Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ նոր հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին:
«Մենք գործողություն ենք իրականացրել՝ բալիստիկ հրթիռով հարվածելով Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով զգալի վնաս է հասցվել օդանավակայանի շենքին»,- «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Նա հիշեցրել է, որ Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանն այլևս անվտանգ չէ, քանի որ այն, ինչպեսև Թագավորության երկինքն ամբողջությամբ, բացառությամբ մահմեդականների համար սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքների օդային տարածքների, ռազմական թիրախ է շարժման համար:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին տեղեկությունը: