Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:33 25-11-2022

Ադրբեջանը Ռուսաստանի ՊՆ-ին հորդորում է կիրառել Արցախի բնակավայրերի ադրբեջանական անվանումները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին կոչ է արել կանխել այսպես կոչված «հայկական զինված խմբավորումների սադրիչ գործողությունները»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ կոչ է արել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Արցախի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններում կիրառել բնակավայրերի ադրբեջանական անվանումները։

Հաղորդվում է, որ այսպես կոչված Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի բնակավայրերի ցանկը և քարտեզը՝ ադրբեջանական տեղանուններին համապատասխանող անվանումներով, պաշտոնապես ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, ռուսական խաղաղապահ ուժերի նախկին և ներկա հրամանատարություններին, ինչպես նաև Աղդամում տեղակայված ռուս-թուրքական միացյալ մոնիտորինգի կենտրոնին։ Պաշտոնական Բաքուն նշել է, որ բազմիցս նշվել է պաշտոնական հաղորդագրություններում ադրբեջանական տեղանունները կիրառելու անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը ափսոսանք է հայտնել, որ ռուսական կողմի հաղորդագրություններում մշտապես կիրառվում են Արցախի բնակավայրերի հայկական անվանումները։ «Չնայած դրան, ցավոք սրտի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական հաղորդագրություններում բնակավայրերի անվանումները նշված են հայկական հորինված տեղանուններով»,- նշվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միևնույն ժամանակ հայտնել է, որ «հայկական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և այլ իրադարձությունների մասին տեղեկությունները վերջին շրջանում տարբեր պատճառներով չեն արտացոլվել ռուսական զորամիավորման պաշտոնական հաղորդագրություններում»։

«Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում լրջորեն ճնշել հայկական անօրինական ռազմական կազմավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նկատենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը՝ այդ թվում նաև Արցախի ուղղությամբ, և հավատարիմ մնալով իր նախկին գործելակերպին մեղադրում է հայկական կողմին։ Հայաստանի ՊՆ-ն և Արցախի պաշտպանության բանակը պարբերաբար հերքում են Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունները։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև