Աջարիան կարող է հետևել Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակին և սկսել Վրաստանի կազմից դուրս գալու գործընթաց, հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի անդամ, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։
Այս կերպ է սենատորն արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, որ երկիրը մասնակցում է Ռուսաստանի դեմ բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։
Ռուս քաղաքական գործիչը վստահ է, որ այդ հայտարարությունը Վրաստանի նախագահն արել է ի պատասխան Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովի նախաձեռնության՝ ինքնահռչակ հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու մասին։
«Ես չեմ բացառում, որ նման իրադարձությունների ֆոնին Աջարիան կարող է հետևել Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակին և սկսել Վրաստանի կազմից դուրս գալու գործընթաց։ Հաշվի առնելով պատմական (թուրքամետ), կրոնական (իսլամական) և աշխարհագրական (ծովային սահմանները Թուրքիայի հետ) հանգամանքները՝ դժվար չէ հասկանալ, որ Անկարան հնարավորությունը բաց չի թողնի հյուսիսարևելյան Սևծովյան տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար՝ Աջարիայի անջատողականների աջակցության միջոցով»,- գրել է սենատորը Telegram-ի իր ալիքում: