Ուղիղ եթեր
Ներքին Միտք 48 րոպե առաջ - 18:00 03-11-2026

Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հանրային հեռուստալիքը հանրության հետաքրքրությունները, շահերը չի արտահայտում, անտարբեր է ազգային, հանրային խնդիրներին, սպասարկում է ՔՊ-ական հետաքրքրություններ, տեղ տալիս ՔՊ-ական դիրքորոշման հանրայնացմանը։ Այսպիսի կարծիք են հայտնել այսօր Ռադիոտան դիմաց ցույցի մասնակիցները։ «Հայաքվե» նախաձեռնությունը բաց նամակ-պահանջ է հանձնել Հանրային հեռարձակողի խորհրդին՝ պահանջելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ «Պահանջում ենք նաև Հանրայինի եթերային քաղաքականության անհապաղ վերանայում և դրա վերադարձ հանրությանը»,- ասված է «Հայաքվեի» նամակ-պահանջում։

Ինչո՞ւ Հ1-ը հանրային չէ և սպասարկում է միայն ՔՊ-ի շահերը։

Առաջին պատճառը այն մեծ թյուրիմացությունն է, թե Հ1-ն աշխատում է պետության փողերով։ Եվ պետության փողերը տնօրինում է Կառավարությունը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Կառավարությունն ինքն է, ապա ինքն է Հ1-ին փող տալիս։ Իսկ ով վճարում է, նա էլ եղանակ է պատվիրում։ Եվ ահա ՔՊ-ն կարծում է, թե Հ1-ը պետք է ծառայի ՔՊ-ին, քանի որ ՔՊ-ական իշխանությունն է նրան փող տալիս։

Իրականում՝ պետությունը փող չունի։ Հայաստանը փող չունի։ ՀՀ կառավարությունը փող չունի։ Չկան պետական փողեր։ Կան հարկատուների միջոցներ, որոնք հավաքում և բաշխում է Կառավարությունը։ Դրանք Փաշինյանի կամ ՔՊ-ի գրպանի փողերը չեն։ Դրանք քաղաքացիների վճարած հարկերն են։ Տվյալ պարագայում՝ Հ1-ը գործում է հարկատուների միջոցներով և ըստ օրենքի՝ պարտավոր է սպասարկել հանրային հետաքրքրությունները, ոչ թե հատվածական մոտեցում ցուցաբերել և միայն ՔՊ-ի պատվերը կատարել։

Պատճառներից մյուսը այն թյուրիմացությունն է, թե օրվա իշխանությունն է որոշում, թե որն է հանրային շահը։ Տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն է որոշում, թե ինչն է կարևոր հանրության համար, և Հ1-ն էլ անդրադառնում է այդ կարևոր բաներին՝ հավատալով, որ իրապես հանրային կարևոր թեմաներին է անդրադարձել։ Ժողովրդավարական աշխարհում վաղուց այսպես չեն մտածում։ Ժողովրդավարական երկրներում ներառականությունը առաջնահերթություն է գրեթե բոլոր ոլորտներում։ Հատկապես՝ Հանրային հեռուստաընկերությունները պարտավոր են անդրադառնալ ոչ միայն իշխանության հաճո թեմաներին, այլև բոլոր թեմաներին, բացառությամբ՝ օրենքով արգելվածների։ Այսինքն՝ Հ1-ը պարտավոր է տեղ տալ բոլորին՝ անկախ այն բանից՝ նրանց դիրքորոշումը համընկնո՞ւմ է ՔՊ-ի տեսակետի հետ, թե՞ ոչ։

Ժողովրդավարական երկրներում հասարակության տարբեր խավերն ու շերտերը ներդաշնակության մեջ են։ Մարդիկ միմյանց տարբերությունից չեն վախենում, չեն խորշում։ Հատկապես քրիստոնեական երկրներում մարդիկ սիրով են վերաբերվում միմյանց։ Եվ ընդդիմախոսների քննադատությունը կամ կարծիքը վտանգավոր չեն համարում։ Եթե Հ1-ի քաղաքականությունը որոշողները ևս սիրով վերաբերվեն հանրությանը, նրա բոլոր շերտերին, մասերին, գույներին, ապա նրանց մտքով էլ չի անցնի ստվերել հանրության համար կարևոր թեմաները, իրադարձությունները, գործիչներին։ Ցավոք՝ ՔՊ-ական չինովնիկների խոսքում ավելի շատ ատելություն կա, ինչն անուղղակի ազդում է նաև Հ1-ի քաղաքականության վրա։

Առջևում նոյեմբերի 9-ն է։ Արդյո՞ք Հ1-ը կանդրադառնա կապիտուլյացիայի թեմային։ Խոսելու են վզի թոկի մասի՞ն, թե՞ տեղ են տալու քաղաքական գործիչներին, փորձագետներին, որոնք հետահայաց կվերլուծեն Փաշինյանի աղետաբեր սխալները, որոնք հանգեցրին պարտությանը, Արցախի օկուպացիային, ՀՀ-ից որոշ հատվածների փաստացի զավթմանը։ Գուցե Հ1-ն այդ օրը ուրախ համե՞րգ է դնելու։ Չկա՞ն արտիստներ, որոնք կհամաձայնեն այդ օրն ուրախ տրամադրություն պարգևել ժողովրդին։

Կարճ ասած՝ Հ1-ը կարող է իրապես հանրային լինել, երբ Փաշինյանը հարգանքով վերաբերվի Հ1-ի մասին օրենքներին, իսկ Հ1-ի ղեկավարները առաջնորդվեն ժողովրդավարական արժեքներով և ժողովրդի հանդեպ սիրով։ Ցավոք՝ այսօր Հանրային հեռուստաընկերությունն իրապես հանրային չէ, ինչի մասին նոյեմբերի 3-ին ահազանգում էին մի շարք հանրային գործիչներ։ Իսկ եթե Հ1-ը, ըստ էության, հանրային չէ, նշանակում է՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ, ՀՀ իշխանությունները հարկատուների միջոցները շփոթում են իրենց գրպանի փողի հետ, հանրային շահը՝ իրենց խմբային, հատվածական շահի հետ։ Իրավիճակը կփոխվի, եթե Հ1-ը հարգի հանրային հետաքրքրությունները, ցավն ու վիշտը, տեղ տա քննադատական խոսքին, իրական ընդդիմադիր ուժերին, օրվա խորհրդին համարժեք ծրագիր ներկայացնի։ Այսպիսի քաղաքականությունը կորակվի ժողովրդական և ժողովրդավարական։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում