Ներքին 3 տարի առաջ - 14:43 26-08-2022

ՀՀ առաջին գումարման ԳԽ 2022 թվականի օգոստոսի 23–ի խորհրդանշական նիստի հայտարարությունը

«1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին Հռչակագրով Հայ Ժողովուրդը իր հազարամյա պատմության ընթացքում եվս մեկ անգամ հռչակեց իր անկոտրում կամքը՝
- կառուցել ժամանակի պահանջներին համահունչ ժողովրդավարական պետություն և զարգացնել Սփյուռքի կառույցների հետ արդյունավետ համագործակցություն,

- իրականացնել յուրաքանչյուր անհատի՝ սեփական հողի վրա անվտանգ, արժանապատիվ, հոգևոր և նյութական բարգավաճման կայուն երաշխիքներով արարելու` դարերի խորքից եկող մեր նախնիների երազանքը,

- դառնալ համաշխարհային հանրութան լիիրավ անդամ և շարունակել համամարդկային քաղաքակրթության զարգացման գործում սեփական ներդրումն ունենալու` դարերի խորքից եկող մեր նախնիների առաքելությունը:
Այդ նպատակներին հասնելու անշրջելի երաշխիքներից էր 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժումը, որը վերածվեց համաժողովրդական և համազգային զարթոնքի, հանգեցրեց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովրդի բոլոր հատվածների, ազգային կառուցների և անթիվ նվիրյալ անհատների համազգային նպատակների շուրջ աննախադեպ համախմբմանը:

Անցած տարիները մի կողմից երկու հայկական պետությունների կայացման և մեր հավաքական անվտանգությունը վտանգող տարաբնույթ սպառնալիքներին, այդ թվում Արցախի դեմ Ադրբեջանի՝ 1992-1994 և 2016 թվականների ռազմական ագրեսիաներին դիմակայելու տարիներ էին, մյուս կողմից՝ պետության հիմնադիր փաստաթղթերով սահմանված նպատակների ոչ արդյունավետ իրականացման կամ անտեսման, հասարակական կյանքում հանրության արդարացի դժգոհությունը հարուցող, անընդունելի երևույթների արմատավորման և բաց թողնված հնարավորութունների տարիներ: Սակայն 2018 թվականից ի վեր Հայաստանի ներկա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, որն ուղղակիորեն հակադրվում է Արցախի անվտանգությունն ապահովելու, Ադրբեջանից անկախ Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչմանը հասնելու, Հայաստանի ինքնիշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու և սահմանների անվտանգությունը երաշխավորելու մասին այդ նույն իշխանությունների նախընտրական խոստումներին, որևէ կերպ չի կարող արդարացվել նախկինում թույլ տրված սխալներով: Ավելին, նման փորձերը բարոյական չեն և պատասախանատվությունից խուսափելու անհաջող փորձեր են:
Ներկայումս Հայաստանի և Արցախի պետական կառույցների գործողություններն ու անգործությունը միտված են՝

- Արցախը Ադրբեջանին փոխանցելուն,

- Հայաստանի ռազմավարական նշնակության տարածքները և կապուղիները Ադրբեջանին հանձնելուն,

- «խաղաղության» քարոզչության քողի տակ, կազմալուծվող պաշտպանական համակարգի և պառակտված հասարակության պայմաններում, հակառակորդի կողմից նոր պատերազմ հրահրելուն՝ հերթական ծրագրավորված պարտությամբ:

Այդ ամենին զուգահեռ ի հայտ են գալիս նոր ավերածություններ և մահեր՝ բացահայտելով օրվա իշխանավորների հանցավոր անպատասխանատվությունը, անկարողությունը, հանրային ցավի հանդեպ անտարբերությունը:

Առավել քան ակնհայտ է, որ հայկական երկու պետությունների իշխաննությունների գործունեությունը ոչ միայն չի բխում Հայաստանի Անկախության Հռչակագրի սկզբունքներից, այլև ուղղակիորեն հակասում է պատմական և իրավաքաղաքական բացառիկ կարևորության այդ փաստաթղթի տառին և ոգուն:
Արդյունքում ոչ միայն արցախահայությունն է հայտնվել ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստի իրական սպառնալիքի առջև, այլև վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Մենք՝ ՀՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներս, տագնապներով լի և բախտորոշ այս օրերին՝

- վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության Հռչակագրին,

- ընդունելով սեփական պատաասխանատվության մեր բաժինն անցած տասնամյակների ընթացքում Անկախության Հռչակագրի սկզբունքների իրականացման խնդրում սկզբունքային և հետևողական չլինելու համար,

- գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ,

- վառ պահելով ադրբեջանական ցեղասպան քաղաքականության անմեղ զոհերի և ռազմական ագրեսիաները հետ մղելու ճակատամարտերում հերոսացած նահատակների հիշատակը՝

Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր հատվածներին՝ թոթափել հուսահատ դատապարտվածության և կուրացնող ատելության զգացումները, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առկա վիճակը չհանդուրժող բոլոր ուժերին՝ անտեսել անցյալում և ներկայումս գոյություն ունեցող տարաձայնությունները, համախմբվել և միասնական ջանքերով կասեցնել գնալով նոր թափ առնող ազգակործան գործընթացը:

ՀՀ Առաջին գումարման Գերագույն Խորհրդի
Խորհրդանշական նիստի մասնակից պատգամավորների անունից՝
նիստը նախագահող
Խոսրով Հարությունյան
Կիմ Բալայան»։
Հիշեցնենք՝ oragir.news-ը օրեր առաջ անդրադարձել էր ՀՀ առաջին գումարման ԳԽ 2022 թվականի օգոստոսի 23–ի կայանալիք նիստին։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան