«Անկեղծ ասած՝ ես չէի սպասում, որ էսօր Դուք պետք ա գաք Ազգային ժողով, մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո Դուք հրաժարական ներկայացրած կլինեք, որովհետև այն նախարարությունը, որը պատասխանատու է վարորդական իրավունքներ, վկայական տալու հարցում, կահավորում է ճանապարհները ճանապարհային երթևեկության նշաններով, վերահսկում է ճանապարհները տեսադիտարկող սարքերով, և մի օրում Հայաստանի 9 քաղաքացի ա մահանում, էդ ոլորտի նախարարը չի կարա այլևս հաջորդ օրը պաշտոնավարի»:
Այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով ՆԳ նախարարին:
«Ես կարծում եմ, որ այսօրվա հետևությունը Ձեզ համար մեկը պետք ա լիներ, և այս մեծ ձախողումը արձանագրվեր հրաժարականով»,- նշեց Ղազարյանը:
«Ճանապարհային անվտանգության բլոկը Ներքին գործերի նախարարության տիրույթում չի գտնվում, ճանապարհային նշանների կահավորման հետ կապված՝ Ներքին գործերի նախարարությունը որևէ գործառույթ չունի: Ես կառաջարկեի հարցը տալուց գոնե ճշգրտեիք նախարարության գործառույթը և վստահ լինեիք, որ Ձեր հարցադրումը տալիս եք այն անձին, ով ունի պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ ուզում եմ փաստել, որ դեռ կա վարույթ, դեռ մեծ հարց է՝ ով է պատասխանտու, որն է պրոբլեմը, և ինչու է վթարը տեղի ունեցել, կսպասենք քրեական վարույթի ընթացքին և կանենք մեր հետևությունները»,- պատասխանեց Արփինե Սարգսյանը:
Էդգար Ղազարյանը նաև հարց ուղղեց նախարարին՝ կապված Ոստիկանության գվարդիայի գործառույթների հետ:
«Գվարդիան Ոստիկանության, որը դուք եք ստեղծել, Նիկոլ Փաշինյանի մասնավոր բանա՞կն ա, թե ինքը նաև ուրիշ այլ ֆունկցիա էլ ա կատարում»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի ու մինչ օրս պատասխանատվության բացակայության մասին:
«Անկախ նրանից, թե դուք ինչ վերաբերմունք ունեք ՀՀ վարչապետի նկատմամբ, ՀՀ վարչապետի անվտանգությունը պահանվելու է, պաշտպանվելու է, և շարունակվելու է այդ պրոցեսը իրականացվել այն ստանդարտով, որը պահանջում է պետական անվտանգությունը»,- ասաց ՆԳ նախարարը: