ի՞նչ օգուտներ են դրանք տալիս Հայաստանին։ Այս բոլոր հարցերի պատասխանները չկան։ Հայաստանը սիրում է շարունակ խոսել խաղաղույունից, բայց դա շարունակում է զուրկ լինել բովանակությունից։ Դա էլ իր հերթին բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ որոշմանը, ադրբեջանագետը համոզմունք հայտնեց, որ հետևանքները լինելու են՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը ՄԱԿ անդամ երկիր է։
«ՄԱԿ-ի դատարանի որոշման չկատարումը, բնականաբար, պետք է քաղաքական հետևանքներ ունենալ։ Հայաստանն էլ իր հերթն կարող է ավելի համաձակ գործել։ Այսինքն, օրինակ՝ դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի կողմի ամեն տեղ թմբկահարել, և եվրոպացի ու ամերիկացի գործընկերներին հայտարարի, որ մինչև Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը նույնիսկ քննարկումները «խաղաղության պայմանագրի» շուրջ անիմաստ են։ Որովհետև, ստացվում է, որ Ադրբեջանի համար որևէ միջազգային մեխանիզմ չի աշխատում։ Բա այդ դեպքում ինչի՞ շուրջ են պայմանագիր կնքում։ Ինչպիսի՞ երաշխիքներ պետք է լինեն Հայաստանի համար, օրինակ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի չի գնալու»,- ասաց նա։
Ադրբեջանագետի գնահատմամբ, այս ամենն անելու համար Հայաստանին համարձակություն ու քաղաքական կամք է պետք ունենալ։
«Արդյո՞ք նրանք այնքան համարձակություն ունեն, որ այսպես ասած, դատարանի որոշման չկատարումը դնեն որպես նախապայման՝ բանակցւթյունները շարունակելու համար։ Ժամանակն, երբ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքը ներխուժեց մեր տարածք, իրենք խոսում էին, որ չեն շարունակելու բանակցությունները, մինչև դուրս չգան։ Նրանք, բնականաբար, դուրս չեկան։ Իրենք էլ շարունակեցին։ Հետո արդեն եղավ նոր ագրեսիա՝ նոյեմբերին, հետո եղավ 2022 թվականի սեպտեմբերի հարձակումը։ Այդքանով հանդերձ, Հայաստանը որևէ կերպ չի դնում դա որպես նախապայման։՝ բանակցություններ շարունակելու համար, և դա Հայաստանի թուլության դրսևորումն է, իհարկե»,- ասաց նա։
Փորձագետը հարցադրում է հնչեցնում․ ի՞նչ է ստորագրվում այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։