copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:46 11-08-2022

Գերագույն խորհրդի պատգամավորներից ովքեր կմասնակցեն Էդգար Ղազարյանի հրավիրած մեծ ժողովին

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Հայաստանն ու Արցախը փրկելու նոր շարժման մասին։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ օրվա իշխանությունները շեղվել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից, և անում են այնտեղ ամրագրված դրույթների հակառակը՝ Արցախի ինքնորոշում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց, հետևաբար այդ փաստաթուղթը ընդունած 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները՝ ՀՀ հիմնադիր հայրերը, պետք է տեր կանգնեն պետությանը և իրենց ընդունած հռչակագրին։

«Նոր շարժում, որը պետք է կոչվի «Անկախության շարժում»։ Այն պետք է սկսվի 2022 թվականի օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվանից, և պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը։ Ամենաուշը Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է լինի Հայաստանի վարչապետ»,- ասաց Էդգար Ղազարյանը, ապա դիմեց 1-ին Գերագույն խորհրդի պատգամավորներին, որոնք և ընդունել են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը․

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2022 թվականի օգոստոսի 23-ին լրանում է Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը։ Այս հռչակագիրը ընդունել է 1-ին գումարման Գերագույն խորհուրդը։ Իմ հայրը՝ Ֆերդինանտ Ղազարյանը նույնպես եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ես հիմա կոչով դիմում եմ 1-ին գումարման Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորներին, ովքեր ողջ են, առողջ են և գտնվում են Հայաստանում։ Ես խնդրում եմ, որ նրանք այս տարի՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին հավաքվեն Մելիք Ադամյան փողոց 1 հասցեում գտնվող կառավարության շենքի նիստերի մեծ դահլիճում, որտեղ ուղիղ 32 տարի առաջ իրենք ընդունել են մեր պետության հիմնադիր փաստաթուղթը՝ Հայաստանի անկախության հռչակագիրը։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ այդ պահին եղել է ԳԽ նախագահ, և ստորագրել է Անկախության հռչակագիրը, ՀՀ 2-րդ նախագահ և Արցախի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ 1-ին վարչապետ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Տիգրան Սարգսյանը։ Այս ԳԽ-ի կազմում են եղել մեզ հայտնի բազմաթիվ երևելի գործիչներ․ նրանցից ոմանք, ցավոք սրտի, այլևս մեզ հետ չեն, բայց մեզ հետ է նրանցից շատերի ոգին։

Ես խնդրում եմ, որ ԳԽ պատգամավորները, անկախ նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից, նրանք այս պահին Հայաստանի անկախության հայրերն են, և նրանք պետք է տեր կանգնեն իրենց ստեղծած պետությանը և փոխանցեն այդ պետությունը մեզ, որպեսզի մենք այդ պետությունը փոխանցենք մեր զավակներին։ Ես ԳԽ նիստերի դահլիճ մտնելու իրավունք չունեմ, որովհետև ես ԳԽ պատգամավոր չեմ եղել, բայց ես իմ հայրիկի ոգով գալու եմ այդ օրը, կանգնելու եմ իրենց կողքին՝ նիստերի դահլիճի բակում։ Ես հիմա կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տեր են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր տերն են մեր պետությանը, գալ, կանգնել այդ մարդկանց կողքին և օգոստոսի 23-ին կազմակերպել մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում»։

Oragir.news-ը զրուցեց 1-ին գումարման Գերագույն խորհրդի մի շարք պատգամավորների հետ՝ պարզելու, թե անսալո՞ւ են Էդգար Ղազարյանի կոչին, օգոստոսի 23-ին հավաքվելո՞ւ են։

1-ին գումարման ԳԽ պատգամավոր Արշակ Սադոյանը թեև Էդգար Ղազարյանին անձամբ չի ճանաչում, սակայն նման հավաք կազմակերպելու գաղափարին կողմնակից է։ «Իմ կարծիքով՝ դա շատ կարևոր և անհրաժեշտ բան է։ Ես անձամբ շատ լավ գիտեի Ֆերդինանտին և կարծում եմ՝ նրա որդին էլ պետք է հոր հայացքներով դաստիարակված անձ լինի։ Ես Էդգար Ղազարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ շատ լավ նախաձեռնություն է, և իսկապես բոլոր դեպքերում, նույնիսկ անկախ արդյունքից, արժե այդ հավաքը կազմակերպել»,- մեզ հետ զրույցում ասաց Արշակ Սադոյանը։

Նրան հարցրինք՝ համամի՞տ է, որ գործող իշխանությունները շեղվել են Անկախության հռչակագրի սկզբունքներից։ «Ես ասեմ, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իրենք էլ ընթացել են ոչ այն ճանապարհով, ինչով պատկերացվում և որոշվում էր Անկախության հռչակագրով։ Անկախության հռչակագրի կետերը բազմիցս խախտվել են, և հիմա էլ խախտվում են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այնպես որ այդ խնդրի դնելն ու հարցի ներկայացնելը հանրությանը, կարծում եմ, խիստ կարևոր են»,- պատասխանեց Սադոյանը։

1-ին գումարման ԳԽ պատգամավոր, գրողների միության անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը ուրախությամբ ընդունեց լուրը՝ ասելով, որ անպայման կմասնակցի․ «Եթե նիստ հրավիրվելու է, ես անպայման կմասնակցեմ։ Հստակ երևում է, որ իշխանությունները շեղվել են Անկախության հռչակագրից, դա ամեն օր երևում է»,- պատասխանեց Տեր- Գուլանյանը։

ՀՀ առաջին վարչապետ,1-ին գումարման ԳԽ պատգամավոր Վազգեն Մանուկյանը, Oragir.news-ի հարցին ի պատասխան, ասաց, որ տեղյակ է Էդգար Ղազարյանի հայտարարության մասին, սակայն դեռ մասնակցելու- չմասնակցելու հարցի վերաբերյալ չի մտածել։ «Չգիտեմ, թե ինչքանով լուրջ է դա, չեմ էլ մտածել դրա մասին»,- պատասխանեց Վազգեն Մանուկյանը։

Սահմանադրական դատարանի նախկին անդամ, 1-ին գումարման ԳԽ պատգամավոր Կիմ Բալայանը, լսելով, որ նման հավաք է նախատեսվում, արձագանքեց․ «Ես այդ տեղեկությունը հենց նոր Ձեզնից լսեցի և հաճելիորեն զարմացած եմ»։ Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ մասնակցելու է, հարցրինք Բալայանին․ «Իհարկե»,- արձագանեց նա։

Կիմ Բալայանին ևս հարցրինք, թե արդյոք համամիտ է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները Անկախության հռչակագրի դրույթներին հակառակ են գործում, ԳԽ նախկին պատգամավորը պատասխանեց․ «Այն, որ Անկախության հռչակագրում Արցախը վերամիավորված է, այսօր Նիկոլ Փաշինյանը ձեռք է քաշել Արցախի Հանրապետությունից, դա արդեն փաստ է, դրանից ավելի մեծ հակասություն Անկախության հռչակագրի հետ, ավելի մեծ շեղում չկա»,- պատասխանեց Բալայանը։

ԱԻՄ առաջնորդ, 1-ին գումարման ԳԽ պատգամավոր Պարույր Հայրիկյանն էլ հետևյալ պատասխանը տվեց․ «Կարող է մասնակցեմ։ Դեռ չեմ որոշել»։

Հացրինք Հայրիկյանին, թե ներկայիս իշխանությունները չե՞ն շեղվել Անկախության հռչկագրից, ԱԻմ առաջնորդը արձագանքեց․
«Եթե միայն մի բանից շեղված լինեին, ես կմտածեի։ Կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները հիմնավորապես շեղված են ամեն բանից՝ և՛ ժողովրդավարությունից, և՛ ինքնիշխանությունից, և՛ Հայաստանի՝ սոցիալական պետություն լինելուց, էլ չեմ խոսում իրավականից, որովհետև իրավական պետության հիմքում ընկած է քաղաքացիների հավասարությունը։ Այնպես որ նորություն չէ ինձ համար, որ Նիկոլ Փաշինյանն ու իր պարգևավճարակիցները անելու բան չունեն մեր ազգի հետ, այսինքն՝ միայն մի բան կարող են անել՝ տանել դեպի կործանման»։

Նույն հարցով դիմեցինք նաև 1-ին գումարման ԳԽ պատգամավոր Աշոտ Բլեյանին։ Նա նշեց, որ «կլոր սեղանի» ձևաչափը լավն է, հրավերի դեպքում որոշում կկայացնի․ «Ես հայտարարության տեքստը չեմ կարդացել, բայց դա շտկելի բան է։ Ես, իհարկե, Գերագույն խորհրդի պատգամավոր եմ եղել 1990-95 թվականներին, այսինքն՝ ես դրանից հրաժարվել չեմ կարող։ Ես կկարդամ, անպայման կնայեմ բովանդակությունը, իսկ ընդհանրապես կարծում եմ, որ դա լավ ձևաչափ է։ Ես գիտեմ, որ «Գերագույն խորհուրդ» ակումբ էլ կա, և ակումբի անդամները իրար հետ կապի մեջ են, գիտեմ, որ համակարգում է Գևորգ Բաղդասարյանը՝ շատ բարեխիղճ պատգամավոր։ Կարծում եմ՝ մենք հրավերները կստանանք՝ օրակարգով և ամեն ինչով, այնպես որ իմ արձագանքը ոչ միայն կիմանաք, այլև կտեսնեք՝ մասնակցո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Ձևաչափը լավն է, եթե հարցեր կլինեն քաղաքական, լավ կլինի՝ նման կլոր սեղաններ լինեն։ Մենք միայն միտինգն ու ցույցն ենք դիտում որպես հանրային հավաքներ, ես ավելի գերադասում եմ այդպիսի կլոր սեղանները, այդպիսի հավաքները, որտեղ կոնկրետ մարդիկ կոնկրետ թեմայով կամ միասնական թեմայով հարցեր կքննարկեն։ Եթե կա հանրային խնդիր, ապա այդ խնդրի վերաբերյալ պետք է վերաբերմունք ձևակերպել»,- պատասխանեց Բլեյանը։

Կապվեցինք նաև 1-ին գումարման ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Հարցին, թե կմասնակցի՞ այդ հավաքին, Արշակյանն արձագանքեց․ «Ես հրավերը չեմ ստացել որևէ ձևով, առաջինը հիմա Ձեզնից իմացա, բայց ի՞նչ կա որ։ Եթե հրավերը լինի, օրակարգը լինի, և այնպես չլինի, որ մենք այնտեղ գնանք որպես «օգտակար իդիոտ», եթե ես «օգտակար իդիոտի» կարգավիճակ չեմ ունենալու, իհարկե կգնամ։ Անկախության հետ կապված որևէ միջոցառման եթե ինձ հրավիրում են, ես ինձ շոյված եմ զգում»։

Արշակյանին հարցրինք, թե ի՞նչ նկատի ունի՝ «օգտակար իդիոտի կարգավիճակ» ասելով․ «Այսինքն՝ եթե այնտեղ ինչ-որ ակցիա են անելու, որի օրակարգին ես տեղյակ չեմ, ու ես գնում եմ այնտեղ, լեգիտիմացնում եմ։ Այսինքն՝ չունենալով որևէ շարժառիթ՝ այդտեղ լինելու, գնում մասնակցում եմ, այդպիսի մարդկանց ասում են «օգտակար իդիոտ»։ Այսինքն՝ ինքը չգիտի օրակարգը, չգիտի, թե ինչի համար է եկել։ Այդպիսի մարդկանց կաթոլիկներն ասում են, որ «օգտակար իդիոտ է»՝ քաղաքական, ոչ առողջապահական առումով»,- պատասխանեց Արշակյանը։

Դիտարկմանը, որ ԳԽ պատգամավորները հրավիրվում են անկախությունը փրկելու և հաջորդ սերունդներին հանձնելու օրակարգով, քանի որ գործող իշխանությունը շեղվել է Անկախության հռչակագրից, և հարցին, թե այդ օրակարգով կմասնակցի՞, Արշակյանն արձագանքեց․ «Գիտե՞ք ոնց, այն, որ անկախությունը վտանգված է, ես դրանում չեմ կասկածում, ինքս այդպես մտածում եմ, բայց փրկողներն ովքե՞ր են և ինչպե՞ս են փրկելու, ա՛յ դա ինձ հետաքրիր է։ Այ եթե հիմա Դուք փրկիչներ առաջարկեք, ես պատրաստ եմ Ձեզ հետ դա քննարկելու»։

Հենց իրենք՝ ԳԽ պատգամավորները, Անկախության հռչակագիրն ընդունածները և անկախությունը կերտածներն են հրավիրվում անկախությունը փրկելու։ Այս դիտարկմանը Արշակյանը պատասխանեց․ «Մենք մի անգամ փրկել ենք, երկրորդ անգամ կստացվի՞։ Դա հո «Կոկա կոլա» չէ՞։ Ես ինձ քաղաքական առումով թոշակառու եմ համարում, այսինքն՝ քաղաքական ամբիցիաներ չունեմ, և հիմա երիտասարդները, ավելի եռանդուն մարդիկ պետք է ծրագրեր առաջարկեն ու դա իրականացնեն, որովհետև իմ առաջարկած ծրագրերի համար ես արդեն ժամանակ չունեմ։ Իմ տարիքում երկարաժամկետ, նույնիսկ կարճաժամկետ ծրագրեր առաջարկելը անմտություն է»։

Հայաստանի նախկին վարչապետ, 1-ին գումարման ԳԽ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե կմասնակցի՞ Էդգար Ղազարյանի հրավիրած ժողովին, պատասխանեց․ «Անշուշտ, ես կմասնակցեմ։ Այո՛, ըստ էության, միջազգային պրակտիկայում երկրների անկախության հռչակագիրն ընդունող անհատները, անձինք, տվյալ դեպքում՝ Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել հռչակագրին, այդ մարդիկ հանդիսանում են անկախության հիմնադիրներ։ Այսինքն՝ միայն ես կամ նախկին մի քանի վարչապետներս չենք։

Իհարկե, ես շատ լավ գիտակցում եմ, որ դրան գումարած՝ որպես վարչապետ, Հայաստանի ամենավատ շրջանում կառվարության ղեկը ստանձնած անձնավորություն՝ ես ինքս ինձ նույնպես համարում եմ անկախության ձևավորման հիմքերում կանգնած անձնավորություն, ուստի և ունեմ սեփական պատասխանատվության զգացողությունը այդ ամենի համար։ Ըստ իս՝ այստեղ անհամեմատ կարևոր է հետևյալը․ ենթադրում եմ, որ Էդգար Ղազարյանը կամ նրանք, ովքեր կանգնած են այս նախաձեռնության ակունքներում, հաշվի են առել այս հանգամանքը։ Բանն այն է, որ մենք 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակեցինք անկախություն, և շատերի մոտ ձևավորվեց այն կարծիքը, որ վերջ, խնդիրն արդեն լուծված է, մենք արդեն անկախ ենք, մինչդեռ անկախության հանրաքվեով մենք կատարեցինք անկախության ճանապարհը բռնելու կարևոր, բայց առաջին քայլը, որովհետև 2-րդ և ամենահիմնարար քայլը պետք է լիներ անկախ Հայաստանի քաղաքացուն կերտելը։ Այսօր, երբ ոմանք, շատերս զարմանում ենք, որ Հայաստանի պետականության հանդեպ ձևավորված են էքզիստենցիալ սպառնալիքներ, որոնք, ըստ էության, կործանման, պատմական փորձության առջև են կանգնեցրել անկախ պետականությունը, զարմանում ենք, որ հանրության որոշ հատվածներ անտարբեր են դրա նկատմամբ։

Մենք այս 30 տարիների ընթացքում չձևավորեցինք ՀՀ քաղաքացուն, այն քաղաքացուն, որն իրեն պետք է զգար անկախության համար պատասխանատու։ Եթե կուզեք, այս շարժումը, որ սկսվեց, որն անվանվեց «Դիմադրության» շարժում, ես ավելի շատ կանվանեի «Անկախության վերանվաճման շարժում», որովհետև քաղաքացիները, որոնք հավաքվում էին Ֆրանսիայի հրապարակում և մասնակցում էին երթերին, դրանք այն քաղաքացիներն էին, այն հայաստանցիներն էին, որոնք գիտակցում էին, որ իրենց մասնակցությամբ փորձում են վերականգնել, վերանվաճել անկախությունը։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ մենք հիմա Ձեզ հետ միասին անկանատեսն ենք մի պրոցեսի, երբ Հայաստանի քաղաքացիները կամ հայաստանցիները․․․ «քաղաքացի» տերմինը շատերի համար այլ կերպ է ընկալվում, այսինքն՝ որպես ինստիտուտ, այլ ոչ թե որպես քաղաքաբնակ։ Շատերը գիտակցված ընտրություն են կատարել՝ հօգուտ անկախության։ Այսինքն՝ մենք 31 տարի հետո կանգնած ենք սեփական անկախությունը վերանվաճելու պատմական փորձության առջև, և Անկախության հռչակագրի ընդունմամբ, այդ հռչակագրի ընդունման տարեդարձի հետ կապված միջոցառմամբ մենք պետք է առաջ քաշենք ու զարգացնենք այդ թեզը, որ մենք արդեն պետք է գիտակցենք, որ մենք ոչ թե միայն հայաստանցի ենք, այլև ՀՀ քաղաքացի ենք՝ սեփական երկրի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությամբ, սեփական երկրի ճակատագիրը կերտող։

Երբ այս ողջ ընթացքում հնչում էր «մենք ենք տերը մեր երկրի» թեզը, ես առաջարկում էի առաջ քաշել հետևյալ թեզը՝ «Ես եմ տերը իմ երկրի», որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի, որ ինքը իմաստավորված, գիտակցված է ոտքի կանգնել՝ հանուն սեփական պետականության։ «Ես եմ տերը իմ երկրի», հետևաբար ես անձամբ եմ պատասխանատու իմ երկրի ապագայի համար։ Այս կոնտեքստում ես անպայման կմասնակցեմ այդ հավաքին»,- պատասխանեց Խոսրով Հարությունյանը։