Ուղիղ եթեր
Արտաքին 28 րոպե առաջ - 21:37 04-11-2026

Պուտինը Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում և նվիրված էր Ժողովրդական միասնության օրվան։

Իր ելույթում Ավետիսյանը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի, հայ-ռուսական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր առաջադեմ նախաձեռնությունների նկատմամբ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև միջպետական կապերի ամրապնդման համար:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուս-հայկական համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը երկար տարիների համատեղ աշխատանքի համար, քանի որ դա նաև իմ գործընկերների պարգևն է, որոնց հետ արդեն քառորդ դար մենք պատրաստում ենք բավական բարձր որակավորում ունեցող մասնագետներ տնտեսության բոլոր ճյուղերում, մարդասիրական ոլորտում, մասնագետներ, ովքեր փայլուն տիրապետում են ռուսերենին, հայերենին, այլ օտար լեզուների»,- ասել է Ավետիսյանը:

Պրոռեկտորը համալսարանն անվանել է եզակի նախագիծ հայ-ռուսական ժամանակակից հարաբերություններում: Նրա խոսքով, բուհում բավական հաջողությամբ խթանվում և համադրվում են ռուսական կրթության և հայկական մանկավարժական մտքի լավագույն ավանդույթները, որոնցում արտացոլվում են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտական դպրոցների առաջադեմ գաղափարները: