Մշակույթ Ներքին 4 տարի առաջ - 20:05 05-06-2022

Սուլթանական կառավարության դեմ պայքարող Թերլեմեզյանը

Փանոս Թերլեմեզյանին բոլորը ճանաչում են որպես նկարիչ։ Սակայն, քչերը գիտեն, որ նա նաև եղել է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման անդամ, ինչի համար հետապնդվել ու 1890 թ. ձերբակալվել է։ Վեց ամիս անց ազատ է արձակվել՝ ապացույցների բացակայության պատճառով։

Գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը 1891 թվականին դատապարտվել է մահապատժի, սակայն 1893 թվականին նրան հաջողվել է բանտից փախչել Իրան, ապա մեկնել Թիֆլիս։ 1895 թվականին Թերլեմեզյանը Սանկտ-Պետերբուրգում ընդունվել է գեղարվեստի դպրոց և այնտեղ սովորել Խրիմյան Հայրիկի նշանակած թոշակով։

1897 թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով նկարիչը մեկնել է էստոնիա։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել և կալանքն անցկացրել է Ռևալի, այնուհետև Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի, Թիֆլիսի, Դիլիջանի ու Երևանի բանտերում։

Փանոս Թերլեմեզյանը հետաքրքիր հուշ ունի գրված Ռևալի բանտում անցկացրած օրերի մասին։ Ռևալը Էստոնիայի մայրաքաղաք Տալիննի հին անվանումն է։ Թերլեմեզյանն իր հուշերում Ռևալը գրում է Ռևել։ Ըստ երևույթին, հիմք ընդունելով արտասանությունը։

Նկարիչը բանտը նկարագրում է ամենայն մանրամասնությամբ.

«Այդ բանտի միջնադարյան շենքը չափազանց ճնշող ու տխուր էր։ Նրա կամերաների պատերը առնվազն մեկ ու կես մետրի չափ հաստ էին։ Պատուհանները թե դրսի և թե ներսի կողմից հաստ երկաթյա վանդակացանցեր ունեին, որոնք կարծես հարամարեցրած էին, որ արդար, բայց իրավազուրկ և հուսահատ բանտարկյալը ինքզինքը կախելու փորձեր աներ։ Պատուհանից քսան քայլ հեռու մի բարձր պատ էր քաշված դրսի աշխարհի և երկնքի հետ բանտարկյալի տեսողական հարաբերությունները արգելակող»։

Փանոս Թերլեմեզյանը բառերով նկարագրելուց բացի բանտի տեսքը նաև պատկերի ձևով հանձնել է թղթին։
Բանտում Փանոս Թերլեմեզյանը տանջվել է ոչ միայն մեկուսացումից, վատ ու դաժան պայմաններից, այլ նաև հոգևոր սննդի պակասից։ Նա իր հուշերում շատ պատկերավոր ներկայացնում է իր վիճակը ու պատմում, թե ինչպես է ստեղծվել իր հայտնի ինքնադիմանկարներից մեկը.

«Ես խորապես տխուր և հոգեպես անհունորեն տանջվում էի` մտածելով` մի՞թե այլևս չպիտի կրնամ շարունակել ուսումս։ Խնդրեցի, որ ինձ գրքեր տան կարդալու։ Միայն Աստվածաշունչ թույլատրեցին կարդալ։ Այդ` հակասություններով լի հրեական պատմության մեջ ամենից ավելի հետաքրքիրը Երգ Երգոցն էր։
Խնդրեցի նույնպես, որ իրեղեններիս մեջ եղած ներկերը ինձ բերեն և թույլատրեն նկարել։ Ներկեր չտվին, ասելով, որ կարող ես ինքդզինքդ թունավորել նրանցով, բայց տվին թուղթ, մատիտ, չինական մելան և գրիչ։ Պահապաններից մեկը ինձ մի կոտրված հայելիի կտոր բերեց, որ ձիու դոշից կախվող հմայիլի մեծություն ուներ։ Ձախ ձեռքով այդ կտորը դես ու դեն տանելով` սկսեցի գլուխս նկարել»։

Վեց ամիս անց Փանոս Թերլեմեզյանին Ռևալից տեղափոխում են Թիֆլիս` լրացուցիչ քննության համար, ապա բանտարկում Մետեխի բանտում։ Ռևալի բանտում անցկացրած վեց ամիսները նկարչի հոգում թողնում են հերթական սպիները, իսկ մեզ` այս տխուր հուշն ու հրաշալի երկու գծանկարները, որոնք այսօր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն